Juno զոնդը անհայտ պատճառով կորցրել է Յուպիտերի շուրջը 48-րդ թռիչքի ժամանակ արված պատկերների մեծ մասը

30 հունվարի, 2023  10:17

Juno զոնդը անհայտ պատճառով կորցրել է պատկերների մեծ մասը, որոնք արել էր Յուպիտերի շուրջը 48-րդ անգամ թռչելու ժամանակ: Ինչպես տեղեկացնում է NASA-ն, փորձագետները դեռ չգիտեն, թե դա ինչպես և ինչու է տեղի ունեցել։

Խնդիրն առաջին անգամ նկատվել էր 2022 թ․ դեկտեմբերի 14-ին. երբ սարքը կատարել էր Յուպիտերի շուրջը իր 47-րդ թռիչքը, JunoCam-ը միացնելուց և աշխատանքի պատրաստելուց հետո տեսախցիկի ջերմաստիճանն անսպասելիորեն գերազանցել էր նորման։ Խնդիրը տևել էր 36 րոպե, սակայն այդ ժամանակ գիտնականներին հաջողվել էր ստանալ տեսախցիկով արված գրեթե բոլոր նկարները։

Հունվարի 22-ին Յուպիտերի շուրջը 48-րդ թռչելու ժամանակ գիտնականները կրկին գրանցել են տեսախցիկի աննորմալ գերտաքացում, սակայն այս անգամ խնդիրը տևել է մինչև 23 ժամ, և արդյունքում տեսախցիկի արած առաջին 214 լուսանկարները կորել են։ Ավելի ուշ տեսախցիկի ջերմաստիճանը կանոնակարգվել է, ինչից հետո այն արել է ևս 44 լուսանկար, ներառյալ Յուպիտերի հարավային բևեռի բավականին գեղեցիկ և մանրամասն պատկերը 124,735 կմ հեռավորությունից (լուսանկարի յուրաքանչյուր մեկ պիքսելը 84 կմ տարածք է զբաղեցնում)

Այժմ մասնագետները փորձում են պարզել տեսախցիկի հետ կապված խնդիրների պատճառները: Մարտի 1-ին սարքը պետք է 49-րդ թռիչքը կատարի Յուպիտերի շուրջը, և մասնագետները հույս ունեն, որ այդ ժամանակ տեսախցիկի խնդիրն արդեն շտկված կլինի։

Հետաքրքիր է, որ JunoCam տեսախցիկը գիտական ​​սարք չի համարվում. այն զոնդի վրա տեղադրվել է աստղագիտությունը պոպուլյար դարձնելու նպատակով Յուպիտերի գեղեցիկ լուսանկարներ անելու համար: Սակայն ժամանակի ընթացքում գիտնականները հասկացան, որ այս տեսախցիկով արված պատկերները կարող են օգտակար լինել Յուպիտերի և դրա արբանյակների ուսումնասիրությամբ զբաղվող գիտական ​​հանրության համար:


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ