17.4 տոննա․ SpaceX-ը նոր ռեկորդ է սահմանել՝ տիեզերք բարձրացնելով պատմության մեջ ամենածանր օգտակար բեռը

27 հունվարի, 2023  12:11

Space Exploration Technologies Corporation-ը (SpaceX) նոր ռեկորդ է սահմանել՝ Falcon 9 հրթիռով տիեզերք ուղարկելով պատմության մեջ ամենածանր օգտակար բեռը, տեղեկացնում է Space.com-ը։

Նոր արձակումը տեղի է ունեցել NASA-ի Քենեդու անվան տիեզերական կենտրոնից (Ֆլորիդա) հունվարի 26-ին (Երևանի ժամանակով  13։32-ին)։ Falcon 9 հրթիռը Երկրի ցածր ուղեծիր է բարձրացրել 17,4 տոննա ընդհանուր քաշով բեռ՝ 56 Starlink տեսակի արբանյակ:

Առաջին փուլի հրթիռն անջատվել է թռիչքից մոտ 2 րոպե 30 վայրկյան հետո և սկսել վայրէջքը դեպի Երկիր, իսկ թռիչքից 8 րոպե 40 վայրկյան անց անսխալ վայրէջք է կատարել Ֆլորիդայի ափերի մոտ գտնվող հարթակի վրա:

Առաջին փուլի հրթիռի անջատվելուց անմիջապես հետո օգտակար բեռն արտաքին ազդեցությունից պաշտպանող երկու մասերը անջատվել են հրթիռի ծայրին գտնվող պաշտպանիչ հատվածից և ընկել Ատլանտյան օվկիանոս: SpaceX-ն ասել է, որ մտադիր է վերականգնել դրանք հետագա օգտագործման համար:

Թռիչքից մոտ 55 րոպե անց SpaceX-ը հաստատել է, որ արբանյակները հաջողությամբ դուրս են բերվել ուղեծիր: Այսպիսով, SpaceX-ն արդեն ուղեծիր է ուղարկել մոտ 3800 Starlink արբանյակ։

Ներկայումս SpaceX-ի Falcon 9-ը միջին ծանրության բեռներ տեղափոխող միակ հրթիռն է, որը կարող է նաև վայրէջք կատարել և նորից օգտագործել: Ընկերությունն այն օգտագործում է տարբեր առաքելությունների համար, ինչպիսիք են Starlink արբանյակների արձակումները, տիեզերագնացներին տիեզերք ուղարկելու, Միջազգային տիեզերակայան բեռներ ուղարկելու և այլ առաջադրանքներ կատարելու համար։

Falcon 9 հրթիռի առաջին փուլն օգտագործվել է ութ անգամ։


 
 
 
 
  • Արխիվ