James Webb աստղադիտակում անսարքություն է հայտնաբերվել․ գործիքներից մեկը դադարել է աշխատել

26 հունվարի, 2023  12:20

James Webb տիեզերական աստղադիտակի աշխատանքում խափանում է տեղի ունեցել՝ NIRISS սարքը (մերձակա ինֆրակարմիր տիրույթում պատկերի և անճեղք սպեկտրոգրաֆի ձևավորիչը) դադարել է աշխատել:

Ինչպես տեղեկացնում է NASA-ն, հունվարի 15-ին, երբ մասնագետները փորձել են կապ հաստատել այս սարքի հետ, կապի ուշացման խնդիր է ծագել, ինչը հանգեցրել է դրա ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների։ Ներկայում NASA-ի մասնագետներն ու Կանադայի գործընկերներն աշխատում են անսարքության պատճառը գտնելու ուղղությամբ։ Ըստ տեղեկությունների՝ սարքավորումը չի տուժել, խնդրի պատճառը ծրագրային ապահովման հետ է կապված։

Թեև սարքը հիմա չի կարող օգտագործվել գիտական ​​դիտարկումների համար, այնուամենայնիվ, աստղադիտակի մյուս գործիքները նորմալ աշխատում են։ NIRISS-ի կիրառմամբ գիտական ​​աշխատանքները, որոնք նախատեսված էին առաջիկա օրերին, կվերապլանավորվեն։

NIRISS-ը (Infrared Infrared Imager and Slitless Spectrograph), որը մշակել է Կանադայի տիեզերական գործակալությունը (CSA), կարող է գործել չորս տարբեր ռեժիմներով. այն կարող է գործել որպես տեսախցիկ, երբ աստղադիտակի այլ գործիքներն զբաղված են, կարող է վերլուծել լույսի ազդանշանները փոքր էկզոմոլորակների մթնոլորտն ուսումնասիրելու համար, կարող է ստեղծել բարձր կոնտրաստային պատկերներ, նաև ունի հեռավոր գալակտիկաների որոնման ռեժիմ:

Հիշեցնենք, որ James Webb տիեզերական աստղադիտակն արձակվել է 2021 թ. դեկտեմբերին և գիտական ​​դիտարկումներ է իրականացնում 2022 թ. հուլիսից։ Այս ընթացքում աստղադիտակն արդեն բախվել է խնդիրների և անսարքությունների. NIRISS-ի խնդիրն առաջինը չէ։ Օրինակ՝ օգոստոսին անսարքություն էր առաջացել միջին ինֆրակարմիր տիրույթի գործիքի (MIRI) վանդակավոր անիվի հետ: Քանի որ այս անիվն օգտագործվում է դիտարկման չորս ռեժիմներից միայն մեկում, գիտնականների թիմը որոշեց դադարեցնել այդ դիտարկումները և MIRI-ն օգտագործել միայն մյուս երեք ռեժիմներում:

Նոյեմբերին ինժեներները պարզեցին խնդրի պատճառը և սկսեցին սարքի անվտանգ օգտագործման առաջարկներ մշակել նաև «խնդրահարույց» ռեժիմում:

Բացի դրանից, դեկտեմբերին աստղադիտակի աշխատանքում վթար տեղի ունեցավ և այն երկու շաբաթով անցավ անվտանգ ռեժիմի, ինչի հետևանքով ընդհատվեցին գիտական դիտարկումները։ Ինժեներները խնդիրը վերագրեցին աստղադիտակի կողմնորոշման վերահսկման համակարգում առկա ծրագրային անսարքությանը: Դեկտեմբերի 20-ին, սակայն, աստղադիտակը վերադարձավ բնականոն աշխատանքի։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ