Հայաստանի կառավարությունը խուսափել է Ջավախքում «Արմաթ» լաբորատորիաների ներդրման խնդիրը բարձրացնելուց․ Հայկ Չոբանյան

25 հունվարի, 2023  17:01

Հայաստանի կառավարությունը խուսափել է Ջավախքում «Արմաթ» լաբորատորիաների ներդրման խնդիրը բարձրացնելուց, այսպիսի հարցերը պետք է փորձենք օրակարգային դարձնել մեր և Վրաստանի ղեկավարների հանդիպումների ժամանակ, այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե Վրաստանում մեծ դժվարություններ են առաջանում «Արմաթ» լաբորատորիաների բացման հարցում։

Հայկ Չոբանյանը նշեց, որ թե Ջավախքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրումը «ռազմավարական նշանակություն ունի, ոչ միայն այն պատճառով, որ մեր երեխաները սովորում են ժամանակակից մասնագիտություն, այլև այն պատճառով, որ իրենք մտնում են մի էկոհամակարգի մեջ, որը շատ հայկական է, նաև տեխնոլոգիական է և որոշակի առումով հայապահպան նշանակություն ունի»։

«Ձեր նշած խնդիրը պետք է մենք պետք է հաղթահարենք ոչ միայն մեր և ջավախահայության ուժերով, այլև հաղթահարենք մեր կառավարության մասնակցությամբ։ Եվ այս խնդիրները պետք է փորձենք օրակարգային հարցեր դարձնել մեր և Վրաստանի ղեկավարների հանդիպումների ժամանակ, որպեսզի մենք նմանատիպ խնդիրներ չունենանք»,- ասաց նա։

Մամուլի ասուլիսի այդ հատվածը կարող եք լսել 1.03.23-ից։


Հարցին, թե արդյո՞ք այս պահին կառավարության մակարդակով քայլեր ձեռնարկվում են, ԱՏՁՄ գործադիր տնօրենն ասաց, որ այս պահին չկան նման քայլեր։

«Այս պահին, ո՛չ, չկան կառավարության մակարդակով աշխատանքներ։ Ցավոք պիտի ասեմ, որ թերացել ենք, կառավարության հետ դեռ չենք քննարկել այդ հարցը։ Բայց նախկին շրջանում մենք որոշակի խուսափողականություն ենք նկատել քաղաքականացնելու տեսանկյունից։ Ես ուղղակի այդ դեպքերը հիշում եմ, որ կառավարությունը խուսափում էր այս թեման շրջանառել, բայց ես գտնում եմ, որ, այո՛, մենք պետք է անպայման դա դարձնենք օրակարգային հարց, և մեր կառավարությունը պետք է անպայման մասնակցի։ Քաղաքական տեսանկյունից ինչպես նպատակահարմար կգտնի, ինչպես կանի, չգիտեմ, բայց գոնե դա պետք է իսկապես մտնի Հայաստանի և Վրաստանի կառավարությունների օրակարգ Ջավախքում մեր կողմից «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման հարցը»,- ասաց նա։

Հայկ Չոբանյանի կարծիքով՝ կառավարությունը նաև որոշակի ֆինանսական մասնակցություն կարող է ունենալ այս խնդրում։ «Այդպիսի ծրագրեր կան սփյուռքի տարբեր դպրոցներում, իհարկե, Ջավախքը մենք սփյուռք չենք համարում, որովհետև մարդիկ ապրում են իրենց հայրենի հողի վրա, բայց այնուամենայնիվ պետության առումով այդպիսի ֆորմատ կա, որ Հայաստանից դուրս գտնվող հայկական դպրոցներին աջակցություն է ցուցաբերվում, և մենք գտնում ենք, որ պետք է նաև «Արմաթ» ծրագրով կարողանանք մտնել այս ծրագրի մեջ, և այդ դեպքում մեր համայնքներում «Արմաթ»-ի առաջխաղացմանը ուղղակի մասնակցություն կունենա նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց նա։

Հայկ Չոբանյանը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսում են 50 նոր «Արմաթ» լաբորատորիաներ բացել Հայաստանում, ևս 50-ը՝ արտերկրում։ Հունվարի վերջին Քուվեյթում տեղի կունենա «Արմաթ» լաբորատորիայի բացումը, մարտին ևս մեկ «Արմատ» կբացվի ԱՄՆ-ում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ