Աստերոիդների հանքարդյունահանումը կարող է իրականություն դառնալ շատ շուտով. այս տարի AstroForge ստարտափը նախատեսում է գործարկել տիեզերքում հազվագյուտ մետաղների արդյունահանման առաջին երկու առաքելությունները:
Ինչպես տեղեկացնում է Techcrunch.com-ը, ստարտափի առաջին առաքելությունը կմեկնարկի ապրիլին SpaceX-ի արտադրության Transporter-7-ով: OrbAstro տիեզերական տեխնոլոգիական ընկերության տրամադրած CubeSat 6U արբանյակը կբեռնվի աստերոիդների բաղադրությանը նմանվող հանքաքարի փորձանմուշով: Առաքելության նպատակն է ստուգել, թե որքանով է AstroForge-ի կարողանում հանքանյութերը զտել և մշակել զրոյական ձգողականության պայմաններում։
Երկրորդ առաքելության շրջանակում ընկերությունը կմեկնի տիեզերք՝ տվյալներ հավաքելու նախկինում հայտնաբերված մերձերկրյա աստերոիդի մակերեսի վերաբերյալ, որից ընկերությունը հույս ունի ռեսուրսներ արդյունահանել այս տասնամյակի վերջին:
Տիեզերանավը տիեզերք դուրս կբերվի SpaceX հրթիռով՝ լուսնի վրա վայրէջք կատարելու համար նախատեսված մոդուլի հետ միասին, որը կառուցել է տիեզերական մեկ այլ ստարտափ՝ Intuitive Machines-ը։ AstroForge-ի տվյալներով՝ 100 կիլոգրամանոց տիեզերանավը թռնելու է Լուսնի ուղեծիր՝ այնտեղից դեպի անհրաժեշտ աստերոիդ։
Կալիֆոռնիայի Հանթինգթոն Բիչում տեղակայված AstroForge ընկերությունն անցյալ տարվա մայիսին հայտարարեց, որ 13 միլիոն դոլարի նախնական ֆինանսավորում է ներգրավել Initialized Capital-ի միջոցով: Ստացված միջոցներն ուղղվել են աստերոիդների հանքարդյունահանման տեխնոլոգիաների մշակմանը։
Ընկերությունը նախատեսում է ապագայում աստերոիդներից արդյունահանել և վերամշակել պլատինում խմբի մետաղներ, ինչը կօգնի նվազեցնել դրանց ստացման արժեքը (մեկ գրամի դիմաց 30 դոլարից մինչև 1,5 դոլար) և ածխաթթու գազի արտանետումները, որոնք առաջանում են Երկրի վրա հազվագյուտ երկրային տարրերի արդյունահանման և մշակման հետևանքով։
«Մենք մշակմամբ զբաղվում ենք տեղում՝ մշակելով հենց աստերոիդը: Մենք հանքաքար չենք առաքում Երկիր վերամշակման համար»,- բացատրել է AstroForge-ի գործադիր տնօրեն Մեթյու Գիալիչը:
Երրորդ առաքելության ժամանակ տիեզերանավը վայրէջք կկատարի հետախուզված աստերոիդի վրա։ Իսկ չորրորդ առաքելությունը կփորձի կորզել ու մաքրել աստերոիդից արդյունահանված հանքաքարը և վերադառնալ Երկիր։ Գյալիչի խոսքով, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, չորրորդ առաքելությունը կսկսվի արդեն 2025 թ․ փետրվարին։
Նշենք, որ աստերոիդից երբևէ վերցված նյութի ամենամեծ քանակը կազմել է 250 գրամ: Այժմ այդ բեռը Երկիր է բերվում NASA-ի OSIRIS-REx առաքելության շրջանակում: Ակնկալվում է, որ այն երկիր կհասնի 2023-ի սեպտեմբերի 24-ին։
Մի քանի տարի առաջ մասնագետները աստերոիդների հանքարդյունահանման արդեն մի քանի առաքելություն են կատարել, սակայն դրանցից ոչ մեկը չի հաջողվել։
Մոտ 10 տարի առաջ ստեղծվեց երկու խոշոր ընկերություն՝ Planetary Resources-ը և Deep Space Industries-ը, որոնք ցանկանում էին ներգրավվել աստերոիդների հանքարդյունաբերության մեջ: Այնուամենայնիվ, դրանք երբեք չկարողացան առաքելություններ ուղարկել տիեզերք, և, ի վերջո, երկուսն էլ սնանկացան։
Ըստ Գյալիչի՝ AstroForge-ը դասեր է քաղել այս ընկերությունների ձախողումներից։
«Կարծում եմ, որ ամենամեծ տարբերությունն այստեղ այն է, որ մենք, հիմնականում գործարկման հետ կապված, մեծ առաջընթաց ենք գրանցել վերջին 10-15 տարիների ընթացքում այն պահից ի վեր, երբ այդ երկու ընկերությունները իսկապես գոյություն են ունեցել: Օրինակ՝ հիմա ես կարող եմ վճարել և ճանապարհորդել դեպի Լուսին»,- ասել է նա։
ամիս
շաբաթ
օր