Աստերոիդների հանքարդյունահանումը շուտով կարող է իրականություն դառնալ․ առաջին առաքելությունները նախատեսված են 2023-ին

25 հունվարի, 2023  21:15

Աստերոիդների հանքարդյունահանումը կարող է իրականություն դառնալ շատ շուտով. այս տարի AstroForge ստարտափը նախատեսում է գործարկել տիեզերքում հազվագյուտ մետաղների արդյունահանման առաջին երկու առաքելությունները:

Ինչպես տեղեկացնում է Techcrunch.com-ը, ստարտափի առաջին առաքելությունը կմեկնարկի ապրիլին SpaceX-ի արտադրության Transporter-7-ով: OrbAstro տիեզերական տեխնոլոգիական ընկերության տրամադրած CubeSat 6U արբանյակը կբեռնվի աստերոիդների բաղադրությանը նմանվող հանքաքարի փորձանմուշով: Առաքելության նպատակն է ստուգել, թե որքանով է  AstroForge-ի կարողանում հանքանյութերը զտել և մշակել զրոյական ձգողականության պայմաններում։

Երկրորդ առաքելության շրջանակում ընկերությունը կմեկնի տիեզերք՝ տվյալներ հավաքելու նախկինում հայտնաբերված մերձերկրյա աստերոիդի մակերեսի վերաբերյալ, որից ընկերությունը հույս ունի ռեսուրսներ արդյունահանել այս տասնամյակի վերջին:

Տիեզերանավը տիեզերք դուրս կբերվի SpaceX հրթիռով՝ լուսնի վրա վայրէջք կատարելու համար նախատեսված մոդուլի հետ միասին, որը կառուցել է տիեզերական մեկ այլ ստարտափ՝ Intuitive Machines-ը։ AstroForge-ի տվյալներով՝ 100 կիլոգրամանոց տիեզերանավը թռնելու է Լուսնի ուղեծիր՝ այնտեղից դեպի անհրաժեշտ աստերոիդ։

Կալիֆոռնիայի Հանթինգթոն Բիչում տեղակայված AstroForge ընկերությունն անցյալ տարվա մայիսին հայտարարեց, որ 13 միլիոն դոլարի նախնական ֆինանսավորում է ներգրավել Initialized Capital-ի միջոցով: Ստացված միջոցներն ուղղվել են աստերոիդների հանքարդյունահանման տեխնոլոգիաների մշակմանը։

Ընկերությունը նախատեսում է ապագայում աստերոիդներից արդյունահանել և վերամշակել պլատինում խմբի մետաղներ, ինչը կօգնի նվազեցնել դրանց ստացման արժեքը (մեկ գրամի դիմաց 30 դոլարից մինչև 1,5 դոլար) և ածխաթթու գազի արտանետումները, որոնք առաջանում են Երկրի վրա հազվագյուտ երկրային տարրերի արդյունահանման և մշակման հետևանքով։

«Մենք մշակմամբ զբաղվում ենք տեղում՝ մշակելով հենց աստերոիդը: Մենք հանքաքար չենք առաքում Երկիր վերամշակման համար»,- բացատրել է AstroForge-ի գործադիր տնօրեն Մեթյու Գիալիչը:

Երրորդ առաքելության ժամանակ տիեզերանավը վայրէջք կկատարի հետախուզված աստերոիդի վրա։ Իսկ չորրորդ առաքելությունը կփորձի կորզել ու մաքրել աստերոիդից արդյունահանված հանքաքարը և վերադառնալ Երկիր։ Գյալիչի խոսքով, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, չորրորդ առաքելությունը կսկսվի արդեն 2025 թ․ փետրվարին։

Նշենք, որ աստերոիդից երբևէ վերցված նյութի ամենամեծ քանակը կազմել է 250 գրամ: Այժմ այդ բեռը Երկիր է բերվում NASA-ի OSIRIS-REx առաքելության շրջանակում: Ակնկալվում է, որ այն երկիր կհասնի 2023-ի սեպտեմբերի 24-ին։

Աստերոիդների արդյունահանման նախկին ծրագրերը ձախողվել են


Մի քանի տարի առաջ մասնագետները աստերոիդների հանքարդյունահանման արդեն մի քանի առաքելություն են կատարել, սակայն դրանցից ոչ մեկը չի հաջողվել։

Մոտ 10 տարի առաջ ստեղծվեց երկու խոշոր ընկերություն՝ Planetary Resources-ը և Deep Space Industries-ը, որոնք ցանկանում էին ներգրավվել աստերոիդների հանքարդյունաբերության մեջ: Այնուամենայնիվ, դրանք երբեք չկարողացան առաքելություններ ուղարկել տիեզերք, և, ի վերջո, երկուսն էլ սնանկացան։

Ըստ Գյալիչի՝ AstroForge-ը դասեր է քաղել այս ընկերությունների ձախողումներից։

«Կարծում եմ, որ ամենամեծ տարբերությունն այստեղ այն է, որ մենք, հիմնականում գործարկման հետ կապված, մեծ առաջընթաց ենք գրանցել վերջին 10-15 տարիների ընթացքում այն պահից ի վեր, երբ այդ երկու ընկերությունները իսկապես գոյություն են ունեցել: Օրինակ՝ հիմա ես կարող եմ վճարել և ճանապարհորդել դեպի Լուսին»,- ասել է նա։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ