Ոչ թե IndOS, այլ BharOS. Հնդկաստանում ներկայացվել է ազգային բջջային օպերացիոն համակարգը

25 հունվարի, 2023  19:38

Հնդկաստանը ներկայացրել է իր սեփական բջջային օպերացիոն համակարգը՝ BharOS-ը (Bharat OS-ի կրճատ տարբերակը), որը կարող է փոխարինել Android-ին և iOS-ին։ Հնդկաստանի մի քանի նախարարներ արդեն փորձարկել են նոր օպերացիոն համակարգը։ Ըստ մշակողների՝ այն կարող է տեղադրվել գրեթե ցանկացած սմարթֆոնի վրա։

BharOS-ը, թերևս, չի կարելի ամբողջովին նոր մշակում անվանել. ըստ cnbctv18.com-ի՝ օպերացիոն համակարգը ստեղծվել է բաց կոդով Android նախագծի (AOSP) հիման վրա։ Զարգացման վրա աշխատել են JandK Operations Private Limited-ի (JandKops) մասնագետները՝ հնդկական թվային անկախության ապահովման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է երկրի կառավարության կողմից։

Ներկայումս այս օպերացիոն համակարգը տրամադրվում է այն ընկերություններին և հաստատություններին, որոնք աշխատում են գաղտնի տեղեկությունների հետ և ունեն անվտանգության լուրջ պահանջներ։ Սակայն համակարգը կարող է տեղադրվել նաև սերիական արտադրության բջջային հեռախոսների վրա։

Ծանուցման կարգավորումների, հիմնական էկրանի վիջեթների, մարտկոցի մոնիտորինգի և օպերացիոն համակարգի շատ այլ կարգավորումների մասին մանրամասներ դեռ հայտնի չեն։

Հայտնի է, որ նոր օպերացիոն համակարգում նախապես տեղադրված հավելվածներ չկան. օգտատերերը ստանում են միայն օպերացիոն համակարգը և լիակատար վերահսկողություն հավելվածների կողմից պահանջվող թույլտվությունների նկատմամբ: Սա նշանակում է, որ նոր օպերացիոն համակարգն ունեցող օգտատերերի հեռախոսները չեն ունենա ավելորդ հավելվածներ, որոնք նրանք չեն ցանկանում օգտագործել, բայց չեն էլ կարող ջնջել։

Օգտատերերը հավելվածներին կկարողանան հասանելիություն ստանալ PASS ծառայության միջոցով (Private App Store Services), որտեղ միայն այն հավելվածներն են, որոնք մանրակրկիտ թեստավորում են անցել և համապատասխանում են անվտանգության խիստ չափանիշներին:

BharOS-ը, ինչպես Android-ը, կթարմացվի առցանց, սակայն թարմացումները կներբեռնվեն և կտեղադրվեն առանց օգտատիրոջ միջամտության:

Հիշեցնենք, որ վերջերս հաղորդվել էր, որ Հնդկաստանում կառավարության նախաձեռնությամբ մշակվել է սեփական բջջային օպերացիոն համակարգը, որը կոչվելու է IndOS: Ամենայն հավանականությամբ խոսքը BharOS-ի մասին էր, պարզապես օպերացիոն համակարգի անունն այդ ժամանակ դեռ հայտնի չէր։


 
 
 
 
  • Արխիվ