NASA-ն մտադիր է 2027 թ․ միջուկային էներգիայով աշխատող տիեզերանավ արձակել․ դա կհեշտացնի դեպի Մարս ուղևորությունները

25 հունվարի, 2023  15:15

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) և Պաշտպանության առաջադեմ հետազոտական ​​նախագծերի գործակալությունը (DARPA) հայտարարել են համագործակցության մասին, որի նպատակն է մինչև 2027 թ. միջուկային շարժիչով տիեզերանավ ստեղծել և այն դուրս բերել ուղեծիր։ Սա, ըստ NASA-ի՝ մի քանի անգամ կկրճատի հեռավոր տիեզերք (այդ թվում՝ Մարս) ուղևորությունների վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, ըստ համաձայնագրի՝ NASA-ն կմիանա DARPA-ի Demonstration Rocket for Agile Cislunar Operations (DRACO) ծրագրին, որը մեկնարկել է 2021 թ. տիեզերական հրթիռի համար միջուկային ջերմային շարժիչ մշակելու նպատակով: Այն հեղափոխական տեխնոլոգիա է, որն ԱՄՆ-ին թույլ կտա ընդլայնել մարդկանց մասնակցությամբ ապագա տիեզերական թռիչքների հնարավորությունները:

«NASA-ն կաշխատի մեր երկարամյա գործընկեր DARPA-ի հետ՝ արդեն 2027 թ․ ստեղծելու և ցուցադրելու միջուկային ջերմային շարժիչի առաջադեմ տեխնոլոգիա: Նոր տեխնոլոգիայի շնորհիվ տիեզերագնացները կկարողանան ճանապարհորդել հեռավոր տիեզերք և վերադառնալ ավելի արագ, քան երբևէ, ինչը կարևոր գործոն է Մարս օդաչուավոր առաքելությունների նախապատրաստման համար»,- Ամերիկյան օդագնացության և տիեզերագնացության ինստիտուտի (AIAA) գիտատեխնիկական ֆորումի ժամանակ ասել է NASA-ի գլխավոր գործադիր տնօրեն Բիլ Նելսոնը:

Եռակի արդյունավետ թռիչքներ

Ինչպես նշվում է NASA-ի տարածած մամուլի հաղորդագրությունում, միջուկային ջերմային շարժիչով տիեզերանավը էապես կկրճատի թռիչքի տևողությունը՝ նվազեցնելով տիեզերագնացների համար ռիսկերը երկար առաքելությունների ժամանակ, ինչպիսիք են, օրինակ, մարդու մասնակցությամբ թռիչքները դեպի Մարս:

Ավելի երկար թռիչքները պահանջում են ավելի շատ պաշարներ տեղափոխել և ավելի հուսալի համակարգեր օգտագործել: Ըստ Space.com-ի՝ նոր, ավելի արդյունավետ տրանսպորտային տեխնոլոգիաները NASA-ին կօգնեն իրականացնել լուսնային և մարսյան առաքելություններ: Իսկ ավելի հզոր միջուկային շարժիչների շնորհիվ հնարավոր կլինի տիեզերանավով գիտական ​​հետազոտությունների համար ավելի շատ օգտակար բեռներ տեղափոխել տիեզերք և օգտագործել ավելի հզոր գործիքներ ու կապի ավելի հզոր միջոցներ։

NASA-ի տարածած հաղորդագրությունում նաև նշվում է, որ միջուկային ջերմային շարժիչը երեք կամ ավելի անգամ ավելի արդյունավետ է, քան սովորական քիմիական շարժիչը:

Միջուկային շարժիչը առաջ կմղի մարդուն Մարս ուղարկելու NASA-ի նպատակը

NASA-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Փեմ Մելրոյն ասել է, որ DRACO-ն կարևորագույն մասն է լինելու այն տեխնոլոգիաների գնահատման գործում, որոնք «մեզ կտանեն ավելի հեռավոր արեգակնային համակարգ»։ Նա նաև նշել է, որ իրենց նպատակն է առաջնորդել և մշակել Արեգակնային համակարգում մարդու կողմից հետազոտության և կայուն ներկայության ծրագիր:

«Դա շատ կարևոր նպատակ է: Եվ մենք կարծում ենք, որ այս առաջադեմ տեխնոլոգիաները կլինեն դրա կարևոր մասը։ NASA-ն DARPA-ի հետ համագործակցելու երկար պատմություն ունի այն նախագծերում, որոնք հնարավորություն են տալիս մեր համապատասխան առաքելություններին, ինչպես օրինակ՝ տիեզերքում սպասարկումը: Մեր գործընկերության ընդլայնումը միջուկային շարժիչների համար կօգնի առաջ մղել NASA-ի նպատակը՝ մարդկանց ուղարկել Մարս»,- ասել է նա:

Կողմերի դերն ու պարտականությունները

NASA-ն և DARPA-ն հրապարակել են միջգերատեսչական համաձայնագիրը, որը սահմանում է կողմերից յուրաքանչյուրի դերն ու պարտականությունները։ Ըստ համաձայնագրի՝ NASA-ի Տիեզերական տեխնոլոգիաների վարչությունը կղեկավարի DARPA փորձարարական տիեզերանավի համար միջուկային ջերմային շարժիչի տեխնիկական մշակումը:

Հրթիռի արձակման ողջ փուլի և շարժիչի, ներառյալ ռեակտորի մշակման պատվիրատուն կլինի DARPA-ն, որը կղեկավարի ընդհանուր ծրագիրը, ներառյալ հրթիռային համակարգերի ինտեգրումն ու գնումը, բոլոր տեսակի համաձայնեցումները, պլանավորումը, անվտանգության և պատասխանատվության ապահովումը, ինչպես նաև շարժիչի ընդհանուր հավաքումը ինտեգրումը տիեզերանավին:

Միջուկային շարժիչի գաղափարը ծագել է տասնամյակներ առաջ

Միջուկային շարժիչով հրթիռ կառուցելու տեսլականը նոր չէ, այն տասնամյակների պատմություն ունի: NASA-ի Engine for Rocket Vehicle Application (NERVA) ծրագիրը նպատակ ուներ դեռ 1979-ին տիեզերագնացների մասնակցությամբ դեպի Մարս առաքելություն ուղարկել տիեզերանավով, որը կաշխատեր միջուկային շարժիչով:

Սակայն ծրագիրը չեղարկվել է 1972 թ․ բյուջեի կրճատումների և Սառը պատերազմի սրման մտահոգությունների պատճառով:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ