Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է CES 2023 կոնֆերանսին

13 հունվարի, 2023  14:01

Հայաստանի պատվիրակությունը 172 երկրների ներկայացուցիչների հետ միասին մասնակցում է աշխարհի ամենամեծ և ազդեցիկ տեխնոլոգիական միջոցառմանը՝ CES 2023-ին:

Հունվարի 5-ից 8-ը Լաս Վեգասում անկացվող միջոցառման մասնակիցների թվում են ավելի քան 3200 ընկերություններ: Կոնֆերանսի նպատակն է ներկայացնել բեկումնային տեխնոլոգիաները և համաշխարհային նորարարությունները:

CES-2023-Armenia

Հայաստանի պատվիրակությունը կազմված է 80 մասնակցից, մինչդեռ անցյալ տարի նրանց թիվը 40 էր։ Պատվիրակությունը մեկնել է CES՝ ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Թեքվեյի ընկերության աջակցությամբ։ Պատվիրակության կազմում են ծրագրավորողներ, ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ, ինտերնետ պրովայդեր ընկերությունների ներկայացուցիչներ, թվային մարքեթինգի փորձագետներ։ Մասնակիցների թվում է նաև NEWS.am-ի մարքեթինգով զբաղվող Pradix ընկերությունը։

CES-2023-Armenia

Այս տարվա միջոցառումն առանձնանում է իր առանցքային ելույթներով, որոնց հիմքում է տեխնոլոգիաների ուժը և պոտենցիալը: Հիմնական բանախոսները կներկայացնեն համաշխարհային ոլորտի առաջատարներին և կկիսվեն ինսայդերական նորություններով տեխնոլոգիաների մասին, որոնք փոխում են ամբողջ ինդուստրիան և մեր կյանքը:

Ընդհանուր առմամբ, CES կոնֆերանսի ցուցադրման սրահները զբաղեցնում են ավելի քան 2 միլիոն քառակուսի ֆուտ տարածք: Միջոցառման ընթացքում ցուցադրված պրոդուկտների կատեգորիաները ներառում են 5G, արհեստական ինտելեկտ, բլոկչեյն, կիբերանվտանգություն, թվային առողջություն, լրացված և վիրտուալ իրականություն, մարքեթինգ և գովազդ, քվանտային հաշվարկ, ռոբոտաշինություն և տասնյակ այլ թեմաներ:


 
 
 
 
  • Արխիվ