Twitter-ում ընկերությունների գովազդային ծախսերը նվազել են 71%-ով. արդյո՞ք գովազդատուները հեռանում են Իլոն Մասկի պատճառով

25 հունվարի, 2023  10:20

Twitter-ի եկամուտների մոտ 90%-ը գոյանում է գովազդից։ Այդպես, համենայնդեպս, եղել է մինչև միլիարդատեր Իլոն Մասկի կողմից այս սոցիալական ցանցի ձեռքբերումը։ Սակայն իր հակասական պահվածքով Մասկը վախեցրեց շատ գովազդատուների. արդյունքում Twitter-ի գովազդային ծախսերը, ըստ Standard Media Index-ի (SMI), 2022 թ․ դեկտեմբերին նվազել են մոտ 71%-ով:

Ըստ Reuters-ի՝ 2022 թ․ նոյեմբերին ընկերության գովազդային ծախսերը նախորդ տարվա համեմատ նվազել են 55%-ով, և դա այն դեպքում, որ Ամանորին նախորդող նախատոնական շրջանում ընկերությունները սովորաբար ավելի շատ են ծախսում գովազդի վրա և ավելի ակտիվորեն են գովազդում իրենց արտադրանքը։

Ըստ Pathmatics-ի՝ 30 խոշորագույն գովազդատուներից 14-ը դադարեցրել են համագործակցությունը սոցհարթակի հետ, երբ հոկտեմբերի 27-ին Մասկը ստանձնեց գլխավոր տնօրենի պաշտոնը: Իսկ The Information-ի տվյալներով՝ հոկտեմբերից ավելի քան 500 հաճախորդ է հրաժարվել Twitter-ում գովազդից:

Twitter-ը ջանք չի խնայում գովազդատուների զանգվածային արտահոսքը դադարեցնելու և նրանց հետ բերելու համար: Օրինակ՝ սոցցանցը հանդես է եկել գովազդատուներին հետ բերելու մի շարք նախաձեռնություններով. նրանց առաջարկվել է անվճար գովազդ, ավելի բարենպաստ պայմաններ, վերացվել է քաղաքական գովազդի արգելքը, որը գործում էր 2019-ից, նաև ընկերություններին ավելի մեծ վերահսկողություն է տրվել իրենց գովազդի տեղադրման հարցում։

Առայժմ բոլոր այս միջոցները, սակայն, ոչ մի արդյունք չեն տվել. ըստ The Information-ի՝ հարթակում գովազդների քանակի կրճատման պատճառով 2022 թ․ չորրորդ եռամսյակում Twitter-ի եկամուտը 2021 թ․ համեմատ նվազել է մոտ 35%-ով։

Իսկ Platformer-ի խմբագիրներից Զոի Շիֆերի խոսքով՝ Twitter-ի հասույթը նախորդ տարվա համեմատ նվազել է 40%-ով։ Նախկինում Twitter-ի գովազդային բիզնեսը տարեկան 5 միլիարդ դոլար եկամուտ էր բերում:

Ինչի՞ց են Twitter-ի գովազդատուները դժգոհ

Ըստ Media Matters-ի՝ General Motors-ը, Volkswagen-ը, Carlsberg-ը և շատ այլ ընկերություններ, որոնք միասին 2020-2022 թվականներին Twitter-ում գովազդի վրա ծախսել են ընդհանուր մոտ 2 միլիարդ դոլար, վերջերս դադարեցրել են իրենց գովազդային արշավներն այս հարթակում:

Փորձագետների կարծիքով՝ տեղի ունեցածում իրենց դերն են խաղացել նաև Twitter-ում աշխատողների զանգվածային կրճատումները (ժամանակին ընկերությունն ուներ ավելի քան 7500 աշխատակից, այժմ մնացել է մոտ 2300-ը), ինչի պատճառով շատ գովազդատուներ կորցրել են իրենց կոնտակտային անձանց ընկերությունում և բախվել մի շարք դժվարությունների։ Կան նաև տեխնիկական խնդիրներ, որոնք, իհարկե, նույնպես վանել են գովազդատուներին:

Այնուամենայնիվ, Financial Times-ի փորձագետները կարծում են, որ խոշոր գովազդատուների հեռանալու հիմնական պատճառը ո՛չ տեխնիկական խնդիրներն են և ո՛չ էլ նույնիսկ մարդկանց պակասը, ում հետ այդ ընկերությունները սովոր էին աշխատել, այլ Իլոն Մասկի անձը, որը, ըստ պարբերականի տվյալներով, անձամբ է զանգահարել որոշ ընկերությունների ղեկավարների և «նախատել» նրանց ու կոնֆլիկտներ ունեցել նրանց հետ։

Վերջերս Apple-ը և Amazon-ը ամբողջությամբ վերսկսել են գովազդը Twitter-ում, և Իլոն Մասկը շնորհակալություն է հայտնել նրանց վերադառնալու համար: Երկու ընկերություններն էլ հարթակի խոշորագույն գովազդատուներից են: Amazon-ը, օրինակ, տարեկան մոտ 100 մլն դոլար կծախսի Twitter-ում գովազդի վրա։

Հնարավո՞ր է արդյոք, որ այլ ընկերություններ ևս վերադառնան Twitter: Դա կախված է, հավանաբար, նրանից, թե ինչ է սպասվում այս հարթակին: Եթե ​​Twitter-ը չփակվի կամ չկորցնի իր լսարանի մեծ մասը, հնարավոր է, որ գովազդատուներից գոնե մի քանիսը վերադառնան այս սոցհարթակ։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ