James Webb-ի օգնությամբ ուսումնասիրվել են մոլեկուլային ամպի խորքում սառույցի նստվածքները․ ի՞նչ են բացահայտել գիտնականները

24 հունվարի, 2023  20:26

James Webb տիեզերական աստղադիտակի օգնությամբ գիտնականներն ուսումնասիրել են մոլեկուլային ամպերի քիմիական բաղադրությունը նախքան աստղերի ձևավորումը: Տիեզերական աստղադիտակի թիմի աշխատանքի արդյունքների մասին հայտնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը։

Աստղագետների միջազգային թիմը ներկայացրել է մոլեկուլային ամպի ներսում գտնվող սառցե մասնիկների մինչ օրս արված ամենամանրամասն վերլուծությունը: James Webb-ի դիտարկումները ցույց են տալիս մոլեկուլների կազմը և կոնցենտրացիան, որոնք հիմք են հանդիսանում ապագա էկզոմոլորակների և աստղերի համար:  

Գիտնականներն ուսումնասիրել են Երկրից մոտ 500 լուսատարի հեռավորության վրա գտնվող Քամելեոն I-ի մոլեկուլային ամպի սառը և խիտ շրջանները: Բացի Երկրի համար բնորոշ սովորական ջրային սառույցից, հետազոտողները հայտնաբերել են մեծ թվով տարբեր մոլեկուլների սառեցված ձևեր՝ ածխածնի երկօքսիդից, ամոնիակից և մեթանից մինչև մեթանոլ (մեթիլ սպիրտ)՝ բարդ օրգանական նյութի ամենապարզ ձևը:

Բացի դրանից, հետազոտողները հայտնաբերել են օրգանական մոլեկուլների հետքեր, որոնք ավելի բարդ են, քան մեթանոլը: Թեև աստղաֆիզիկոսները դեռ չեն կարողացել ճշգրիտ որոշել, թե որոնք են այդ մոլեկուլները, սա հստակ ցույց է տալիս, որ համեմատաբար բարդ նախաբիոտիկ օրգանական մոլեկուլները փոշու և գազի ամպերում ձևավորվում են նույնիսկ աստղերի ծնունդից առաջ:

«Մեր ստացած արդյունքները պատկերացում են տալիս միջաստղային փոշու հատիկների վրա սառույցի ձևավորման սկզբնական, քիմիական մութ փուլի մասին, որոնք հետագայում կվերածվեն սանտիմետրի չափ քարերի, իսկ հետո՝ նախամոլորակային սկավառակների»,- ասել է Լեյդենի աստղադիտարանի աստղագետ և ուսումնասիրության համահեղինակ Մելիսա Մըքկլյուրը։

Գիտնականները նշում են, որ նման ցուրտ և խիտ շրջաններում ֆոնային աստղի լույսի մեծ մասն արգելափակված է։ Մոլեկուլային ամպերի բաղադրությունը ուսումնասիրելու համար հետազոտողներին անհրաժեշտ է եղել James Webb-ի զգայուն օպտիկան։ Գիտնականները հայտնաբերել և ուսումնասիրել են մոլեկուլները՝ հիմնվելով այն բանի վրա, թե որքան թույլ է աստղային լույսը կլանվում ինֆրակարմիր ալիքի որոշակի երկարություններում:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ դիտարկման արդյունքները կօգնեն ավելի լավ հասկանալ պարզ և բարդ մոլեկուլների ձևավորումը, որոնք անհրաժեշտ են շինանյութեր ստեղծելու և բնակելի էկզոմոլորակներ ձևավորելու համար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ