GIF22-ի դեմքերը. 5 հարց Մարվին Լիաոյին

29 սեպտեմբերի, 2022  18:02

Մի քանի օրից Երևանը կհյուրընկալի ականավոր գիտնականների, ձեռնարկատերերի, միջազգային առաջատար ընկերությունների և կազմակերպությունների բարձր ներկայացուցիչների «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» 4-րդ Գլոբալ ինովացիոն ֆորումին մասնակցելու համար։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային այս ֆորումի առանցքում արհեստական բանականությունն ու մարդկանց կյանքի վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ քննարկումներն են։

GIF22-ին ընդառաջ NEWS.am Tech-ը զրուցել է ֆորումի բանախոսների հետ։ Ձեզ ենք ներկայացնում ներդրող Մարվին Լիաոյին, ով ներկայում Diaspora Ventures ամերիկյան վենչուրային ընկերության բաժնետեր է և ստարտափերում ներդրումների մեծ փորձ է կուտակել 500 Startups ընկերությունում։ Մարվին Լիաոն կհամակարգի համաշխարհային ներդրումային դաշտում կառուցվածքային փոփոխություններին նվիրված պանել քննարկումը։

Պարոն Լիաո, որո՞նք են լինելու Ձեր կողմից համակարգվելիք քննարկման առանցքային կետերը։

Քննարկումն արհեստական բանականության և վենչուրային կապիտալի ուղղությամբ առկա միտումների մասին է, այն, թե ներկան ու ապագան ինչպիսին կարող են լինել՝ կախված նշյալ ոլորտներում զարգացումներից։ Ընդհանուր առմամբ՝ ես բավականին դրական եմ վերաբերվում տեխնոլոգիաների զարգացմանն ու մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտներում, ինչպես նաև արդյունաբերության բոլոր ճյուղերում արհեստական բանականության ներդրման հեռանկարին։

Կարո՞ղ եք համառոտ ներկայացնել արհեստական բանականության կիրառության առանձնահատկություններն այն ոլորտում, որում Դուք ներկայում աշխատում եք։

Իրականությունն այն է, որ արհեստական բանականությունը շատ լայն եզրույթ է, կան հիմնական գործիքներ, ինչպիսիք են մեքենայական ուսուցումն ու տարբեր ալգորիթմները շատ բարդ կիրառությունների համար։ Կարծում եմ այս եզրույթի չափից ավելի շահարկման պատճառով որոշակի թյուրըմբռնում կա արհեստական բանականության վերաբերյալ: ԱԲ-ն, իմ կարծիքով, աջակցող գործիք է և նախատեսված է տարբեր հավելվածների հիմքում աշխատելու համար: Իսկ ամենամեծ մարտահրավերը հասկանալն է, թե ինչպես են աշխատում դրա հիմքում ընկած ալգորիթմներն ու արդյոք առջևի (front-facing) ինտերֆեյսները կարող են կիրառվել ավելի շատ մարդկանց կողմից: Օրինակ՝ ներկայում օգտատերերը հակված են ավելի շատ լինելու մասնագետներ, և որպեսզի ԱԲ-ն իսկապես ազդեցություն ունենա, UX (User Experience)-ը պետք է շատ ավելի հասանելի լինի բոլորի համար:

ԱԲ ոլորտում ի՞նչ փոխություններ են արձանագրվել վերջին հինգ տարում եւ ի՞նչ պետք է ակնկալել առաջիկա տարիներին։

Կարծում եմ՝ մենք ավելի ու ավելի շատ ենք առնչվում այնպիսի նոր գործիքների հետ, ինչպիսին են Dall-E-ն ու GPT 3-ը, որոնք ԱԲ գործիքներն ավելի հասանելի են դարձնում։ Իմ համոզմամբ՝ մենք առաջիկայում նմանատիպ շատ այլ պրոդուկտների մասին կլսենք, որոնք մեծ կիրառություն կգտնեն։

Ներկայում ո՞րն է արհեստական բանականության ոլորտում ամենամեծ մարտահրավերը։

Բացասական PR-ը, արհեստական բանականության վերաբերյալ բացասական կարծիքները (ինչպես օրինակ, Skynet-ը Տերմինատոր ֆիլմում), ԱԲ-ի շուրջ չափից ավելի աղմուկն ու ակնկալիքները, թե իրականում ինչ է արհեստական բանականությունն ու ինչ կարող է այն անել։ Ես կարծում եմ, որ մենք դեռևս ԱԲ-ի զարգացման սկզբնական փուլում ենք։

Ո՞րն է GIF22-ին մասնակցելու Ձեր հիմնական մոտիվացիան եւ ի՞նչ կարող է շահել լսարանը միջազգային այս ձեւաչափի մասը կազմելով։

Ես բախտ եմ ունեցել մասնակցելու #GIF19-ին, այնպես որ ցանկանում եմ տեսնել, թե ինչ առաջընթաց է գրանցել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը դրանից հետո: Հուսով եմ՝ ֆորումի մասնակիցները կլինեն ոգեշնչված և պատրաստակամ ներդրում ունենալու տեխնոլոգիական արդյունաբերության մեջ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ