IndOS. Հնդկաստանը մշակում է օպերացիոն համակարգ, որը լրջորեն կմրցի Android-ի և iOS-ի հետ

23 հունվարի, 2023  14:25

Հնդկաստանը մշակում է սեփական բջջային օպերացիոն համակարգը, որը պետք է լրջորեն մրցակցի Android-ի և iOS-ի հետ։ Նախնական տվյալներով՝ այն կկոչվի IndOS։ Առայժմ չկան տվյալներ, թե ինչ փուլում է այս օպերացիոն համակարգի մշակումը, երբ այն կարող է մտնել շուկա և ինչ առանձնահատկություններ կունենա։

Ինչպես նշում է Business Standard-ը, նոր օպերացիոն համակարգը երկրի կառավարության, ստարտափների և գիտնականների համատեղ նախաձեռնությունն է։

Հնդիկ պաշտոնյան, ում անունը չի նշվում, ասել է, որ սեփական օպերացիոն համակարգի ստեղծման նպատակն է մրցակցել Google-ի Android-ի և Apple-ի iOS-ի հետ, որպեսզի հնդիկ օգտատերերն ավելի շատ ընտրություն ունենան: Այսօր երկրում բջջային սարքերից օգտվողների մոտ 97%-ն օգտվում է Android-ից:

«Հնդկաստանը բջջային սարքերի ամենամեծ շուկաներից մեկն է աշխարհում: Մեր նպատակն է ստեղծել հնդկական բջջային անվտանգ օպերացիոն համակարգ, որը կարող է ապահովել նաև ընտրություն և մրցակցություն»,- ասել է պաշտոնյան։

Բջջային հեռախոսների հնդկական արտադրողները նույնպես համաձայն են, որ անհրաժեշտ է սեփական օպերացիոն համակարգը ստեղծել։

Մասնագետների կարծիքով՝ նոր օպերացիոն համակարգ ստեղծելու համար, որն իսկապես կկարողանա մրցակցել Android-ի հետ, պետք է ավելին, քան պարզապես ամբիցիաներ և լավ գաղափար: Ի վերջո, շատերը ցանկացան իրենց սեփական օպերացիոն համակարգն ունենալ, և մինչ այժմ ոչ ոքի չի հաջողվել իսկապես մրցունակ բան ստեղծել: Այս առաջադրանքը ձախողեցին նույնիսկ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Nokia-ն, Microsoft-ը և Mozilla-ն:

Samsung ընկերությունը, որին այսօր պատկանում է սմարթֆոնների շուկայի մոտ 20%-ը, ժամանակին նույնպես փորձեց հանրաճանաչ դարձնել սեփական Tizen օպերացիոն համակարգը, սակայն ոչինչ չստացվեց։

Եթե ​​Հնդկաստանը ցանկանում է ստեղծել օպերացիոն համակարգ, որն իրոք կգրավի մեծ թվով օգտատերերի և կմրցի այսօրվա դրությամբ ամենահայտնի երկու հարթակների հետ, ապա ծրագրավորողները պետք է մտածեն բոլորովին նոր, թարմ, բայց միևնույն ժամանակ հարմար բան թե՛ օգտատերերի, թե՛ հավելվածներ մշակողների, և թե՛ սմարթֆոններ արտադրողների համար:

Այս ճանապարհին նաև շատ դժվարություններ կլինեն, քանի որ անհրաժեշտ կլինի մշակել ոչ միայն բուն օպերացիոն համակարգը, այլև դրա համար հավելվածների խանութը (ինչպես App Store-ը կամ Google Play-ը) և ապահովել դրա անվտանգ և անխափան աշխատանքը: Անհրաժեշտ կլինի նաև հավելվածների մշակողներին համոզել, որպեսզի դրանք հարմարեցնեն իրենց արտադրանքը նոր օպերացիոն համակարգին. արա հետ, սակայն, ամենայն հավանականությամբ, խնդիրներ չեն լինի. եթե նոր օպերացիոն համակարգը բավականաչափ տարածված լինի, ծրագրավորողներն իրենք շահագրգռված կլինեն իրենց պրոդուկտը ներկայացնել մեծ թվով օգտատերերի:


 
 
 
 
  • Արխիվ