Հետազոտական համալսարաննե՞ր, թե՞ գիտահետազոտական ինստիտուտներ․ պանելային քննարկում Science & Technology Convergence Conference 2022-ի շրջանակում

30 սեպտեմբերի, 2022  16:30

Գիտությունը ոչնչացնելը շատ հեշտ է, իսկ ահա այն ստեղծելը՝ շատ ավելի դժվար։ Գիտական գործունեության կազմակերպման ոլորտը բարեփոխելիս անհրաժեշտ է գործել շատ զգույշ եւ մտածված։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը։

Համաժողովի շրջանակում տեղի ունեցան պանելային քննարկումներ Հայաստանում հետազոտական բուհերի զարգացման հեռանկարների եւ գիտական ինստիտուտների դերի վերաբերյալ։

Ինչպես նշեց Արամ Պապոյանը, Հայաստանում գիտական գործունեության կազմակերպման մոդելը քննարկելիս պետք է հաշվի առնել պատմական իրողությունները եւ այլ երկրների բացասական փորձը։ Վրաստանում, օրինակ, գիտնականները կարծում են, որ գիտության կազմակերպման բուհական մոդելին անցնելով շատ բան է ավերվել։ Նույնը վերաբերում է Ղազախստանին, որտեղ այժմ մեծ գումարներ են ծախսում գիտությունը վերակենդանացնելու համար։

Արամ Պապոյանի խոսքով՝ Հայաստանում գիտական ինստիտուտների դերն ակնհայտ է։ Մեզ մոտ գիտությունն ավանդաբար կենտրոնացած է եղել գիտահետազոտական ինստիտուտներում, այլ ոչ թե բուհերում։ Այսօր Հայաստանի համար տեխնոլոգիաների զարգացումն ակնհայտ առաջնահերթություն է, քանի որ նման սահմանափակ բնական ռեսուրսներ ունեցող ու շրջափակման մեջ գտնվող երկիրը չի կարող հույսը դնել տնտեսության զարգացման եւ հավելյալ արժեք ստեղծելու այլ ուղու վրա։

Եվ եթե ուզում ենք զարգացնել տեխնոլոգիաները, ապա դրանց հիմքում ընկած է կիրառական գիտությունը, իսկ հիմքերի հիմքում ֆունդամենտալ գիտությունն է։

Հաջորդ հարցը, որ քննարկվեց, նրա խոսքով, գիտահետազոտական ինստիտուտների դերն է բարձրագույն կրթության մեջ, եւ այստեղ լուրջ խնդիրներ կան, բայց դա դեռ չի նշանակում, որ բուհերը գիտական ինստիտուտների հետ միավորելու առաջարկն արդարացված է։ Արամ Պապոյանը նշեց, որ գիտահետազոտական աշխատանքի վրա հիմնված բարձրագույն կրթությունն այսօր ժամանակի պահանջն է։ Իսկ որպեսզի իրենց ոլորտում ակտիվ աշխատող գիտնականները հնարավորություն ունենան աշխատելու ուսանողների հետ, անհրաժեշտ են որոշակի օրենսդրական փոփոխություններ։ Բայց նա դեմ է կտրուկ փոփոխություններին։

«Մենք ինստիտուտում ունենք Սլավոնական համալսարանի բազային ամբիոն, եւ պարզապես պետք է վերցնել այս դրական փորձը, վերլուծել եւ ընդհանրացնել բոլորի համար», - ասաց նա:

Պանելային քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաև հարցին, թե արդյոք անհրաժեշտ է Հայաստանում նման քանակությամբ ինստիտուտներ պահել։ Այստեղ նույնպես Արամ Պապոյանն առաջարկում է գործել զգույշ եւ ամենակարեւորը՝ չշտապել։ Իհարկե, մի քանի ինստիտուտների միաձուլումը կարող է ունենալ դրական կողմեր՝ ավելի արդյունավետ ֆինանսական կառավարում, գործիքային միասնական պարկ եւ այլն։ Բայց կան նաեւ բացասական հետեւանքներ՝ ժամանակավոր պարապուրդ, հնարավոր կոնֆլիկտներ եւ այլն։ Արամ Պապոյանն առաջարկում է նախ փորձել ներգրավել մի քանի ինստիտուտների, որպեսզի միասին աշխատեն պետական մեկ նախագծի շուրջ, համագործակցություն հաստատեն իրար միջեւ, եւ եթե նման ինտեգրացիոն նախագիծը հաջողվի, ապա գնալ միավորման։

«Իհարկե, բարեփոխումներ են պետք ե՛ւ գիտության, եւ՛ կրթության ոլորտներում, բայց դրանք պետք է հիմնված լինեն խորը վերլուծության վրա։ Այս ոլորտում կտրուկ քայլեր անելը սխալ է։ Թող բարեփոխումները մի քանի տարի տեւեն, բայց մենք նորմալ աշխատող կառույց կստանանք», - ասաց նա։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նույնպես կարծում է, որ բարեփոխումներն անհրաժեշտ են, բայց գիտական էկոհամակարգը պետք է պահպանվի, նախկինում ստեղծված բոլոր դպրոցները պետք է պահպանվեն։ Նա օրինակ բերեց վիրուսաբանության ինստիտուտը, որը Հայաստանում փակվեց 2019 թ., իսկ 2020 թ. բռնկվեց կորոնավիրուսի համավարակը։ Կամ մեխանիկայի ինստիտուտում կար աերոդինամիկայի լավ դպրոց, որը լուծարվեց, եւ այսօր այս ոլորտում այնքան մասնագետներ չկան, որ անօդաչու թռչող սարքեր մշակեն։

Ինչ վերաբերում է ինստիտուտների եւ բուհերի համագործակցությանը, ապա այստեղ Արթուր Իշխանյանն առանձնացրեց եւս մեկ հրատապ խնդիր՝ գիտնականների թիվը կտրուկ նվազել է, բնագիտական ֆակուլտետներում ուսանողներն էլ ավելի քիչ են, եւ առաջնահերթ պետք է լուծել այս խնդիրը։

«Հարցին, թե ինչի համար են պետք ակադեմիական ինստիտուտները, ես պատասխանել եմ, որ զուտ փիլիսոփայորեն դրանք անհրաժեշտ են մարդկության զարգացման համար։ Եվ, բնականաբար, խնդիրներին ու մարտահրավերներին արձագանքելու համար», - ասաց նա՝ նկատելով, որ ՀՀ ԳԱԱ-ն ամեն տարի ստանում է փորձաքննության հարյուրավոր հարցումներ, իր փորձագիտական եզրակացությունը տալիս է տարբեր պետական կառույցների, այլ հարց է, որ դա չի գովազդվում։ «Կարծում եմ, որ մենք պետք է ակադեմիական ինստիտուտները վերածենք վերլուծական կենտրոնների», - հավելեց Արթուր Իշխանյանը։


 
 
 
 
  • Արխիվ