2022 թ․ սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները նվազել են 11%-ով

20 հունվարի, 2023  10:30

2022 թ. չորրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները տարեկան կտրվածքով նվազել են 17%-ով, իսկ անցած ամբողջ տարվա ընթացքում՝ 11%-ով՝ կազմելով 1,2 մլրդ սարքից պակաս։ Այս մասին ասվում է տեխնոլոգիաների գլոբալ շուկայի վերլուծությամբ զբաղվող Canalys ընկերության զեկույցում։

Apple-ը ներկայումս զբաղեցնում է շուկայի ամենամեծ մասնաբաժինը` 25%, չնայած պահանջարկի նվազմանը և չինական Չժենչժոուում գտնվող գործարանի արտադրական խնդիրներին։ Այնուամենայնիվ, Apple-ն առաջին տեղը զբաղեցրեց միայն չորրորդ եռամսյակում, իսկ ամբողջ տարվա ընթացքում սմարթֆոնների ամենամեծ մատակարարը Samsung-ն էր, որն  այժմ երկրորդ տեղում է՝ շուկայի իր 20% մասնաբաժնով: Xiaomi-ն պահպանել է երրորդ տեղը, թեև նրա մասնաբաժինը չորրորդ եռամսյակում նվազել է մինչև 11%: Լավագույն հնգյակը եզրափակում են OPPO-ն և vivo-ն՝ համապատասխանաբար զբաղեցնելով շուկայի 10% և 8% մասնաբաժինը:

Ինչպես գրում է Canalys Research-ի վերլուծաբան Ռունար Բյորհովդեն, ողջ 2022 թ․ ընթացքում սմարթֆոնների մատակարարները բախվել են մակրոտնտեսական դժվարին պայմանների, ընդ որում ամբողջ 2022 թ․ և չորրորդ եռամսյակում գրանցվել են վերջին տասնամյակի վատագույն ցուցանիշները: Ընդորում, 2021 թ․ չորրորդ եռամսյակում պատկերը բոլորովին այլ էր և սմարթֆոնների պահանջարկի աճ էր նկատվում։

2022 թ․ տարեվերջին իրավիճակը փոքր-ինչ բարելավվեց Ամանորի տոների շնորհիվ, որոնց ընթացքում արտադրողներին հաջողվեց մի փոքր ավելի շատ սարքեր վաճառել։ Բայց միևնույն ժամանակ ողջ տարվա ընթացքում ցածր և միջին գների սեգմենտների սմարթֆոնների պահանջարկը նվազել է, իսկ չորրորդ եռամսյակում սկսել է նվազել նաև թանկարժեք սարքերի պահանջարկը։

Ինչպես իր հերթին նշել է Canalys Research-ի վերլուծաբան Լե Սյուան ​​Չյուն, մատակարարները զգուշությամբ են մոտենում 2023թ. նրանք այժմ կենտրոնանում են շահութաբերության և շուկայում իրենց մասնաբաժինը պահպանելու վրա: Իսկ շուկայական նոր իրականությանը հարմարվելու համար փորձում են կրճատել ծախսերը։

Canalys-ի կանխատեսումների համաձայն՝ ինֆլյացիոն ճնշումների թուլացման ֆոնին 2023 թ․ սմարթֆոնների շուկան կարող է կայուն կամ փոքր աճ գրանցել։ Մյուս կողմից, ըստ Լե Սյուան ​​Չյունի, շուկայի ներուժի վրա բացասաբար կանդրադառնան տոկոսադրույքների աճը, տնտեսական աճի դանդաղումը և աշխատաշուկայում աճող լարվածությունը։

Counterpoint Research-ի փորձագետների կանխատեսումների համաձայն՝ 2023 ֆինանսական տարում ճկուն (ծալովի) սմարթֆոնների մատակարարումները համաշխարհային շուկայում կարող են աճել մինչև 22,7 միլիոն օրինակ։ Չնայած ճկուն սմարթֆոնները զբաղեցնում են այս շուկայի միայն փոքր մասնաբաժինը, աճը բավականին տպավորիչ կլինի՝ 52%։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ