Ջեյմս Ուեբ հեռադիտակը ցույց է տվել IC 5332 գալակտիկայի աննկատ կառուցվածքները, որոնք անհնար էր տեսնել Հաբլի միջոցով

29 սեպտեմբերի, 2022  15:24

Գիտնականներն ստացել են նոր տվյալներ IC 5332 պարուրաձեւ գալակտիկայի մասին, որը Երկրից հեռու է 29 մլն լուսային տարի։ Գալակտիկայի աննկատ կառույցները տեսնելը հնարավոր է դարձել շնորհիվ Ջեյմս Ուեբ տիեզերական հեռադիտակի միջին ինֆրակարմիր դիապազոնի տեսախցիկի (MIRI), իսկ Հաբլի համար դրանք տեսանելի չէին։

IC 5332 գալակտիկայի տրամագիծը մոտ 66 000 լուսային տարի է, այն մի փոքր ավելի մեծ է Ծիր Կաթինից։ Դրա դիրքը բավական հարմար է դիտարկումների համար. տիեզերական հեռադիտակի օգնությամբ կարելի է դիտել դրա պարուրաձեւ «թեւքերը»։

Թե՛ Հաբլը, թե՛ Ջեյմս Ուեբը լուսանկարել են այս գալակտիկան, բայց դրանք միանգամայն տարբեր են։

hubble.jpg (173 KB)

james-webb-galaxy.jpg (173 KB)

Հաբլի լուսանկարը (վերեւի նկարն է) արվել է Wide Field Camera 3 (WFC3) լայնանկյուն խցիկով, որն աշխատում է ուլտրամանուշակագույն եւ սպեկտրի տեսանելի դիապազոններում։

Ջեյմս Ուեբի լուսանկարը (ներքեւի նկար) արվել է միջին ինֆրակարմիր դիապազոնով՝ շնորհիվ MIRI գործիքի. դա հեռադիտակի միակ գործիքն է, որը զգայուն է սպեկտրի միջին ինֆրակարմիր հատվածի հանդեպ (ալիքների երկարությունը՝ 5-28 կիլոմետր)։ Այս հեռադիտակի մնացած բոլոր գործիքներն աշխատում են, այսպես կոչված, մերձավոր ինֆրակարմիր դիապազոնում։

Հաբլի լուսանկարում  մութ հատվածները բաժանում են գալակտիկայի պարուրաձեւ «թեւքերը», այն դեպքում, երբ Ջեյմս Ուեբի լուսանկարում կարելի է տեսնել ավելի բարդ կառույց՝ ուլտրամանուշակագույնը եւ տեսանելի լույսն ավելի ուժեղ են ցրվում միջաստղային փոշով, քան ինֆրակարմիրը։ Ջեյմս Ուեբի լուսանկարն ինչ-որ բանով նման է գալակտիկայի ռենտգենի, որը ցույց է տալիս նրա կմախքն ու ոսկորները։

Հաբլի լուսանկարում լավ երեւում են փոշու կուտակումները. դրանք ավելի մութ տեղամասեր են, որոնց միջով տեսանելի եւ ուլտրամանուշակագույն լույսը չի կարող թափանցել։ Իսկ Ջեյմս Ուեբի լուսանկարում այդ տեղամասերը «մութ» չեն, քանի որ ինֆրակարմիր լույսն անցնում է դրանց միջով։

Տարբեր լուսանկարներում կարելի է տեսնել տարբեր աստղեր, քանի որ դրանց մի մասն ավելի պայծառ է լուսավորում ուլտրամանուշակագույն կամ տեսանելի, իսկ մյուսները՝ ինֆրակարմիր տիրույթներում։

Գիտնականների խոսքով՝ երկու հեռադիտակների տվյալների համադրումը թույլ է տալիս ստանալ ավելի մանրամասն տեղեկություն IC 5332 գալակտիկայի կառուցվածքի մասին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ