Ինչպե՞ս կապել գիտությունը, տեխնոլոգիաները և բիզնեսը, և ո՞րն է դրանում պետության դերը. Հայաստանում ընթանում է Science & Technology Convergence Conference 2022–ը

28 սեպտեմբերի, 2022  21:10

Գիտության եւ տեխնոլոգիաների կապի հարցում պետությունը երկու դեր ունի. առաջինը՝ չխանգարել, երկրորդը՝ հանդես գալ ռազմավարական նախաձեռնություններով, ընտրել նպատակներ եւ դրանց համար կոնկրետ բյուջե նախատեսել։ Այս մասին Science & Technology Convergence Conference 2022 (STCC) համաժողովի ընթացքում NEWS.am Tech-ի թղթակցի հետ զրույցում ասաց կազմակերպիչներից մեկը՝ SmartGateVC վենչուրային հիմնադրամի համաղեկավար Աշոտ Արզումանյանը։

Նա նշեց, որ պետությանն այսօր լավ է հաջողվում կատարել առաջին դերը, իսկ ահա երկրորդի համար դեռ շատ աշխատանք կա կատարելու։

Աշոտ Արզումանյանը նշեց, որ Science & Technology Convergence Conference 2022 համաժողովի նպատակը մեկ տանիքի տակ ներդրողներին, գործարարներին, պետական հատվածի ներկայացուցիչներին հավաքելն է՝ քննարկելու համար Հայաստանում գիտության զարգացման կարեւոր խնդիրները, տնտեսության եւ գիտության կապի հարցերը, առանձին թիրախային ոլորտներում, մասնավորապես՝ հաշվիչ կենսաբանությունում, ինքնավար համակարգերի վերլուծությունում, ռոբոտոշինության զարգացման նախաձեռնությունների իրականացման խնդիրները եւ այլն։

Նա հավելեց, որ  համաժողովը նաև մի հարթակ է, որտեղ գիտնականները եւ գործարարները կարող են ներկայացնել իրենց տեսակետը պետական պաշտոնյաներին, ինչպես նաեւ լսել, թե իշխանության ներկայացուցիչներն ինչ պատկերացումներ եւ մտահղացումներ ունեն այս ուղղությամբ։

«Պետք է հասկանալ, որ պետությանն այս ամենի համար անհրաժեշտ է մեծ կառավարչական ռեսուրս՝ բարձրորակ կադրերով։ Իսկ մենք գիտենք, որ մեր համակարգում սա խնդիր է, դրա համար էլ կառավարչական որոշումների առաջխաղացումը բավական դժվար է։ Մենք ունենք ե՛ւ պրոֆեսիոնալ կադրերի ներգրավման, ե՛ւ աշխատավարձի բարձրացման, ե՛ւ մրցունակ պետական հատվածի ձեւավորման խնդիր», - ասաց նա։

Որպես համագործակցության հաջող օրինակ, որը հաստատվել է STCC-ի անցած տարվա  համաժողովի շրջանակում (ընթացիկը չորրորդն է), Աշոտ Արզումանյանը նշեց Biosim ընկերության ստեղծումը, որն ԱՄՆ-ում հիմնել է Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Գարեգին Պապոյանը։ Ընկերությունն զբաղվում է հաշվիչ մեթոդների հիման վրա դեղերի ստեղծման հեղափոխական մեթոդներով, եւ դրա գիտական մշակումները կատարում է գիտնականների խումբն այստեղ՝ Հայաստանում։ Նախագծի ներդրողը SmartGateVC հիմնադրամն է։

Համաժողովի համակազմակերպիչ՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Աբրահամյանը NEWS.am Tech-ի թղթակցի հետ զրույցում նշեղ, որ այս համաժողովի նպատակը ինդուստրիալ ընկերությունների հետ գիտական ինստիտուտների համագործակցությունը խթանելն է։

«Հիմնական խնդիրը գիտության եւ ինդուստրիայի միջեւ բացը լրացնելն է, եւ կարեւոր է, որպեսզի գիտության եւ ինդուստրիայի ներկայացուցիչները սկսեն շփվել միմյանց հետ։ Եվ մենք շփման այդպիսի հարթակ ենք տրամադրում ու հրավիրում ենք երկրի բոլոր գիտական ինստիտուտների եւ բուհերի ներկայացուցիչներին»,- ասաց նա։

Խոսքն, ըստ նրա, այն մասին է, որ ինդուստրիալ ընկերությունները ԳՀԻ-ներին պատվիրում են գիտահետազոտական աշխատանքեր եւ վճարում են դրանց դիմաց։ Եվ դա խթանում է թե՛ գիտության, թե՛ արդյունաբերության զարգացումը։

Սերգեյ Աբրահամյանը նշեց, որ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, շնորհիվ այս հարթակի, սերտ համագործակցություն է հաստատել Siemens ընկերության հետ թվային տեխնոլոգիաների ոլորտում, ծածկագրության, արհեստական բանականության կիրառման եւ այլ ոլորտներում։ Այլ օրինակ. անցած տարվա համաժողովից հետո երիտասարդ գիտնականները, որոնք ուսանել են արտասահմանում, վերադարձել են Հայաստան եւ հիմնել նոր լաբորատորիա ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում։

Նա նշեց, որ համագործակցությունը պետական հատվածի հետ առայժմ այնքան էլ լավ չի ստացվում, եւ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի պետությունը ճիշտ ձեւավորի պետպատվերը, եւ համաժողովի պանելային քննարկումներից մեկը նվիրված է լինելու այդ թեմային։ «Մենք հարցեր ենք առաջադրում. ինչպիսի՞ն պետք է լինի պետպատվերը, ո՞վ պետք է կազմի այն, ունի՞ արդյոք պետությունն այնպիսի մարմին, որը կկարողանա ճիշտ ձեւակերպել գիտական խնդիրըները, ո՞վ է գնահատելու կատարված աշխատանքի որակը եւ այլն»,- ասաց նա։

STCC համաժողովի գործընկերոջ՝ «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Շահվերդյանը նշեց, որ այս միջոցառման նպատակը գիտությունը եւ տեխնոլոգիաները, ակադեմիական հանրույթը մասնավորի եւ քաղաքականություն մշակողների հետ կապելն է՝ ավելի մեծ ավելացված արժեքի ստեղծման համար։

Նա նշեց, որ սա դասական համաժողով չէ, որտեղ գիտնականները ներկայացնում են իրենց ձեռքբերումները։ Միջոցառման նպատակը կապերի խթանումն է, հրավիրված են մարդիկ, ովքեր մասնագիտացել են հենց այդ ոլորտում։ Խոսելով այս գործում պետության դերի մասին՝ Տիգրան Շահվերդյանը նշեց, որ Հայաստանում չի ձեւավորվել պետպատվերի համակարգ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿ) ոլորտում։ Օրինակը Ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատանքն է, որը չի կարողանում ծախսել ընդամենը 10 մլն դրամանոց բյուջեն։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ