Հնարավո՞ր է արդյոք, որ Մարսի փոխարեն առաջին կառավարվող առաքելության թիրախ դառնա Վեներան

29 սեպտեմբերի, 2022  10:48

Վեներայի մակերեւույթն այնքան տաք է, որ կարող է հալեցնել կապարը։ Մարդու եւ գրեթե բոլոր կենդանի արարածների համար այս մոլորակի վրա մթնոլորտային ճնշումն առանց վարանելու կարելի է ավերիչ անվանել: Կան նաեւ ծծմբաթթվի ամպեր, որոնք ակնհայտորեն մոլորակն ավելի «հյուրընկալ» չեն դարձնում։ Այնուամենայնիվ, որոշ գիտնականներ պնդում են, որ հենց Վեներան, այլ ոչ թե Մարսը, պետք է դառնա դեպի այլ մոլորակ առաջին կառավարվող առաքելության թիրախը:

Ճիշտ է, տիեզերագնացները չեն կարողանա վայրէջք կատարել Վեներայի վրա՝ հասկանալի պատճառներով անհնար է քայլել այս մոլորակի մակերեւույթին: Բայց մյուս կողմից նրանք կկարողանան մոլորակին նայել տիեզերանավի պատուհաններից։

«Վեներան վատ համբավ ունի, քանի որ նրա մակերեւութային միջավայրը բարդ է,- ասել է Ջոն Հոփկինսի համալսարանի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի աշխատակից դոկտոր Նոամ Այզենբերգը, որը նաև ուսումնասիրությունների նպատակով դեպի Վեներա թռիչքի կողմնակից է,- ՆԱՍԱ-ի ընթացիկ պարադիգմը՝ Լուսնից Մարս թռիչքն է: Մենք փորձում ենք Վեներան ներկայացնել որպես լրացուցիչ թիրախ այդ ճանապարհին», - ասում է նա:

Այզենբերգ՝ խոսքով, կան գործնական փաստարկներ՝ հօգուտ Մարսի վրա վայրէջքի շրջանակում Վեներայի շուրջը թռիչք ներառելու համար, ինչը ՆԱՍԱ-ն հույս ունի իրականացնել մինչեւ 2030-ականների վերջը:

Ինչպես նշում է The Guardian-ը, Վեներան ավելի մոտ է Երկրին, քան Մարսը, եւ դեպի Վեներա թռիչքն ու վերադարձը լիովին կարելի է մեկ տարում իրականացնել, մինչդեռ դեպի Մարս եւ հակառակ ուղղությամբ թռիչքի համար մոտ երեք տարի կպահանջվի:

Բացի դրանից, անցյալ շաբաթ Փարիզում կայացած Միջազգային տիեզերագնացության համաժողովում (IAC) ներկայացված զեկույցի համաձայն, դեպի Վեներա թռիչքը մեծ արժեք կունենար գիտական տեսակետից եւ կարող էր կարեւոր փորձ լինել դեպի հեռավոր տիեզերք երկարատեւ առաքելության համար։ Եվ դա կօգներ ավելի լավ պատրաստվել դեպի Մարս թռիչքին:

venus-surface.jpg (168 KB)

Վեներան այսօր գիտնականներին հետաքրքրում է նաև այն պատճառով, որ այս մոլորակը չափերով, զանգվածով ու Արեգակից հեռավորությամբ շատ նման է Երկրին, եւ գիտնականները ցանկանում են հասկանալ, թե նրա մակերեւույթին պայմաններն ինչու են այդքան դժոխային:

Մի խումբ գիտնականներ պատրաստել են «Հանդիպում աստվածուհու հետ» վերնագրով զեկույց, որում ներկայացրել են իրենց փաստարկներն ու հիմնավորումները դեպի Վեներա հիպոթետիկ առաքելության համար։ Ըստ զեկույցի՝ առաքելության ընթացքում տիեզերագնացները կարող են օգտագործել հեռակառավարվող ամենագնացներ, դրոններ եւ օդապարիկներ՝ Վեներայի գործող հրաբուխներին հետեւելու եւ ջրի ու հին կյանքի նշաններ որոնելու համար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ