2022-ին ԱՄՆ-ում 510 ՉԹՕ-ից 171-ը մնացել են չբացահայտված․ Պենտագոնը զեկույց է հրապարակել

13 հունվարի, 2023  19:39

ԱՄՆ օդային տարածքում 2022 թ․ 510 չբացահայտված թռչող օբյեկտ (ՉԹՕ) է հայտնաբերվել, որոնցից 171-ի դեպքում հնարավոր չի եղել պարզել, թե, ի վերջո, ինչ դա։ Այս մասին ասվում է Պենտագոնի հրապարակած՝ «Չբացահայտված օդային երևույթների մասին տարեկան զեկույցում»։

Զեկույցը պատրաստվել է մի շարք հետախուզական գործակալությունների, այդ թվում՝ համեմատաբար վերջերս ստեղծված Համապարփակ անոմալիաների հետազոտությունների գործակալության (AARO) մասնակցությամբ։ Տվյալները ստացվում են հնարավոր տարբեր աղբյուրներից՝ հետախուզական գործակալություններից, Դաշնային ավիացիոն վարչությունից, օվկիանոսային և մթնոլորտային ազգային վարչությունից, Էներգետիկայի դեպարտամենտից, NASA-ից և այլ գործակալություններից՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական:

Ընդհանուր առմամբ, զեկույցն ընդգրկում է «չբացահայտված օդային երևույթների» 510 կատալոգային դիտումներ, այդպես են այժմ ԱՄՆ-ում անվանում են չբացահայտված թռչող օբյեկտները: Զեկուցված 510 դեպքից, ըստ Ազգային հետախուզության տվյալների, 366-ը գրանցվել է AARO-ի ձևավորումից հետո՝ 2022 թ․ օգոստոսին։ Դրանցից 26-ը ճանաչվել է որպես անօդաչու թռչող սարք, 163-ը եղել են փուչիկներ կամ նման առարկաներ, իսկ վեցը եղել են տարատեսակ խոչընդոտներ, ինչպիսիք են թռչունները կամ ցելոֆանե տոպրակներ, որոնք օդ է բարձրացրել քամին:

Այնուամենայնիվ, նշված թռչող օբյեկտներից 171-ը մնացել են «չբնութագրված և չդասակարգված», ընդ որում որոշ դեպքերում, ըստ զեկույցի, դրանք թռիչքային անսովոր բնութագրեր են ունեցել և պահանջում են հետագա վերլուծություն:

Փաստաթղթում նշվում է, որ դիտարկումների մեծ մասն արել են ԱՄՆ ռազմածովային ուժերն ու ռազմաօդային ուժերը, որոնք տվյալներ են փոխանցել պաշտոնական ուղիներով։ Հաղորդվում է, որ նման երևույթները «շարունակում են սպառնալիք լինել թռիչքների անվտանգության համար և հակառակորդների կողմից հնարավոր տվյալների հավաքագրման համատեքստում»։ Միևնույն ժամանակ, շատ հաշվետվություններում «չկա բավարար մանրամասն տեղեկություն՝ օդային երևույթները հուսալի կերպով նույնականացնելու համար։

UFO.JPG (275 KB)

Լուսանկարը՝ Unsplash.com-ի։

Հետախուզության տվյալներով՝ չբացահայտված երևույթներ շարունակում են գրանցվել այն վայրերում, որտեղ թռիչքները սահմանափակ են։ Ճիշտ է, զեկույցում պարզաբանվում է, որ նման տարածքներում պարզապես կարող են ավելի շատ տեսախցիկներ և հսկողության միջոցներ լինել՝ համեմատած այլ վայրերի հետ, ուստի հենց այդ պատճառով էլ այնտեղ նման դեպքերն ավելի հաճախ են ֆիքսվում։

Զեկույցում նաև նշվում է, որ դիտարկումների վրա կարող են ազդել եղանակային պայմանները, լուսավորությունը և մթնոլորտային ազդեցությունները: Հաշվետվությունները հիմնված են իրադարձությունների վերաբերյալ ականատեսների վերարտադրության և/կամ դիտարկող սարքավորումների, սենսորների տրամադրած տվյալների վրա, որոնք, ընդհանուր առմամբ, ճիշտ են աշխատում և ճշգրիտ տվյալներ են հավաքում նախնական գնահատումների համար: Այնուամենայնիվ, նշվում է, որ զեկույցում զետեղված որոշ դեպքեր կարող են լինել օպերատորի սխալի կամ սարքավորումների խափանման հետևանք:

Պենտագոնի հրապարակած զեկույցում ընդգծվում է, որ մինչ այժմ ամերիկյան ինքնաթիռների հետ չհայտնաբերված թռչող օբյեկտների բախման, ինչպես նաև այդ դիտարկումներն անող մարդկանց առողջության վրա ՉԹՕ-ի ազդեցության դեպքեր չեն գրանցվել։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ