NASA-ն մտադիր է բազմամիլիարդանոց աստղադիտակ կառուցել այլ մոլորակներում կյանք փնտրելու նպատակով

12 հունվարի, 2023  21:07

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) նախատեսում է բազմամիլիարդանոց օպտիկական աստղադիտակ կառուցել, որի գլխավոր նպատակը կլինի 25 հարևան մոլորակներում կյանք փնտրելը և կարժենա 11 մլրդ դոլար։ 

Նոր աստղադիտակի գաղափարն Ամերիկյան աստղագիտական ընկերակցությունում տեղի ունեցած հանդիպմանը ներկայացրել է NASA-ի աստղաֆիզիկայի բաժնի տնօրեն Մարկ Կլամպինը։ Նա նշել է, որ աստղադիտակը, ինչպես James Webb տիեզերական աստղադիտակը, կտեղակայվի L2 կետում (Լագրանժի կետ), որը Երկրից 1,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա է: Սակայն ի տարբերություն James Web-ի՝ այն կնախագծվի այնպես, որպեսզի հնարավոր լինի ռոբոտների միջոցով այն սպասարկել և անհրաժեշտության դեպքում նաև արդիականացնել, ինչի շնորհիվ այն կարող է աշխատել տասնամյակներ շարունակ:

Կլամպինը տեղեկացրել է, որ նոր աստղադիտակի մասին դեռ շատ բան հաստատված չէ, սակայն հայտնի է դրա աշխատանքային անունը՝ Habitable Worlds Observatory (HWO), և եթե ամեն ինչ հաջող ընթանա, այն արդեն կսկսի գործել՝ մոտ 2040-ականներին։

Ինչպես տեղեկացնում է Science.org-ը HWO-ն չի լինի անմիջապես հետո James Web-ից NASA-ի հաջորդ նախագիծը։ Գործակալությունը նախատեսում է 2027-ին գործարկել Nancy Grace Roman Observatory-ն։ Այն 2,4 մետրանոց աստղադիտակ է և տիեզերքում պետք է գտնի մութ էներգիա և էկզոմոլորակներ:

Ինչպե՞ս է ծնվել HWO-ի գաղափարը

Նախքան HWO-ի գաղափարին գալուն, NASA-ն տիեզերքն ուսումնասիրելու նպատակով կառուցվելիք աստղադիտակների մի քանի տարբերակներ է ունեցել, այդ թվում՝ HabEx-ը և LUVOIR-ը։ Նախատեսվում էր, որ HabEx-ը պետք է հիմնված հիմնված 4 մետրանոց միաձույլ հայելու վրա, ինչպես նաև ծաղկանման փոքրիկ տիեզերանավի վրա, որը կարող է ավելի քան 100,000 կիլոմետր հեռանալ աստղադիտակից՝ իր վրա վերցնելու էկզոմոլորակի աստղի լույսը, որպեսզի մոլորակը տեսանելի լինի աստղադիտակի համար:

LUVOIR-ը, որի լայնությունը պետք է հասներ 15 մետրի, նախատեսված էր լինելու ավելի շատ որպես բազմաֆունկցիոնալ աստղադիտարան և հիմնվելու էր JWST-ի հատվածավոր հայելային տեխնոլոգիայի վրա: Թեև հատվածավոր հայելիները չեն կարող այնպիսի հստակ պատկերներ ստեղծել, որքան միաձույլ հայելիները, դրանք կարող են ծալվել, ինչի շնորհիվ բավական մեծ աստղադիտակը հնարավոր է տեղավորել հրթիռում, որպեսզի այն աստղադիտակը տիեզերք դուրս բերի։ Սակայն առաջարկվել է ստեղծել այս երկուսի միջև մի բան ստեղծել, արդյունքում առաջացել է WHO-ի գաղափարը։

Պահպանողական մոտեցում

HWO-ն ստեղծելու համար NASA-ն ավելի պահպանողական մոտեցում կցուցաբերի, որպեսզի խուսափի չափազանց մեծ գումարներ ծախսելուց և ժամանակացույցից հետ ընկնելուց, ինչպես եղել է James Webb-ի դեպքում։ Այդ պատճառով գործակալությունը կօգտվի արդեն մշակված ու պատրաստի կամ արդեն մշակման փուլում գտնվող տեխնոլոգիաներից, ներառյալ հատվածավոր հայելիները, որոնք օգտագործվել են James Webb-ում, ինչպես նաև Roman Space Telescope-ի կորոնագրաֆը՝ աստղադիտակի օպտիկական սարք, որն արգելափակում է աստղի լույսը, որպեսզի երևան մոտակայքում գտնվող էկզոմոլորակները։

nasa telescope habex.jpg (196 KB)

NASA-ն նախատեսում է նաև գործարկել Great Observatories Technology Maturation Program (GOMaP) նախագիծը, որպեսզի կատարելագործի այդ տեխնոլոգիաները HWO-ի, իսկ հետագայում այլ մեծ աստղադիտակների համար նմանատիպ նախապատրաստական աշխատանք կատարելու համար:

Քանի որ HWO-ն աշխատելու է օպտիկական լույսի հետ, որն ունի ավելի կարճ ալիքի երկարություն, քան ինֆրակարմիր լույսը (որը ֆիքսում է James Webb-ը), անհրաժեշտ կլինի, որպեսզի HWO-ն շատ ավելի խիստ վերահսկողություն ունենա հայելու ձևի նկատմամբ: HWO-ի դեպքում պետք է նաև կատարելագործվի Roman Space Telescope-ի կորոնագրաֆը․ HWO-ի կորոնոգրաֆը պետք է դիմագրավի աստղերի, որոնք 10 միլիարդ անգամ ավելի պայծառ են:

Մեկ այլ կարևոր բան, որն ահրաժեշտ կլինի WHO-ին, դա շեղող լույսը ճնշելն է, որի համար կարող է հարկավոր լինել գլանաձև փեղկ աստղադիտակի շուրջը, այնպիսին, ինչպիսին ունի Hubble-ը: Դա կպաշտպանի աստղադիտակի հայելին այնպիսի միկրոերկնաքարերից, որոնք արդեն հարվածել են James Webb-ին: Երկնաքարի հարվածից հայելու մեջ գտնվող յուրաքանչյուր փոս առաջացնում է շեղող լույս, ինչը խանգարում է աստղադիտակի աշխատանքին:

Սպասարկելիությունը՝ առաջնահերթություն

Պարբերականը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ NASA-ն նախատեսում է այս աստղադիտակի սպասարկման և վերանորոգման նպատակով ռոբոտներից բաղկացած առաքելություններ ուղարկել տիեզերք, ինչը կարևոր փոփոխություն է։ Իհարկե, Hubble-ի դեպքում նույնպես դա հնարավոր էր, սակայն դա արվում էր Երկրի ցածր ուղեծրում տիեզերագնացների կողմից, և շատ ծախսատար էր։

Կլամպինն ասել է, որ ապագա առաքելությունների ժամանակ կօգտվեն մասնավոր ընկերությունների ծառայություններից, որոնք ռոբոտներ են կառուցում NASA-ի Artemis լուսնային առաքելությանն օգնելու համար։ Նրա խոսքով՝ սպասարկման նպատակով ռոբոտների կիրառումը HWO-ի ճարտարապետության և փիլիսոփայության մաս է կազմում, քանի որ դրա շնորհիվ հնարավոր կլինի ինչպես երկարացնել աստղադիտակի գործունեությունը, այնպես էլ բարելավել այն՝ անհրաժեշտության դեպքում նոր ու կատարելագործված սարքել դրա վրա տեղադրելով։

Նշենք, որ WHO-ն դեռ գաղափար է, և NASA-ն դեռ պետք է կարողանա Կոնգրեսից ֆինանսավորում ստանա դրա համար։ 


 
 
 
 
  • Արխիվ