Ծիր Կաթինը չի ավարտվում այնտեղ, ուր ընդունված է համարել․ աստղագետները նոր տվյալներ են ստացել

13 հունվարի, 2023  15:35

Ծիր Կաթինի համաստեղությունը չի ավարտվում այնտեղ, որտեղ ընդունված է համարել. մեր գալակտիկայի արտաքին եզրերը փնտրելու ժամանակ աստղագետները հայտնաբերել են 208 աստղ, որոնք կազմում են Ծիր Կաթինի եզրը։ Դրանցից ամենահեռավորը գտնվում է ավելի քան մեկ միլիոն լուսատարի հեռավորության վրա՝ Անդրոմեդայի գալակտիկա հասնելու գրեթե կես ճանապարհին:

Ինչպես տեղեկացնում է Gizmodo.com-ը, Կալիֆոռնիայի Սանտա Կրուզի համալսարանի գիտնականների կողմից հայտնաբերված աստղերը (հայտնի են որպես RR Lyrae տիպի փոփոխական աստղեր), ունեն մի հետաքրքիր առանձնահատկություն. Երկրից դիտելու ժամանակ դրանց պայծառությունը կարող է փոխվել։

Այս աստղերի պայծառությունն ուժեղանում և թուլանում է, ինչի շնորհիվ դրանք կարող են փարոսի դեր կատարել։ Հենց պայծառության այդ փոփոխությունների շնորհիվ էլ հնարավոր է որոշել, թե որքան հեռու են դրանք։

Այս աստղերի հեռավորությունը հաշվարկելուց հետո գիտնականների թիմը պարզել է, որ խմբի ամենահեռավոր աստղը գտնվում է Ծիր Կաթինի և Երկրի ամենամոտ տիեզերական հարևաններից Անդրոմեդայի գալակտիկայի գրեթե մեջտեղում:

«Մենք կարողացել ենք փոփոխական աստղերն օգտագործել որպես հուսալի ցուցիչներ հեռավորությունները որոշելու համար»,- ասել է հետազոտության ղեկավար Յութինգ Ֆենգը, որն աշխատանքի արդյունքները պետք է այս շաբաթ ներկայացնի Սիեթլում տեղի ունենալիք Ամերիկյան աստղագիտական ​​ընկերակցության հանդիպմանը:

milky-way-halo.jpg (152 KB)

Ծիր Կաթինը բաղկացած է մի քանի մասերից, որոնցից հիմնականը մոտ 100,000 լուսատարի տրամագծով բարակ պարուրաձև սկավառակ է։ Մեր արեգակնային համակարգը գտնվում է այս սկավառակի թևերից մեկում: Սկավառակը շրջապատում են ներքին և արտաքին լուսապսակները, որոնք պարունակում են մեր գալակտիկայի ամենահին աստղերից մի քանիսը:

Նախկինում հետազոտողները կարծում էին, որ մեր գալակտիկայի արտաքին լուսապսակի եզրը գտնվում է կենտրոնից մոտ 1 միլիոն լուսատարի հեռավորության վրա: Այնուամենայնիվ, նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ծիր Կաթինի արտաքին եզրը սպասվածից 40,000 լուսատարի հեռու է՝ գալակտիկայի կենտրոնից մոտ 1,04 միլիոն լուսատարի հեռավորության վրա: Հետևաբար, Անդրոմեդայի գալակտիկայի հեռավորությունը նույնիսկ ավելի փոքր է, քան նախկինում ենթադրվում էր:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ