2022-ին հաքերները բլոկչեյնից 3,5 միլիարդ դոլարի կրիպտոարժույթներ են գողացել

12 հունվարի, 2023  12:22

Վերջին տարիներին բլոկչեյն տեխնոլոգիան մեծ ուշադրություն է գրավել մի շարք ոլորտներ հեղափոխելու իր ներուժի և ապակենտրոնացվածության շնորհիվ անվտանգության բարձր ցուցանիշ ունենալու պատճառով։ Սակայն ինչպես ցանկացած տեխնոլոգիա, բլոկչեյնը պաշտպանված չէ հաքերային հարձակումներից․ 2022 թ․ բլոկչեյն համակարգի վրա տեղի ունեցած հարձակումների հետևանքով գողացվել է ընդհանուր 3,5 միլիարդ դոլարի ակտիվ:

Ըստ Slowmist Hacked-ի և Atlas VPN-ի հետազոտողների տվյալների՝ ֆոնդերի մեծ մասը (2 մլրդ դոլար 92 հարձակման ժամանակ) գողացվել է Binance Smart Chain (BSC) էկոհամակարգից և խաչաձև շղթայական կամուրջներից, որոնք փոխանցում են ինչպես տվյալներ, այնպես էլ ակտիվներ տարբեր բլոկչեյն ցանցերի միջև:

Խաչաձև շղթայական կամուրջների վրա տեղի է ունեցել 16 հաքերային հարձակում, որի հետևանքով գողացվել է 1,2 միլիարդ դոլար, BSC-ի վրա՝ 76 հարձակում (գողացվել է 870 մլն դոլար):

Հոկտեմբերին BNBChain-ի վրա հարձակման ժամանակ հաքերը հափշտակել էր մոտ 588 միլիոն դոլար։ Սա դարձել է տարվա երկրորդ ամենամեծ հաքերային հարձակումը: Ethereum-ի էկոհամակարգին նույնպես չի հաջողվել խուսափել հարձակումներից․ 2022-ին տեղի է ունեցել 49 հարձակում, որոնք հանգեցրել են այս կրիպտոարժույթի ավելի քան 500 միլիոն դոլարի վնասի:

Եղել է նաև 48 հարձակում մյուս կրիպտոնախագծերի և հարթակների վրա, որոնց հետևանքով չարագործները գողացել են 370 մլն դոլար: NFT սեգմենտում տեղի է ունեցել 57 հարձակում, ընդհանուր կորուստը կազմել է 90 մլն դոլար։

Հետազոտողները նշում են, որ իրենք հաշվի չեն առել անցյալ տարի FTX կրիպտոբորսայի սնանկացման հետևանքով կրած վնասները,  քանի որ վերջնական գումարը դեռևս հաշվարկված չէ։ Ի դեպ, FTX-ը ավելի քան 5 մլրդ դոլարի ակտիվներ է վերականգնել։

Բլոկչեյնի վրա հարձակումներն աճում են

Slowmist Hacked-ի և Atlas VPN-ի հետազոտողները նշում են, որ չնայած կրիպտոշուկայում ակտիվության համընդհանուր դանդաղեցմանը, անցյալ տարի հաքերները շատ ակտիվ են եղել հատկապես բլոկչեյն տեխնոլոգիաների տարածման պատճառով։

Այսպես, 2022 թ․ ողջ շուկայում գրանցվել է ընդհանուր առմամբ 301 հարձակում, ինչը նշանակում է, որ հարձակումները 2022-ին 27%-ով աճել են 2021 թ․ համեմատ։ Բացի դրանից, չնայած անցած տարվա երկրորդ կիսամյակում հաքերային հարձակումների թվի հարաբերական նվազմանը, դրանց ընդհանուր թիվը տարվա կտրվածքով ռեկորդային է եղել։

Հեղինակները նշում են, որ 2022 թ․ առաջին եռամսյակում բլոկչեյն համակարգի վրա տեղի է ունեցել 79 հարձակում, այսինքն՝ ամենաշատ միջադեպերը, որոնք գրանցվել են մեկ եռամսյակի ընթացքում։ Այս եռամսյակի ընթացքում հարձակվողները գողացել են ավելի քան 1,2 միլիարդ դոլար արժողությամբ կրիպտոարժույթներ:

Այնուամենայնիվ, երկրորդ եռամսյակում հաքերային հարձակումներն աճել են 24%-ով․ գրանցվել է 98 հարձակում, որոնց ժամանակ կիբեռհանցագործները բլոկչեյնից գողացել են ավելի քան 800 միլիոն դոլար՝ ավելի քիչ, քան առաջին եռամսյակում։

Կրիպտարժույթների մեծ մասի գների անկման պատճառով բլոկչեյնի վրա հաքերային հարձակումները զգալիորեն նվազել են՝ երրորդ եռամսյակում հասնելով 56 միջադեպի, ինչը 43%-ով պակաս է երկրորդ եռամսյակի համեմատ: Մինչ կրիպտոշուկան դեռ անկում է ապրում, հաքերներն ու խաբեբաները տարվա վերջին եռամսյակում ավելի շատ սխեմաներ են կիրառել․ նշված ժամանակահատվածում գրանցվել է 68 միջադեպ, որոնց հետևանքով գողացվել է ավելի քան 1 միլիարդ դոլարի ակտիվ։

 


 
 
 
 
  • Արխիվ