James Webb-ը ցույց է տվել, թե ինչպես է Ծիր Կաթինի մեծության հարվածային ալիքը փոխում գալակտիկաների խմբի շուրջ միջավայրը

11 հունվարի, 2023  12:20

Գալակտիկաների բախումներն առաջացնում են հարվածային հսկա ալիքներ, ինչը հանգեցնում է բազմաթիվ հետաքրքիր երևույթների, ընդհուպ մինչև աստղերի և նոր գալակտիկաների ձևավորման: Տիեզերքի ամենապայծառ այդպիսի օբյեկտ է դարձել Ստեֆանի կվինտետի հինգ գալակտիկաների խումբը, որը պատահական չէր հայտնվել James Webb տիեզերական աստղադիտակի առաջին լուսանկարներից մեկում։ Գալակտիկաների այս խմբում տեղի են ունենում յուրահատուկ գործընթացներ, որոնք շատ բան կարող են պատմել աստղերի և գալակտիկաների էվոլյուցիայի մասին։

Ինչպես տեղեկացնում է space.com-ը, Ստեֆանի կվինտետի գալակտիկաների խմբում միայն չորս գալակտիկաներ են սերտ փոխազդեցության մեջ: Դրանցից մեկը՝ NGC 7318b-ը, այս խմբի մեջ թռել է մոտ 800 կմ/վ արագությամբ: Գալակտիկան շրջապատող միջաստղային գազային ամպի բախումը մեկ այլ գալակտիկայի և ամբողջ խմբի գազային ամպի հետ առաջացրել է հարվածային ալիք և ստեղծել է տիեզերական մակարդակի տարբեր տեսակի տուրբուլենտություններ։

stephan's quintet.JPG (39 KB)
Միջաստղային գազային տուրբուլենտության մանրամասն ուսումնասիրության երեք ոլորտներ. Լուսանկարի աղբյուրը՝ ALMA, M. Weiss։

Միջաստղային գազի՝ հիմնականում մոլեկուլային ջրածնի պտույտների և հոսքերի մասին կարելի է դատողություններ անել James Webb-ի ինֆրակարմիր դիտարկումների հիման վրա։ Սառը մոլեկուլային ջրածնի վարքագծի մասին տեղեկություններն ստացվել են ռադիոդիտարկումների շնորհիվ։ Այս կոնկրետ ուսումնասիրությունները լրացվել են ALMA ռադիոաստղադիտակների համալիրի տրամադրած տվյալներով։ Փաստացի James Webb-ի և ALMA-ի տվյալների բազաների համատեղումը հնարավորություն է տվել լույս է սփռել գործընթացների վրա, որոնք ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխանում դրանց։

Հարվածային ալիքի ճակատային հատվածի տարածման հետևանքով առաջացած տուրբուլենտությունները պոկել են հին գազային թաղանթները, ինչը հանգեցրել է այնպիսի հատվածների առաջացման, որտեղ ջրածինն սկսել է ակտիվորեն մասնակցել աստղերի ձևավորման գործընթացներին։

Stephan’s Quintet.jpg (106 KB)
Ստեֆանի կվինտետի գալակտիկաների խումբը։
 

Ուսումնասիրության առարկա տարածքներից մեկում, օրինակ, գիտնականները նկատել են նախաաստղային սկավառակներ և ակնկալում են, որ այս տարածքում նոր գաճաճ գալակտիկա կառաջանա։ Մյուս հատվածներում նկատվում են բոլորովին անհասկանալի գործընթացներ, որոնց ընթացքում միջաստղային գազն անցել է տաքացման և հովացման բազմաթիվ ցիկլեր։ Այս երևույթը դեռ մնում է անհասկանալի և կպահանջի նոր դիտարկումներ։ 

James Webb տիեզերական աստղադիտակը զինված է սպեկտրոմետրերով և, ինչպես նշում է Space.com-ը, կկարողանա Ստեֆանի կվինտետում տեղի ունեցող գործընթացների մասին ավելի ամբողջական պատկեր տրամադրել։ Տաքացած ջրածնի սպեկտրները տվյալներ կտան դրա շարժման արագությունների և վեկտորների մասին։ Օբյեկտի դիտարկումների այս երրորդ բաղադրիչը կտա մանրամասներ, որոնք, եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծ չափով կբացահայտեն այդ երևույթների ֆիզիկան և թույլ կտան էլ ավելի կատարելագործել աստղերի և գալակտիկաների էվոլյուցիայի մոդելները: 


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ