«Ներդրումները դիրքավորում են Հայաստանը». Orion Summit 2023-ը տեղի կունենա հունիսին՝ Նյու Յորքում

10 հունվարի, 2023  13:27

Orion Summit 2023-ը տեղի կունենա աշխարհի ֆինանսական կենտրոնում՝ Նյու Յորք քաղաքում, հունիսի 19-22-ին, «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով:

Ինչպես տեղեկացնում է Orion Worldwide Innovations-ը, միջոցառումը կտևի չորս օր։ Դրա շրջանակում տեղի կունենա գագաթնաժողով, նաև այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին:

Գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների մեկնարկն ազդարարող տեսանյութը հրապարակվել է այսօր՝ Orion Worldwide Innovations-ի պաշտոնական հարթակներում:

«Orion Summit 2022-ի հաջողությունը մեզ վստահություն տվեց ավելի հավակնոտ ծրագրեր կազմելու և իրագործելու ստարտափ էկոհամակարգերի և տնտեսության զարգացման համար: Այս տարի գագաթնաժողովի նպատակն է ստեղծել բանկային ներդրումների միջավայր և խթանել համաշխարհային գործընկերությունը Հայաստանում միաձուլումների և ձեռքբերումների (M&A), կորպորատիվ վենչուրային ֆոնդերի և ընտանեկան գրասենյակների զարգացման միջոցով»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը։

«Orion Summit 2023-ի առաքելությունն է խթանել նորարարության արագ աճը և դիրքավորել Հայաստանն ու հայ ազգը՝ որպես համաշխարհային տնտեսության և հասարակության բարեկեցության ազդեցիկ ուժ, ինչպես նաև դիրքավորել Հայաստանն աշխարհում՝ Թվային Ջուղա ցանցի գործունեության միջոցով: Մենք պատրաստ ենք համագործակցելու և այս ճանապարհն անցնելու պետական ու մասնավոր ընկերությունների հետ»,- նշել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթաժողովը անցկացվել էր Երևանում՝ հունիսի 22-ին: Գիտաժողովի մասնակիցներն էին տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ: Նրանց քննարկումների հիմնական թեմաները վերաբերում էին ստարտափ էկոհամակարգի զարգացմանը. ստարտափների համար ներդրումներ գրավելու և «միաեղջյուրի» կարգավիճակ ձեռք բերելու հարցում աջակցության հնարավորություններն ու տարբերակները, աշխատակիցներին բաժնետերեր դարձնելու (ESOP) և միաձուլումների ու կլանումների (M&A) ծրագրերի դրական և բացասական կողմերը և այլն:

Միջոցառման ժամանակ նաև հայտարարվեց Digital Julfa Network թվային ցանցի ստեղծման մասին: Այս նախաձեռնության նպատակն է համախմբել հայկական մտավոր, տեխնոլոգիական, կոմերցիոն և մշակութային ուժերին, համաշխարհային մասշտաբով վերստեղծել Հայաստանի և հայության տնտեսական և ինտելեկտուալ դիրքավորման հզոր ցանցը։

Մասնակիցների գրանցումը միջոցառմանը ևս նորարարական տեխնոլոգիայով էր իրականացվել. «Քո դեմքը՝ որպես տոմս» հավելվածի շնորհիվ մասնակիցները ստացել էին անձնական կենսաչափական անցագիր, որի միջոցով էլ մուտք էին գործում Orion Summit 2022-ի անցկացման վայր:


 
 
 
 
  • Արխիվ