NASA-ն ստուգում է Orion-ի ջերմային պաշտպանիչ վահանը. Artemis 1 առաքելության ժամանակ այն ​​դիմակայել է մոտ +2700 °C ջերմաստիճանի

10 հունվարի, 2023  10:33

NASA-ի մասնագետները Քենեդու անվան տիեզերական կենտրոնում ստուգում են, թե ինչ վիճակում է Orion տիեզերանավի ջերմապաշտպանիչ վահանը, որը Երկրի մթնոլորտ մուտք գործելու ժամանակ դիմակայել է մոտ 2700 °C ջերմաստիճան տաքության:

Տիեզերանավը, որը 25 օր տևողությամբ Artemis 1 առաքելության շրջանակում թռչել է դեպի Լուսին, պտտվել դրա շուրջը, դեկտեմբերի 11-ին հաջողությամբ վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում։ Դեկտեմբերի 30-ին տիեզերանավը վերադարձվել է Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերական կենտրոն։

Մասնագետները կապամոնտաժեն տիեզերանավի ջերմապաշտպանիչ վահանը և այն կտեղափոխեն այլ հաստատություն՝ հետագա ուսումնասիրության համար։ Մասնագետների թիմերը նաև ստուգում են պարկուճի պատուհանները, ինչպես նաև հետևի կորպուսի պանելների ջերմապաշտպանիչ վահանները, որոնք պաշտպանում է տիեզերանավը և դրա պարունակությունը անբարենպաստ պայմաններում ինչպես տիեզերքում, այնպես էլ Երկրի մթնոլորտ մուտք գործելու ժամանակ, երբ տիեզերանավի վրա ներգործում են բարձր արագությունն ու բարձր ջերմաստիճանը։

NASA-ի տեխնիկները պարկուճի ներսում գտնվող օդի նմուշներ կվերցնեն, նախքան այն սպասարկման անկյուն տեղափոխելը, որտեղ մասնագետները կկարողանան ուսումնասիրել պարկուճի ներսի հատվածը: Տիեզերանավի իջանցքը բացելուց հետո տեխնիկները դուրս կբերեն ներսում գտնվող ավիոնիկայի արկղերը և օգտակար բեռը (տիեզերանավում կան փորձերի համար նախատեսված գործիքներ, այդ թվում՝ օդաչուների մանեկենները, որոնց վրա ճառագայթման սենսորներ կան, անկշռության ցուցիչը, Լեգոյի չորս փոքր ֆիգուրները, Սնուփի անունով խաղալիք շունը և Շոն անունով խաղալիք ոչխարը):

Ավիոնիկայի բլոկի մանրամասն ստուգումներից և փորձարկումներից հետո նախատեսվում է այն նորից օգտագործել Artemis 2 առաքելության համար։

Տիեզերանավի սարքավորումների ապամոնտաժումը կշարունակվի առաջիկա ամիսներին, որի ընթացքում փորձագետները կհեռացնեն տիեզերանավում մնացած վտանգավոր բեռները։

Այնուհետև տիեզերանավը կմեկնի NASA-ի Նիլ Արմսթրոնգի անվան փորձադաշտ՝ հետագա փորձարկումների համար:

Artemis 1 առաքելության ավարտից հետո NASA-ն նախատեսում է գործարկել Artemis 2 առաքելությունը, որը 2024 թ. տիեզերագնացներին Լուսնի ուղեծիր դուրս կբերի, սակայն նրանք վայրէջք չեն կատարի Լուսնի վրա։ Տիեզերագնացները Լուսնի մակերեսին կկարողանան վայրէջք կատարել արդեն 2025 թ.՝ Artemis 3 առաքելության շրջանակում։ 


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ