Հունվարի 10-ին Microsoft-ը կդադարեցնի Windows 8.1-ի աջակցությունը

9 հունվարի, 2023  20:05

2023 թ․ հունվարի 10-ից Microsoft ընկերությունը կդադարեցնի Windows 8.1 օպերացիոն համակարգի աջակցությունը: Սա նշանակում է, որ այսուհետ համակարգի թարմացումները կդադարեցվեն, չի տրամադրվի նաև տեխնիկական աջակցություն։

Microsoft-ը զգուշացնում է, որ հունվարի 10-ից հետո Windows 8.1-ով աշխատող համակարգիչները հարձակումների նկատմամբ կդառնան ավելի խոցելի։ Այդ իսկ պատճառով ընկերությունն օգտատերերին առաջարկում է անցնել Windows 11-ի:

Հիշեցնենք, որ Windows 8.1-ը թողարկվել է 2013 թ․ օգոստոսի 27-ին և եղել է Microsoft-ի ամենաքննադատված օպերացիոն համակարգերից մեկը. օգտատերերը դժգոհում էին անհարմարությունից և դանդաղ աշխատանքից:

Դրանից երկու տարի անց թողարկվեց Windows 10-ը՝ դառնալով Microsoft-ի ամենահաջող արտադրանքներից մեկը. մինչև 2020 թ․ մարտը այն տեղադրվել է ավելի քան 1 միլիարդ համակարգչի վրա: Ներկայումս Windows 10-ը և Windows 11-ը տեղադրված են ավելի քան 1,4 միլիարդ սարքերի վրա:

Ողջ աշխարհում այս տարվա հունվարի դրությամբ, Windows 8.1-ով է աշխատում ավանդական PC համակարգիչների 2,59%-ը։ Այս ցուցանիշով այն Windows-ի 4-րդ ամենատարածված տարբերակն էր, մինչև Windows 11-ն իր ցուցանիշներով գերազանցումից այս օպերացիոն համակարգին։

Վերջերս Microsoft ընկերությունը նաև տեղեկացրել էր, որ 2023 թ․ փետրվարի 14-ին ամբողջությամբ կանջատվի Internet Explorer բրաուզերը։ Microsoft-ը նախկինում հայտարարել էր, որ Internet Explorer-ը կանջատվի Windows-ի թարմացման միջոցով, սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ հին բրաուզերը «կմահանա» Microsoft Edge-ի թարմացումից հետո, ինչը, ընկերության ներկայացուցիչների կարծիքով, կհեշտացնի անցումը նոր բրաուզերին:

Մարդկանց, որոնք դեռ օգտագործում են Internet Explorer-ը, ընկերությունը խորհուրդ էր տվել անցնել Microsoft Edge բրաուզերին՝ իրենց համակարգիչներում հնարավոր խնդիրներից խուսափելու համար նախքան Internet Explorer-ի անջատվելը հեռացնել դրա բոլոր դյուրանցումները (shortcut) և այլ հղումները:

Internet Explorer-ն աստիճանաբար անջատելու իր պլանների մասին Microsoft-ը հայտարարել է դեռևս 2020 թ․։ 2022 թ․ հունիսի 15-ից ընկերությունն արդեն սկսել է բրաուզերի փուլային հեռացման գործընթացը։ Ինչպես արդեն նշվել է, բրաուզերի վերջնական «մահը» տեղի կունենա 2023 թ․ փետրվարի 14-ին։

 


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ