Microsoft-ն իր Office հավելվածներում կկիրառի արհեստական բանականություն, որը կօգնի տեքստեր գրել

9 հունվարի, 2023  16:22

Microsoft կորպորացիան նախատեսում է OpenAI ընկերության մշակած արհեստական ​​բանականության (ԱԲ) տեխնոլոգիաները կիրառել իր Office հավելվածներում, այդ թվում՝ Word-ում, Outlook-ում և PowerPoint-ում, տեղեկացնում The Information-ը` հղում անելով իրազեկ աղբյուրին։

Ենթադրվում է, որ ԱԲ-ի շնորհիվ օգտատերերը կկարողանան իրենց տեքստերում ներառել նաև հուշումների հիման վրա ավտոմատ կերպով գեներացված տեքստերից հատվածներ։ Ի թիվս այլ առաջադրանքների, ԱԲ-ն կարող է օգտագործվել էլեկտրոնային նամակների տեքստեր ստեղծելու համար, որոնք ավտոմատ կերպով գեներացվում են այն տեղեկության հիման վրա, որն օգտատերը կցանկանար փոխանցել նամակն ստացողին:

2019 թ․ Microsoft-ը մեկ միլիարդ ԱՄՆ դոլար է ներդրել OpenAI-ում՝ իր արտադրանքի համար նոր տեխնոլոգիաներ մշակելու նպատակով։ 2021 թ․ ընկերությունը ներկայացրել է Copilot գործիքը, որը ծրագրավորողներին օգնում է OpenAI-ի հետ համատեղ ստեղծած կոդը գրելու համար։

Անցյալ շաբաթ համացանցում տեղեկություններ հայտնվեցին, որ Microsoft-ը կարող է OpenAI-ի ԱԲ-ով աշխատող ChatGPT բոտն օգտագործել հղումների ցանկի փոխարեն Bing որոնողական համակարգում որոնման արդյունքները բնական լեզվով տրամադրելու համար: Նախկին և ներկա աշխատակիցների կարծիքով՝ հնարավոր է, որ ընկերությունը նույն գործիքներն ինտեգրի Microsoft 365 գրասենյակային փաթեթի արդյունավետությունը բարելավելու նպատակով: Աղբյուրներից մեկը The Information-ին հայտնել է, որ ընկերությունը մեկ տարուց ավելի է, ինչ մշակում է էլփոստի և փաստաթղթերի ստեղծման անհատականացված գործիքներ՝ մշակելով մեքենայական ուսուցման մեթոդներ, որոնք հիմնված են հաճախորդների տվյալների վրա:

Պարբերականը պարզաբանում է, որ ԱԲ տեխնոլոգիաների հաջող ներդրման համար անհրաժեշտ է ապահովել մի շարք պայմաններ․ օրինակ՝ ChatGPT-ը միշտ չէ, որ ճշգրիտ արդյունքներ է տալիս, մասամբ այն պատճառով, որ այն անընդհատ չի սկանավորում ինտերնետը նորությունների կամ թարմացումների համար: Եթե ​​ Microsoft-ի ԱԲ-ի օգնությամբ տեքստերի գեներացման գործիքները կեղծ կամ վիրավորական տեղեկություններ տրամադրեն, ապա դրա պատճառով մարդիկ գուցեև չօգտվեն այդ ծառայությունից։

Պետք է նաև ապահովվի անհրաժեշտ գաղտնիություն, որպեսզի հնարավոր լինի ԱԲ-ն ապահով կերպով կարգավորել առանձին հաճախորդների համար, որպեսզի բացառվեն նրանց տվյալների նկատմամբ չարտոնված մուտքի ռիսկերը: Պարբերականի աղբյուրը նշել է, որ Microsoft-ն աշխատում է OpenAI GPT-3 (Generative Pre-trained Transformer 3) և GPT-4 բնական լեզվի մշակման ալգորիթմների գաղտնիության պահպանման մեթոդների վրա:

Բացի դրանից, շատ կարևոր է նաև, որ ԱԲ-ի վրա հիմնված գործիքներն աշխատեն անսխալ, որպեսզի հաճախորդները չվախենան այդ սխալներից և չհրաժարվեն նոր ֆունկցիաներն օգտագործելուց: 


 
 
 
 
  • Արխիվ