2023 ֆինանսական տարում ճկուն սմարթֆոնների համաշխարհային շուկան կարող է աճել 52%-ով

30 դեկտեմբերի, 2022  18:08

Ճկուն սմարթֆոնների առաքումները համաշխարհային շուկայում 2023 թ․ ֆինանսական տարում կարող են աճել 52%-ով՝ հասնելով 22,7 միլիոնի։ Նման կանխատեսում են արել համաշխարհային տեխնոլոգիական շուկայի հետազոտություններով զբաղվող Counterpoint Research ընկերության մասնագետները։

Համաձայն Global Foldable Smartphone Market Forecast զեկույցի՝ 2022 թ․ ֆինանսական տարում ծալովի սմարթֆոնների համաշխարհային առաքումները կկազմեն 14,9 միլիոն միավոր։ Այս տարվա 1-3 եռամսյակում նման սարքերի ընդհանուր առաքումները կազմել են 9,5 մլն միավոր, սակայն 2022-ի վերջին եռամսյակում սպասվում է մատակարարումների անկում, ինչին տնտեսական անկման պայմաններում կնպաստի նաև համաշխարհային գնաճը:

Մինչ օրս ճկուն սմարթֆոնները կազմում են սմարթֆոնների ընդհանուր շուկայի միայն փոքր մասնաբաժինը. «սովորական» մոդելները դեռևս զգալիորեն գերազանցում են դրանց թե՛ պահանջարկով, թե՛ առաջարկով: Սակայն վերջերս ճկուն սարքերը սկսում են իրենց տեղը գրավել ուլտրա-պրեմիում դասի սարքերի սեգմենտում (1000 դոլար արժողությամբ). փորձագետներն ակնկալում են, որ 2023 թ․ դրանց մասնաբաժինը այս դասի սարքերում կաճի մինչև 20%:

2023 թ. այս ոլորտում մրցակցությունը, ըստ փորձագետների, նույնպես կուժեղանա, քանի որ ավելի շատ չինական ընկերություններ կսկսեն ճկուն սարքեր արտադրել։ Մրցակցությունը, ըստ վերլուծաբանների, կհանգեցնի ճկուն սմարթֆոնների գների իջեցմանը։

Այս շուկայում, ամենայն հավանականությամբ, կշարունակի առաջատար լինել Samsung-ը, բայց Honor-ը, Motorola-ն և Xiaomi-ն, անշուշտ, ընկերության համար լուրջ մրցակիցներ կդառնան: Իրենց ճկուն մոդելները, իհարկե, կներկայացնեն նաև Huawei-ը, Oppo-ն և Vivo-ն։ Հնարավոր է, որ Apple-ը նույնպես փորձի մշակել ճկուն սարքեր, թեեւ մասնագետները կոնկրետ տեղեկություններ չունեն ընկերության նման պլանների մասին։

Որոշ փորձագետներ կարծում են, որ ոչ այնքան հեռու ապագայում բոլոր էկրանները ճկուն և ձգվող կլինեն: Իսկ նման էկրաններով սարքերը կունենան մի շարք առավելություններ՝ դրանք կարող են լինել ավելի կոմպակտ (ծալվող և ձգվող) և ավելի դիմացկուն (ամենայն հավանականությամբ, ավելի դժվար կկոտրվեն), դրանք հնարավոր կլինի կրել, ինչպես օրինակ, դաստակի վրա ապարանջան։

Մյուս կողմից, ճկուն և ձգվող էկրաններն ունեն նաև թերություններ. դրանք կարող են բավականաչափ լավ չպաշտպանել սարքի ներսի հատվածն արտաքին ազդեցություններից: Բացի դրանից, դրանք, անշուշտ, կունենան ծալման քանակի սահմանափակումներ, հատկապես սկզբնական ժամանակում: Իսկ դրանց գինը որոշ ժամանակ շատ ավելի բարձր կլինի, քան «սովորական» էկրաններով սարքերի դեպքում։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ