Եվրոպայում կստեղծեն բազմակի օգտագործման անօդաչու տիեզերանավեր՝ ուղեծրում արտադրություն կազմակերպելու համար

29 դեկտեմբերի, 2022  18:38

Լյուքսեմբուրգում գրանցված Space Cargo Unlimited ընկերությունը հայտարարել է, որ Thales Alenia Space ընկերության հետ պայմանագիր է ստորագրել բազմակի օգտագործման անօդաչու տիեզերանավ նախագծելու համար, որը կօգտագործվի ուղեծրում արտադրության համար:

Ինչպես տեղեկացնում է spacenews.com-ը, REV1 կոչվող տիեզերանավն իր առաջին թռիչքը կիրականացնի 2025 թ․ վերջին։ Նման կարճ ժամանակահատվածում նախագծի իրագործումը հնարավոր կլինի անօդաչու սխեմայի շնորհիվ, որը կտրուկ կհեշտացնի նախագծումն ու կառուցումը։

Մեքենայի չափերի տիեզերանավ

«Կոմպակտ մեքենայի չափերով» տիեզերանավը կկարողանա տեղափոխել մինչև 1000 կգ օգտակար բեռ։ Սա շատ ավելին է, քան կարող էր իրեն թույլ տալ նման չափերի օդաչուավոր սարքը, որի սարքավորումների մեծ մասը կենտրոնացած կլինեին օդաչուների առողջության և կյանքի պաշտպանության վրա: Այնուամենայնիվ, REV1-ի ներսում կլինի որոշակի ճնշում, որն անհրաժեշտ է արտադրության և փորձերի անցկացման համար, այդ թվում՝ կենսանյութերով:

Արտադրական գործընթացները և գիտական ​​փորձերը տեղի կունենան REV1-ը մերձերկրյա ցածր ուղեծրում ավտոմատ գործող ուղեծրային կայանի հետ միակցելուց հետո: Կայանը նույնպես նախագծում է Thales Alenia Space կոնցեռնը։ Արևային մարտկոցների և էլեկտրական հրթիռային շարժիչների շնորհիվ կայանը կկարողանա ուղեծրում մնալ մոտ 10 տարի, դա REV1-ի մոտ 20 առաքելություն է:

Այնուամենայնիվ, փորձեր և արտադրություն, անշուշտ, կարող են կազմակերպվել նաև առանց ուղեծրային կայանի հետ տիեզերանավը միակցելու, հատկապես, որ Space Cargo Unlimited-ը խոստանում է նման գործունեություն սկսել արդեն Thales Alenia Space-ի հետ պայմանագրի առաջին փուլում:

«Տիեզերական ավտոտնակ»

Արտադրության և փորձերի ավարտից հետո REV1-ը կմտնի մթնոլորտ և աշխատանքի իր պտուղները պարաշյուտով կուղարկի Երկրի մակերես:

Space Cargo Unlimited-ը վստահեցնում է, որ իրենք արդեն նախնական պայմանավորվածություններ ունեն արդյունաբերական հիմունքներով ուղեծրում աշխատանքներ իրականացնելու համար։ Ընկերությունը խոստանում է այս մասին ավելին պատմել տիեզերանավի առաջին մեկնարկին մոտ ժամանակահատվածում։

Ըստ spacenews.com-ի՝ դրանք կարող են լինել պայմանագրեր դեղագործական ընկերությունների, տիեզերական համակարգերի մշակողների և բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրված են միկրոգրավիտացիոն պայմաններում արտադրությամբ և կենսաբանությամբ:

Տիեզերանավերը վերանորոգելու և վերականգնելու ու նոր արձակումներին նախապատրաստելու համար Թուրինում կստեղծվի «տիեզերական ավտոտնակ»։ Ըստ աղբյուրի՝ հավանաբար հենց այնտեղ էլ կիրականացվի տիեզերանավի բեռնումն ու բեռնաթափումը։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ