Չինաստանը կկառուցի Ասիայի ամենամեծ օպտիկական աստղադիտակը

29 դեկտեմբերի, 2022  16:14

Պեկինի համալսարանը ներկայացրել է Ասիայի ամենամեծ օպտիկական աստղադիտակի կառուցման ծրագրերը: EAST անունով (Expanding Aperture Segmented Telescope) աստղադիտակը կկառուցվի երկու փուլով` հատվածավոր հայելիներից, որոնք նման են NASA-ի James Webb տիեզերական աստղադիտակում օգտագործված հայելիներին: Նախագծի նպատակն է մինչև 2024 թ ստեղծել 6 մետր բացվածքով նախնական աստղադիտակ, որի գլխավոր հայելին մինչև 2030 թ․ կընդլայնվի մինչև 8 մ:

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, տիեզերքում աստղադիտակների հայտնվելուց հետո թվում էր, թե ցամաքային օպտիկական աստղադիտակների դարաշրջանը կարող է ավարտվել: Բայց դա այդպես չէ: Երկրից դիտումների հիմնական խոչընդոտը մթնոլորտն է, սակայն այս խնդրի հաղթահարումն էապես հեշտացել է հարմարվողական օպտիկայի հայտնվելու շնորհիվ։ Երկրի վրա հնարավոր է նաև կառուցել բավականին մեծ աստղադիտակներ, որոնք, սակայն, երկար ժամանակ չեն կարողանա տիեզերք ուղարկել։ Վերջապես, աստղադիտակների սպասարկման և վերանորոգման խնդիրը համեմատաբար հեշտ է լուծել ոչ թե տիեզերքում, այլ ցամաքային պայմաններում:

EAST աստղադիտակը կկառուցվի Տիբեթյան բարձրավանդակում՝ 4200 մ բարձրության վրա։ Կառուցումը տեղի կունենան երկու փուլով, որպեսզի այս աստղադիտակը հնարավորինս շուտ սկսի աշխատել, ուստի հիմնական հայելին բաղկացած կլինի վեցանկյուն հատվածներից։ Առաջին փուլում հայելին կազմված կլինի 18 հատվածից և տրամագիծը կկազմի 6 մ, իսկ երկրորդ փուլում արտաքին եզրագծի երկայնքով կավելացվի ևս 18 հատված և հայելու չափը կավելացվի մինչև 8 մ:

china_teleskop_01.jpg (78 KB)

Աստղադիտակի կառուցման երկփուլային մոտեցման շնորհիվ աստղադիտակը կկարողանա իր աշխատանքն սկսել արդեն 2024 թ․։ Շինարարության ավարտը նախատեսվում է 2030 թ․։ Աշխատանքի համար կպահանջվի 69-84 մլն դոլար, աղբյուրը չի նշում՝ աստղադիտակը կունենա՞ հարմարվողական օպտիկա, թե ոչ։

Նոր աստղադիտակը կօգնի Չինաստանին զարգացնել հարյուրավոր, եթե ոչ հազարավոր նոր տեխնոլոգիաներ՝ նյութերի մշակումից մինչև աստղադիտակով ստացված տեղեկատվության մշակման համակարգեր:

Հայելու ընդհանուր մակերեսով օպտիկական աստղադիտակներից Երկրի վրա գտնվող ամենամեծը Very Large Telescope-ն է։ Չիլիում գտնվող աստղադիտակը չորս առանձին 8,2 մետրանոց և չորս օժանդակ 1,8 մետրանոց օպտիկական աստղադիտակների համալիր է, որոնք միավորված են մեկ համակարգում։ Այն նաև ունի ամենաբարձր լուծաչափն աշխարհում:

Հիշեցնենք, որ վերջերս Չինաստանը աշխատանքային պայմաններում փորձարկել է նոր սերնդի ռենտգենյան աստղադիտակի նախատիպը (LEIA), որի հիման վրա կառուցվելիք աստղադիտակը, ըստ չինացի գիտնականների պնդումների, կգերազանցի NASA-ի լավագույն անալոգին:

Այս տարվա դեկտեմբերին Չինաստանում մասնավոր ընկերություններից մեկը մեթանային վառելիքով աշխատող աշխարհում առաջին ուղեծրային հրթիռն էր փորձարկել, սակայն այն ձախողվել էր, իսկ հրթիռում տեղադրված չինական արտադրության 14 արբանյակները կորել էին։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ