Զանգվածային խափանում Twitter-ում. ողջ աշխարհում առնվազն 15,000 օգտատեր չի կարողացել մուտք գործել հարթակ

29 դեկտեմբերի, 2022  10:30

Twitter-ում զանգվածային խափանում է տեղի ունեցել, որի պատճառով ողջ աշխարհում առնվազն 15,000 օգտատեր չի կարողացել մուտք գործել սոցցանց կամ օգտագործել դրա հիմնական գործառույթները:

Ինտերնետ ծառայությունների և կայքերի խափանումները վերահսկող Downdetector հայտնի ռեսուրսի տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 28-ին Twitter-ի հետ կապված խնդիրներից ԱՄՆ-ից բողոքել է ավելի քան 10,000 օգտատեր, մոտ 2500 օգտատեր՝ Ճապոնիայից և 2500՝ Մեծ Բրիտանիայից: Երեկոյան արդեն բողոքների թիվը նվազել է։

Խափանման ժամանակ որոշ օգտատերեր չեն կարողացել մուտք գործել իրենց օգտահաշիվներ PC համակարգիչներից և նոութբուքներից, բջջային հավելվածով սոցցանց մուտք գործելու ժամանակ ևս խնդիրներ են եղել։ Որոշ օգտատերեր մուտք գործելու փորձի ժամանակ ծանուցում են ստացել, որ սոցցանցում խնդիր կա, նրանց նաև խորհուրդ է տրվել կրկին փորձել։

Twitter-ը դեռ չի պատասխանել լրագրողների հարցումներին: Պլատֆորմի նոր սեփականատեր Իլոն Մասկը, ի պատասխան օգտատերերի բողոքների, իր էջում հակիրճ է արձագանքել. «Ինձ մոտ այն աշխատում է»:

Twitter-ում հնարավոր տեխնիկական խնդիրների մասին վերջերս շատ փորձագետներ են կանխատեսումներ անում։ Քանի որ սոցցանցի նոր սեփականատեր Իլոն Մասկը ընկերությունը ձեռք բերելուց հետո աշխատանքից ազատեց անձնակազմի գրեթե երկու երրորդին, ներառյալ լավ ինժեներներին, հարթակը խոցելի է դարձել խափանումների և հաքերային հարձակումների համար: Ընկերությունում շատ քիչ աշխատակիցներ են մնացել և նրանք ֆիզիկապես չեն կարողանում կատարել աշխատանքի ողջ ծավալը։

Փորձագետները կանխատեսել են նաև օգտատերերի տվյալների անվտանգության հետ կապված խնդիրներ, և նման խնդիրներ արդեն սկսվել են. վերջերս չարագործները հաքերների ֆորումներից մեկում տեղադրել էին Twitter-ի՝ 2021 թ․ դեկտեմբերին գողացված ավելի քան 5,4 միլիոն օգտատիրոջ տվյալները, իսկ ավելի ուշ հրապարակել 400 միլիոն օգտատիրոջ տվյալները։ Վերջին տվյալների բազայի մասին հաքերային ֆորումում գրառում արած չարագործը նույնիսկ շանտաժի էր ենթարկում Իլոն Մասկին և նրան առաջարկում էր շտապ գնել այդ տվյալները, որպեսզի խուսափի դատական ​​գործերից և տուգանքներից, նախքան ուրիշը կգնի դրանք:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ