Ռուս աստղագետները գալակտիկաների նոր դաս են հայտնաբերել

28 դեկտեմբերի, 2022  20:47

Կազանի դաշնային համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աստղագետները հայտնաբերել են ակտիվ միջուկներով մոտ 500 գալակտիկաներ, որոնք ունեն արտասովոր հատկություններ: Դրանց յուրահատկությունը անսպասելիորեն մեծ սեփական շարժումներն են։

Գալակտիկաների նոր դասը հնարավոր է եղել հայտնաբերել ռենտգենյան ճառագայթներ արձակող տիեզերական օբյեկտների կատալոգի վերլուծության ժամանակ։ Այս կատալոգը ներառում է 173 հազար աստղ և ստեղծվել է eROSITA աստղադիտակի ստացած տվայլների վրա։ 2019 թ․, տիեզերք դուրս բերված eROSITA-ի նպատակը տիեզերքի նոր մանրամասն քարտեզ կազմելն է:

Ինչպես բացատրել է Ֆիզիկայի ինստիտուտի աստղագիտության և տիեզերական գեոդեզիայի ամբիոնի պրոֆեսոր Իլֆան Բիկմաևը, սեփական շարժումը երկնային ոլորտի վրա աղբյուրի անկյունային տեղաշարժն է մեկ տարվա ընթացքում: Այն չափվում է անկյունային վայրկյանի հազարերորդական մասով: Ենթադրվում է, որ գալակտիկաները և քվազարները պետք է ունենան զրոյական սեփական շարժում՝ մեր Գալակտիկայից դրանց ծայրահեղ հեռավորության պատճառով:

«Տիեզերական այս անսովոր օբյեկտների տեսողական ստուգումը ցույց տվեց նրանց ընդլայնված մորֆոլոգիան, որը բնորոշ է արտագալակտիկական աղբյուրներին»,- ասել է Իլֆան Բիկմաևը:

Այնուամենայնիվ, ակտիվ միջուկներով գալակտիկաների այս խմբի համար սեփական շարժումները, որոնք չափել է Եվրոպական տիեզերական գործակալության GAIA տիեզերական աստղադիտարանը, ֆորմալ առումով կարող են վկայել դրանցում լույսի արագությունից տասնյակ, հարյուրավոր անգամ ավելի մեծ արագություններով նյութի շարժումների մասին: Իսկ դա հակասում է ֆիզիկայի հիմքերին, նշել է պրոֆեսոր Բիկմաևը։

2022 թ․ ռուս աստղագետները եվրոպացի գիտնականներից հաստատում են ստացել այն մասին, որ նման քվազարներ և անոմալ սեփական շարժումներով ակտիվ գալակտիկական միջուկներ կան նաև իրենց կատալոգներում, և որ դրանք իրական են ու կապված չեն GAIA արբանյակի գործիքային սխալների հետ:

Այժմ Կազանի դաշնային համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները պետք է պարզեն, թե կոնկրետ ինչն է առաջացնում տիեզերական անսովոր օբյեկտների անոմալ մեծ, սեփական շարժումները: Հետազոտությունները նախատեսվում է շարունակել 2023 թ․՝ RTT-150 աստղադիտակի օգնությամբ։

 


 
 
 
 
  • Արխիվ