Ամանորի տրամադրությամբ լուսանկար James Webb-ից. աստղադիտակը NGC 7469 գալակտիկայի գեղեցիկ լուսանկար է արել

26 դեկտեմբերի, 2022  10:33

Ամանորից առաջ James Webb աստղադիտակը նոր լուսանկար է արել, որում երևում է NGC 7469 գալակտիկան՝ իր ողջ հմայքով թեքված դեպի Երկիր։ Այս գալակտիկան գտնվում է Երկրից մոտ 220 միլիոն լուսատարի հեռավորության վրա՝ Պեգաս համաստեղությունում։ Այն ունի մոտ 90,000 լուսատարի լայնություն, իսկ կենտրոնում ակտիվ սև խոռոչ կա։

Լուսանկարում պատկերված է նաև աստղ, որը վեց կողմից ճառագայթներ ունի։ Աստղը հիանալի կերպով համընկնում է գալակտիկայի կենտրոնին և նման է տոնածառի գագաթին: Ի տարբերություն բուն գալակտիկայի, այս «աստղը» իրական տիեզերական օբյեկտ չէ, այլ դիֆրակցիայի (ուղղագիծ տարածումից ալիքների շեղման և այդ շեղումն առաջ բերող խոչընդոտների շրջանցման երևույթ) հետևանք է, որն առաջանում է աստղադիտակի երկրորդական հայելու պատճառով։ 

NGC-7469-james-webb

Լուսանկարի ներքևի ձախ մասում երևում է նաև IC 5283 գալակտիկայի մի փոքր մասը։ Այս գալակտիկաները միասին ձևավորում են Arp 298 կառուցվածքը․ դրանք կապված են գրավիտացիոն փոխազդեցությամբ և ակտիվորեն ազդում են միմյանց վրա։ Դրանց դիտարկումը թույլ է տալիս գիտնականներին ավելի լավ հասկանալ հսկայական հեռավորությունների վրա գտնվող գալակտիկաների փոխազդեցությունը, ինչպես նաև ուսումնասիրել հսկայական զանգված ունեցող սև խոռոչների աճը՝ NGC 7469-ի կենտրոնում գտնվող խոռոչի օրինակով:

NGC 7469-ն ավելի վաղ լուսանկարել էր նաև Hubble աստղադիտակը։

NGC-7469-hubble

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա երկու աստղադիտակների պատկերները նկատելիորեն տարբերվում են միմյանցից։ James Webb աստղադիտակն ունի ինֆրակարմիր դիտման սարքեր, որոնք Hubble-ը չունի, այդ պատճառով էլ պատկերն ավելի պայծառ է կենտրոնում, որտեղ սև խոռոչում շատ նյութ է հայտնվում, և կուտակման գործընթացի ժամանակ շատ մեծ քանակությամբ էներգիա է արձակվում, այդ թվում՝ ինֆրակարմիր սպեկտրի դիապազոնում։

Օգտագործելով James Webb-ի MIRI, NIRCam և NIRspec գործիքները՝ Great Observatories All-sky LIRGs Survey (GOALS) թիմը կարողացել է աննախադեպ մանրամասնությամբ պատկերել NGC 7469 գալակտիկան և սպեկտրները: Լուսանկարում կարելի է տեսնել աստղաստեղծ շատ երիտասարդ կուտակումներ, որոնք նախկինում երբեք չէին երևում, ինչպես նաև շատ տաք, մոլեկուլային գազի տուրբուլենտ օջախներ և ուղղակի ապացույցներ այն մասին, որ փոշու մանր հատիկները ոչնչացվում են միջուկից մի քանի հարյուր լուսատարի հեռավորության վրա, ինչն ապացուցում է, որ ակտիվ գալակտիկական միջուկը կարող է ազդել շրջակա միջաստղային միջավայրի վրա:

Լուսանկարում կարելի է տեսնել նաև բարձր իոնացված ատոմային ցրված գազ, որը, ինչպես երևում է, միջուկից դուրս է գալիս ժամում մոտ 6,4 միլիոն կիլոմետր արագությամբ: Դա գալակտիկական արտանետման մի մասն է, որը նախկինում նույնպես հայտնաբերվել է, բայց այժմ James Webb-ը այն ցուցադրում է ապշեցուցիչ մանրամասնությամբ:

Հիշեցնենք, որ վերջերս James Webb տիեզերական աստղադիտակը լուսանկարել է հայտնի «Արարման սյուները», որտեղ նոր աստղեր են գոյանում գազի և փոշու խիտ ամպերի մեջ։ Արարման սյուներն առաջին անգամ լուսանկարել է Hubble աստղադիտակը 1995 թ․։ 2014 թ․ աստղադիտակը «Արարման սյուների» ևս մեկ լուսանկար է արել, որում տեսանելի լույսի ներքո պատկերն ավելի պարզ էր ու լայն։ 


«Արարման սյուներ»
Ինֆրակարմիր միջին դիապազոն -  Ինֆրակարմիր մոտ դիապազոն


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ