Ի՞նչ է smart banking-ը եւ ինչպե՞ս այն կարող է փոխել ֆինանսական ոլորտը. հարցազրույց Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի հետ

24 դեկտեմբերի, 2022  12:39

Ընդամենը մի քանի տարի առաջ ֆինանսական գործարքների մեծ մասի համար մենք ստիպված էինք գնալ բանկ և հերթում բավական շատ ժամանակ անցկացնել: Այժմ արդեն կարող ենք կառավարել մեր հաշիվները, մարել վարկերը և կատարել բազմաթիվ այլ գործարքներ առանց տանից դուրս գալու՝ բջջային հավելվածների և ինտերնետի օգնությամբ:

Ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումն, իհարկե, չի դադարում, և այսօր մոբայլ բանկինգի զարգացմանը զուգահեռ ներդրվում է նաև «խելացի բանկինգ» (smart banking) հասկացությունը, որի շրջանակում, ինչպես նշում է Կոնվերս Բանկ ՓԲԸ-ի տնօրինության նախագահ-գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը, շատ որոշումներ կսկսի կայացնել արհեստական ​​բանականությունը՝ փոխարինելով մարդկանց:

Ի՞նչ է smart banking-ը

Անդրանիկ Գրիգորյանը մասնակցել է Երևանում կայացած SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական տարեվերջյան գագաթաժողովին, որի կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը: Խելացի բանկային համակարգերին նվիրված պանելային քննարկմանը նա խոսել է ֆինանսական համակարգում և բանկերում գործող տենդենցների, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց համակարգի տրանսֆորմացիայի մասին:

NEWS.am Tech-ի հետ զրույցում Անդրանիկ Գրիգորյանը պատմել է, որ այսօր ավտոմատացված համակարգերը կարող են ստանձնել բանկային ոլորտում կայացվող որոշումների մեծ մասը՝ փոխարինելով ֆիզիկական անձանց: Ավելին, արհեստական բանականությունը կարող է ուսումնասիրել հաճախորդի գործունեությունը և օգտակար խորհուրդներ տալ:

Օրինակ՝ արհեստական բանականությունը կարող է գնահատել, թե հաճախորդն ինչպես է օգտագործում իր ենթակայության տակ գտնվող գումարները, ինչ ֆինանսական գործիքներից է օգտվում, որքան խնայողություններ է ունենում, որից հետո այն կարող է խորհուրդներ տալ՝ թե ինչպես օգտագործել խնայողությունները, որտեղ դրանք ներդնել՝ հավելյալ եկամուտներ գեներացնելու համար: Ֆիզիկական անձը, հնարավոր է, չկարողանար այդքան մանրամասն վերլուծել հաճախորդի վերաբերյալ բոլոր տեղեկությունները և իրապես արդարացված և օբյեկտիվ խորհրդատվություն տրամադրել:

Andranik Grigoryan

«Եթե փորձեմ մեկ նախադասությամբ ասել, smart banking-ը ենթադրում է շատ ավելի արագ, ավելի վստահելի և կայուն ֆինանսական գործառնություններ, որոնցում մարդկային գործոնը նվազագույնի է հասցված: Մարդկանց կողմից կայացվող որոշումների մեծ մասն իռացիոնալ է, իսկ այս դեպքում իռացիոնալ որոշումները հասցվում են նվազագույնի»,- ասում է Անդրանիկ Գրիգորյանը:

Բանկային համակարգը՝ 10 տարի հետո

Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից բանկային ոլորտը Հայաստանում ամենաառաջատար ոլորտներից է: և ակնկալվում է, որ մոտակա տարիներին այն էլ ավելի կզարգանա՝ ներառելով ժամանակակից տեխնոլոգիաների նորանոր հնարավորությունները:

Իսկ ինչպիսի՞ն կլինի բանկային համակարգը 10 տարի հետո:

Մասնագետի խոսքով՝ 10 տարին բավական մեծ ժամանակահատված է արագ զարգացող ոլորտի համար, այդ իսկ պատճառով, այսօր դժվար է կանխատեսել, թե ինչպես այն կփոփոխվի տարիների ընթացքում: Սակայն ակնկալվում է, որ ոչ շատ հեռու ապագայում ցանկացած որոշում այս ոլորտում էլ ավելի արագ կընդունվի՝ հաշված վայրկյանների ընթացքում:

«Շատ տեղերում կներդրվեն միասնական համակարգեր, միասնական բազաներ, որոնցից ամբողջ տեղեկությունը կստանանք տվյալ հաճախորդի մասին, և հնարավոր կլինի շատ արագ որոշում կայացնել նրա մասին: Այստեղ խոսքը լինելու է վայրկյանների մասին»,- վստահեցնում է նա:

Բնականաբար, նոր տեխնոլոգիաների ներդրմանն ու զարգացմանը զուգահեռ հավանաբար նաև նոր ռիսկեր ի հայտ կգան:

«Տասը տարին շատ մեծ ժամանակահատված է: Եթե մենք նայենք, թե որտեղ էինք 10 տարի առաջ և որտեղ ենք հիմա, կտեսնենք, թե ինչքան շատ բան է փոխվել և ինչքան մեծ քայլեր են արվել այս ընթացքում: Նույնը ես տեսնում եմ ապագայի հարցում: Մենք այն դասական մեծ շենքերով, սև կոստյումներով աշխատակիցներով բանկերը չենք տեսնելու: Մենք տեսնելու ենք բանկեր՝ հեռախոսների մեջ: Գուցե հեռախոսներն էլ արդեն այլ տեսք ունենան 10 տարի հետո՝ չեմ կարող ասել: Բայց ամեն ինչ կլինի շատ ավելի արագ, շատ ավելի հուսալի և վստահելի: Տեխնոլոգիաները շատ ավելի մեծ դեր կխաղան, և որոշումների մեծ մասը հենց տեխնոլոգիաները կկայացնեն՝ մարդկանց փոխարեն»,- նշում է նա:

Անդրանիկ Գրիգորյանը չի բացառում նաև, որ տարիներ անց բլոկչեյն (Blockchain) տեխնոլոգիաները ևս կարող են իրենց տեղը գտնել բանկային ոլորում: Այսօր բազմաթիվ մասնագետներ ֆինանսական ոլորտի ապագան տեսնում են հենց բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման մեջ: Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ ֆինանսական ոլորտի ապագան իրոք տեխնոլոգիաների զարգացման մեջ է, բայց թե հատկապես բլոկչեյն, թե այլ տեխնոլոգիաներ՝ դեռ դժվար է ասել:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ