Roomba ռոբոտ-փոշեկուլը տանտիրուհուն լուսանկարել է զուգարանում. ինչպե՞ս են լուսանկարները հայտնվել համացանցում

22 դեկտեմբերի, 2022  17:50

2020 թ․ աշնանը առցանց ֆորումներից մեկում տեղադրվեց ցածր անկյուններից արված լուսանկարների մի ամբողջ շարք։ Լուսանկարների մեծ մասում ուշագրավ ոչինչ չկար՝ բնակարանների և տների ինտերիերի սովորական կադրեր։ Սակայն որոշ լուսանկարներում կարելի էր տեսնել ավելի ինտիմ տեսարաններ, որոնք ակնհայտորեն նախատեսված չէին հետաքրքրասեր աչքերի համար։

Լուսանկարներից մեկի հերոսուհուն լուսանկարել էին զուգարանում։ Մեկ այլ լուսանկարում երևում էր 8-9 տարեկան մի տղա, որը պառկած էր հատակին և նայում էր օբյեկտիվին, որը գտնվում է նրա աչքերի մակարդակից մի փոքր ներքև։ Եվ եթե առաջին լուսանկարում կնոջ դեմքը լավ չէր երևում և դժվար թե հնարավոր լիներ նրան ճանաչել, ապա տղայի դեմքը պարզ երևում էր։  

J7-1

Այս բոլոր նկարներն արել էին ոչ թե մարդիկ, այլ ռոբոտ-փոշեկուլը։ Եվ դրանք հրապարակել էին Վենեսուելայից հեռավար աշխատող Scale AI-ի աշխատակիցները, որոնք զբաղվում էին լուսանկարների, աուդիո և տեսանյութերի պիտակավորումով՝ արհեստական ​​բանականության համակարգերին սովորեցնելու համար։

J7-3

Ըստ MIT Technology Review-ի՝ iRobot-ը, որը ռոբոտ-փոշեկուլների աշխարհի ամենամեծ մատակարարն է (վերջերս Amazon-ն այն ձեռք է բերել 1,7 միլիարդ դոլարով), հաստատել է, որ այս լուսանկարներն իսկապես արվել են իր Roomba ռոբոտ-փոշեկուլների կողմից 2020 թ․: Այնուամենայնիվ, ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ դրանք փոշեկուլների մոդիֆիկացված տարբերակներ են, որոնք երբեք չեն հայտնվել ազատ վաճառքում. դրանք բաժանվել են աշխատակիցներին և այլ մարդկանց, որոնք վարձատրության դիմաց համաձայնել են հեռարձակել ռոբոտ-փոշեկուլի կողմից հավաքված տվյալները՝ արհեստական ​​բանականության համակարգերին սովորեցնելու նպատակով։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ երբ ռոբոտ-փոշեկուլը սկսում է լուսանկարել, այն մարդկանց տեղեկացնում է այդ մասին․ փոշեկուլի վրա սկսում է վառվել հատուկ ցուցիչ ։ Ավելին, մարդիկ կարող են ջնջել գաղտնի բնույթի բոլոր նյութերը։

J7-4

Շատ սարքեր՝ սմարթֆոններից մինչև լվացքի մեքենաներ, տվյալներ են հավաքում արհեստական ​​բանականության ալգորիթմներին վարժեցնելու համար: Ստացված տվյալների մասին նշումներն այս աշխատանքի կարևոր մասն են. հակիրճ բացատրությունները, որոնք նկարագրում են, թե կոնկրետ ինչ է ցուցադրված լուսանկարում կամ տեսանյութում։ Սովորաբար դրանք գրում են մարդիկ, որոնք հատուկ ընկերությունների աշխատակիցներ են։ Սա նոր, բայց ակտիվ զարգացող ոլորտ է, որի տարեկան շրջանառությունը, ըստ վերլուծաբանների՝ 2030-ին կհասնի 13,3 մլրդ դոլարի։

Scale AI-ն, որը հիմնադրվել է 2016 թ․, ոլորտի խոշորագույն ընկերություններից է։ Եվ հենց այս ընկերության աշխատակիցներն են թույլ տվել Roomba փոշեկուլների ստացած տվյալների արտահոսքը (ըստ iRobot-ի՝ այս կապալառուին փոխանցվել է ավելի քան 2 միլիոն պատկեր՝ արհեստական բանականության ուսուցման համար): Արտահոսքի պատճառով iRobot-ը ստիպված է եղել խզել հարաբերություններն այս ընկերության հետ և հետաքննություն սկսել այս միջադեպի վերաբերյալ՝ հասկանալու համար, թե ինչպես կանխել նման արտահոսքերն ապագայում: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ