ՏՏ ոլորտի 10 մասնագիտություն, որոնք պահանջված կլինեն այս տասնամյակում և բարձր աշխատավարձ կապահովեն

8 հունվարի, 2023  13:37

Եթե որոշել եք կարիերա սկսել կամ այն շարունակել ՏՏ ոլորտում, ապա թերևս անհրաժեշտ կլինի իմանալ, թե որոնք են ՏՏ ոլորտում տասնամյակի ամենաթեժ միտումները և ինչ մասնագիտություն կարելի է ընտրել։ ITCareerFinder-ն առանձնացրել է ՏՏ ոլորտի տասը մասնագիտություններ, որոնք 2020-2030 թթ․ կունենան ամենաշատ պահանջարկը, կառաջարկեն ամենաբարձր աշխատավարձերն ու առաջխաղացման լավագույն հնարավորությունները, կունենան ամենաարագ աճը, կվճարեն ազգային միջինից ավելի բարձր աշխատավարձ (ԱՄՆ-ի հաշվարկներով), կապահովեն զբաղվածության բարձր մակարդակ և կառաջարկեն առաջխաղացման մի շարք հնարավորություններ:

Ուսումնասիրության հեղինակներն օգտվել են տարբեր աղբյուրներից, տասնամյակի լավագույն աշխատատեղերի վերաբերյալ ինֆորմացիան վերցրել են ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի «Զբաղվածության աճի կանխատեսումներ»-ի ձեռնարկից, ՏՏ ոլորտի աշխատավարձերի մասին ինֆորմացիան՝ Indeed.com-ից, օգտագործել են ՏՏ ոլորտի փորձագետների հետ հարցազրույցների ընթացքում ստացված ինֆորմացիան, ինչպես նաև ՏՏ ոլորտում աշխատանքի ընդունման մասին վերջին միտումները (hաշվարկներն արվել են ԱՄՆ-ի համար)։ 

1. ՏՏ անվտանգության մասնագետ

Առաջին տեղում ՏՏ անվտանգության մասնագետն է։ ՏՏ ընկերությունների ղեկավարների և կադրերով զբաղվող մենեջերների համար անվտանգությունը կմնա հիմնական մտահոգությունը, քանի որ կիբեռհարձակումների հաճախականությունը, շրջանակը և բարդությունը շարունակում են աճել: Տարեցտարի ՏՏ ղեկավարները հայտնում են, որ ակտիվորեն փնտրում են տեղեկատվական անվտանգության հմտություններ ունեցող մասնագետներ, բայց դժվարանում են գտնել տաղանդավոր կադրերի: Սա նշանակում է, որ տեխնոլոգիայի մասնագետներն անհավանական հնարավորություն ունեն առաջ գնալ այս ուղղությամբ: Համակարգչային անվտանգության հմտություններն առհասարակ մեծ պահանջարկ ունեն և ներառում են ՏՏ գործառնությունների անվտանգություն, անվտանգ վեբ և բջջային հավելվածների մշակում, ռիսկերի կառավարում, տեղեկատվության ապահովում, ցանցային և ամպային տեխնոլոգիաների անվտանգություն։

ՏՏ անվտանգության մասնագետի զբաղվածության կանխատեսում 2020-2030 թթ․ համար։

  • 10-ամյա աճը՝ 33% (միջինից շատ ավելի արագ),
  • 10-ամյա աճի ծավալը՝ 47,100 նոր աշխատատեղ,
  • Տարեկան միջին աշխատավարձը՝ $104,000։

2. Բջջային հավելվածներ մշակող

Բջջային հավելվածների մշակումն աշխարհի ամենաարագ զարգացող մասնագիտություններից մեկն է: Քանի որ սմարթֆոններն ու պլանշետները շարունակում են փոխել այն, թե ինչպես ենք մենք հաղորդակցվում, բիզնեսով զբաղվում, սպառում նորություններ և կազմակերպում մեր ժամանցը, նոր և նորարարական բջջային հավելվածների պահանջարկն աճում է անհավատալի արագությամբ: Այս աճող պահանջարկի արդյունքում էլ ստեղծվել է մի իրավիճակ, երբ այսօր շուկայում բջջային հավելվածների մշակման ավելի շատ աշխատատեղեր կան, քան հմուտ մասնագետներ։ Google-ի Android և Apple-ի iOS (iPhone, iPad և Apple Watch) պլատֆորմները կշարունակեն առաջարկել կարիերային ամենաշատ հնարավորությունները բջջային հավելվածների ծրագրավորողների համար։

Բջջային հավելվածների մշակողների զբաղվածության կանխատեսում 2020-2030 թթ․ համար։

  • 10-ամյա աճը՝ 22% (միջինից շատ ավելի արագ),
  • 10-ամյա աճի ծավալը՝ 409,000 նոր աշխատատեղ,
  • Տարեկան միջին աշխատավարձը՝ $107,000։ 

3. Ծրագրային ապահովման ինժեներ

Չորրորդ հորիզոնականում է ծրագրային ապահովման ինժեներների աշխատանքը։ Այս մասնագիտության աշխատուժի պահանջարկը կբարձրանա տեխնոլոգիական առաջընթացին և ծրագրային ապահովման համատարած աճին զուգահեռ: Օրինակ՝ ամպային տեխնոլոգիաների արագ զարգացումը խթանում է հավելվածների ծրագրային ապահովման ինժեներների պահանջարկը, որոնք կարող են ստեղծել անվտանգ և մասշտաբային ամպային ծրագրեր: Բացի դրանից, քանի դեռ համակարգչային համակարգերի տարածումը շարունակվում է, իսկ ծրագրակազմը տարածվում է նոր ոլորտներում և կիրառվում խելացի սարքերում, համակարգչային համակարգերի մշակման անհրաժեշտությունը, որոնք ապահովում են այս նախաձեռնությունների իրագործումը, աշխատատեղեր կստեղծի համակարգերի ծրագրային ապահովման ինժեներների համար:

Ծրագրային ապահովման ինժեների զբաղվածության կանխատեսում 2020-2030 թթ․ համար։

  • 10-ամյա աճը՝ 19% (միջինից շատ ավելի արագ),
  • 10-ամյա աճի ծավալը՝ 354,000 նոր աշխատատեղ,
  • Տարեկան միջին աշխատավարձը՝ $108,000։

4. Վիդեոխաղերի դիզայներ

ՏՏ ոլորտում ապագայի մասնագիտությունների շարքում 4-րդ տեղը զբաղեցնում է վիդեոխաղերի դիզայների աշխատանքը։ 140+ միլիարդ դոլար արժողությամբ խաղային ինդուստրիան վերջին տասնամյակի ընթացքում ավելի քան եռապատկվել է: Սեղանի համակարգիչների և կոնսոլների խաղերի աճող շուկային զուգահեռ բջջային սարքերի պոպուլյարությունը, դրանց ֆունկցիոնալ հզորություններն ու գրաֆիկական հնարավորությունները վիդեոխաղերի դիզայներների, նկարիչների և ծրագրավորողների համար աշխատանքի հնարավորությունների նոր աշխարհ են բացում։ Հատկապես պահանջված կլինեն բջջային հավելվածների մշակման փորձ ունեցող խաղերի դիզայներները, քանի որ սմարթֆոններն ու պլանշետները շարունակում են փոփոխություններ բերել այն իմաստով, թե ինչ սարքերի վրա են մարդիկ այսօր խաղում վիդեոխաղերը: Զարգացող տեխնոլոգիաները և լրացված (AR) և վիրտուալ իրականության (VR) հավելվածների աճող պահանջարկը նույնպես կնպաստեն վիդեոխաղերի դիզայներների աշխատանքի պահանջարկի աճին։

Վիդեոխաղերի դիզայների զբաղվածության կանխատեսում 2020-2030 թթ․ համար։

  • 10-ամյա աճը՝ 16% (միջինից շատ ավելի արագ),
  • 10-ամյա աճի ծավալը՝ 9000 նոր աշխատատեղ,
  • Տարեկան միջին աշխատավարձը՝ $80,000։

5. Համակարգչային համակարգերի վերլուծաբան

Առաջին հնգյակը եզրափակում է համակարգչային համակարգերի վերլուծաբանի մասնագիտությունը։ Քանի որ կազմակերպությունների աշխատանքը շարունակաբար ավելի շատ է հիմնվում տեխնոլոգիաների վրա, այս մասնագետները կպահանջվեն գոյություն ունեցող տեխնոլոգիաների արդյունավետությունը բարձրացնելու և նոր համակարգեր ստեղծելու համար: Առողջապահությունը հիմնական ոլորտն է, որտեղ կնկատվի համակարգերի վերլուծաբանների աշխատատեղերի պահանջարկի աճ, քանի որ կառավարությունները, տարբեր ֆինանսական նախաձեռնությունները շարունակում են խթանել առողջապահության ոլորտում թղթաբանությունն էլեկտրոնային եղանակով կազմակերպելու գործընթացին։ ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը նաև կանխատեսում է ՏՏ խորհրդատվական ընկերություններում համակարգերի վերլուծաբանների պահանջարկի 43% աճ, ինչը նշանակում է ֆրիլանս և պայմանագրային հիմունքներով աշխատանքի հսկայական հնարավորություններ այս մասնագիտությունն ունեցող անձանց համար։

Համակարգչային համակարգերի վերլուծաբանի զբաղվածության կանխատեսում 2020-2030 թթ․ համար։

  • 10-ամյա աճը՝ 7% (միջին ցուցանիշ),
  • 10-ամյա աճի ծավալը՝ 42,800 նոր աշխատատեղ,
  • Տարեկան միջին աշխատավարձը՝ $94,000։

6. Վեբ ծրագրավորող

Ամեն տարի ռեկորդային թվով ձեռնարկություններ իրենց առաջարկած ապրանքներն ու ծառայություններ են ներկայացնում համացանցում։ Քանի որ առցանց ապրանքների և ծառայությունների թիվը շարունակում է աճել, վեբ ծրագրավորողների ու դիզայներների պահանջարկը նույնպես կաճի։ Սոցիալական ցանցերի տարածումը կբարձրացնի վեբ ծրագրավորողների պահանջարկը, քանի որ բիզնեսները ձգտում են ներգրավել հաճախորդների նոր սերունդ և խթանել մրցակցային առավելությունն այս արագ աճող ոլորտում: Ադապտիվ վեբ դիզայն ստանալու, պարզ ու գրավիչ ինտերֆեյսի և սպառողի համար հնարավորինս հարմարավետ փորձառություն ապահովելու հմտությունները այս ոլորտում աշխատողների համար շատ կարևոր են, քանի որ վեբէջերը պետք է հարմարվեն տարբեր սարքերի տարբեր չափեր ունեցող էկրաններին, օրինակ՝ խելացի ժամացույցներին, և այլն:


Web ծրագրավորողի զբաղվածության կանխատեսում 2020-2030 թթ․ համար։

  • 10-ամյա աճը՝ 13% (միջինից արագ),
  • 10-ամյա աճի ծավալը՝ 25,000 նոր աշխատատեղ,
  • Տարեկան միջին աշխատավարձը՝ $77,000։

7. Մարդու առողջության մասին ինֆորմացիայի վերլուծաբան-մասնագետ

ՏՏ ոլորտում ապագայի մասնագիտությունների հաջորդ տեղում է բժշկական հաստատություններում մարդու առողջության մասին ինֆորմացիայի հավաքմամբ, պահմամբ և դրա վերլուծությամբ զբաղվող մասնագետի աշխատանքը։ Ըստ ITCareerFinder-ի՝ առողջապահության ոլորտում մինչև 2025 թ․ կստեղծվեն ավելի շատ համակարգչային աշխատատեղեր, քան որևէ այլ ոլորտում: Խնդիրն այն է, որ երկրները գնում են առողջապահության ոլորտի ողջ ինֆորմացիան կենտրոնացված դարձնելու ճանապարհով, հետևաբար՝ այս տեխնոլոգիաներին տիրապետող և հավաստագրված վերլուծաբան-մասնագետների պահանջարկը նույնպես աննախադեպ աճ կունենա։ Թեև այս մասնագետները կարող են ստանալ ամենացածր մեկնարկային աշխատավարձն այս ցուցակում, այս ոլորտի համար պահանջվող կրթությունը կարելի է ստանալ շատ ավելի կարճ ժամկետում (սովորաբար ՏՏ-ն առողջապահությունում մասնագիտությամբ երկամյա ծրագիր)։ Բացի դրանից, այս ոլորտում ներկայում ուսանողները լավ հնարավորություններ կունենան կառավարմանն առնչվող պաշտոններ ստանձնելու մինչև այս ոլորտը շարունակում է աճել։

Մարդու առողջության մասին ինֆորմացիայի վերլուծաբան-մասնագետի զբաղվածության կանխատեսում 2020-2030 թթ․ համար։

  • 10-ամյա աճը՝ 9% (միջին ցուցանիշ),
  • 10-ամյա աճի ծավալը՝ 37,100 նոր աշխատատեղ,
  • Տարեկան միջին աշխատավարձը՝ $46,000։

8. Տեխնոլոգիաների հարցերով մենեջեր

Ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնում է տեխնոլոգիաների հարցերով մենեջերի աշխատանքը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջերների աշխատատեղերի աճն ուղղակիորեն կապված է ՏՏ ոլորտի աշխատողների աճի տեմպերի հետ, որոնց վերահսկում են այդ մենեջերները: Տեխնիկական բնույթի տարբեր աշխատանքների պահանջարկի ռեկորդային աճը, ներառյալ ծրագրային ապահովման մշակումը, նախագծերի կառավարումը, տվյալների վերլուծությունը և ամպային տվյալների մշակումը, կշարունակվի մինչև 2025 թ․ և դրանից հետո այն իր հերթին կնպաստի ՏՏ ոլորտի տաղանդավոր մենեջերների մեծ պահանջարկին: Լրացուցիչ աճը պայմանավորված կլինի տեղեկատվական անվտանգության վրա կենտրոնացվածության ավելացմամբ և կիբեռանվտանգության լրացուցիչ անձնակազմ վարձելու հանգամանքով:

Տեխնոլոգիաների հարցերով մենեջերի զբաղվածության կանխատեսում 2020-2030 թթ․ համար։

  • 10-ամյա աճը՝ 11% (միջինից արագ ցուցանիշ),
  • 10-ամյա աճի ծավալը՝ 52,100 նոր աշխատատեղ,
  • Տարեկան միջին աշխատավարձը՝ $151,000։

9. Տվյալների բազայի ադմինիստրատոր

Ցուցակի նախավերջին տեղում է տվյալների բազայի ադմինիստրատորի աշխատանքը։ Բիզնեսները հավաքում են տպավորիչ քանակի թվային տեղեկություն՝ խթանելով տվյալների բազայի վերապատրաստված և հավաստագրված ադմինիստրատորների պահանջարկին, որոնք կպահեն այդ տվյալները, ընդորում՝ դասակարգված ձևով, կվերլուծեն դրանք և ապահովեն դրանց անվտանգությունը։ Բացի դրանից, քանի որ տվյալների ավելի շատ բազաներ միացված են ինտերնետին և ամպին, տվյալների անվտանգությունը կդառնա ավելի կենսական և բարդ. տվյալների բազայի ադմինիստրատորները և ծրագրավորողները, հատկապես նրանք, ովքեր ունեն տեղեկատվական անվտանգության հմտություններ, մեծ պահանջարկ կունենան, որպեսզի կորպորատիվ տվյալները պաշտպանեն հաքերներից։

Տվյալների բազայի ադմինիստրատորի զբաղվածության կանխատեսում 2020-2030 թթ․ համար։

  • 10-ամյա աճը՝ 8% (միջին ցուցանիշ),
  • 10-ամյա աճի ծավալը՝ 13,200 նոր աշխատատեղ,
  • Տարեկան միջին աշխատավարձը՝ $99,000։

10․ Ցանցային ադմինիստրատոր

ՏՏ ոլորտում ապագայի մասնագիտությունների ցանկի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում ցանցային ադմինիստրատորի մասնագիտությունը։ Նրանց պահանջարկը կաճի, քանի որ կազմակերպությունները ներդրումներ են կատարում համակարգչային նոր համակարգերի և ցանցային տեխնոլոգիաների մեջ՝ արտադրողականությունը բարձրացնելու և մրցակցային առավելություններ ձեռք բերելու համար: Բջջային և խելացի սարքերի և ամպային տվյալների մշակման արագ տարածումը նշանակում է, որ ավելի շատ կազմակերպություններ կօգտագործեն ինտերնետը առցանց բիզնես վարելու համար, ինչը նշանակում է ցանցի մասնագետների համար աշխատատեղերի ավելացում, որոնք կարող են օգնել բիզնեսին ապահով կերպով օգտագործել այս զարգացող տեխնոլոգիաները:

Ցանցային ադմինիստրատորի զբաղվածության կանխատեսում 2020-2030 թթ․ համար։

  • 10-ամյա աճը՝ 5% (միջինից ցածր ցուցանիշ),
  • 10-ամյա աճի ծավալը՝ 18,800 նոր աշխատատեղ,
  • Տարեկան միջին աշխատավարձը՝ $85,000։  

 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ