Գիտնականերն այլմոլորակայինների տիեզերանավեր փնտրելու նոր միջոց են առաջարկում՝ օգտագործելով գրավիտացիոն դետեկտորներ

21 դեկտեմբերի, 2022  16:36

Ամերիկացի աստղաֆիզիկոսները այլմոլորակայիններին պատկանող տիեզերանավեր փնտրելու նոր միջոց են մտածել։ Դրա համար առաջարկվում է օգտագործել ոչ միայն սովորական ռադիոաստղադիտակներ, այլեւ ձգողականության դետեկտորներ։

Սովորաբար այլմոլորակային քաղաքակրթությունների որոնման մեթոդների մեծ մասը կառուցված է հատուկ էլեկտրամագնիսական ճառագայթման հայտնաբերման շուրջ: Գիտնականները որպես կանոն փնտրում են աստղերի պայծառությանը բնորոշ փոփոխություններ՝ կա՛մ նրանց հատուկ սպեկտրը, կա՛մ ռադիոալիքները, որոնք տարբերվում են բնական աղբյուրներից: Ամերիկացի ֆիզիկոսները հիմա փաստացի առաջարկում են ընդլայնել օգտագործվող գործիքների շրջանակը՝ կիրառելով գրավիտացիոն ալիքների դետեկտորները։

Գիտնականները բացատրել են, որ այս մեթոդը հիմնված է այն ենթադրության վրա, որ մարդկությունը միայնակ չէ տիեզերքում, պարզապես երկրային գործիքները դեռ այնքան կատարյալ չեն, որպեսզի հնարավոր լինի գտնել այլմոլորակային կյանքի ապացույցներ:

Գաղափարը հետևյալն է․ բավական զարգացած քաղաքակրթությունն ի վիճակի է կառուցել հսկայական չափերի և զանգվածի տիեզերանավ: Դրա արագացումից կարող են առաջանալ գրավիտացիոն ալիքներ, որոնք մարդկությունն արդեն սովորել է ֆիքսել դետեկտորների օգնությամբ։ Բացի դրանից, նման սարքերը միանգամից «զննում են» ամբողջ երկինքը, և ոչ թե դրա մի փոքր հատվածը, ինչպես օպտիկական կամ ռադիոաստղադիտակները։

Առայժմ, իհարկե, սա պարզապես գաղափար է. ամերիկացի գիտնականների բոլոր հաշվարկները ներկայացված են նախնական հրապարակումների arXiv հարթակում։ Առաջին հայացքից դրանք ֆանտաստիկայի ժանրից են, սակայն իրականում չեն խախտում ֆիզիկայի օրենքները, ինչը նշանակում է, որ զուտ տեխնիկապես գաղափարը կարող է իրականացվել։

Գիտնականները նշում են, որ գրավիտացիոն ալիքները չափող ամենազգայուն սարքերը LIGO, VIRGO և KAGRA ինտերֆերոմետրերն են, որոնք կարող են այլմոլորակային տիեզերանավ հայտնաբերել ավելի քան 326,000 լուսատարի հեռավորության վրա, այսինքն՝ Ծիր Կաթինի տրամագծից (մոտ 106,000 լուսատարի) երեք անգամ ավելի տարածքում:

Սակայն կա մեկ խնդիր․ այս սարքերը, որպեսզի կարողանան ֆիքսել հիպոթետիկ տիեզերանավի գրավիտացիոն ալիքները, այն պետք է ունենա Յուպիտերի զանգվածի տասնապատիկ չափը և կարողանա զարգացնել լույսի արագության մինչև 1/10-ի չափ արագություն։ Իսկ Մերկուրիի չափ օբյեկտը նույն արագության դեպքում կարելի է հայտնաբերել ընդամենը 32 լուսատարի շառավղով տարածքում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ