Ի՞նչ են տիեզերագնացներն իրենց հետ վերցնելու նոր մոլորակներ ուսումնասիրելու համար եւ ի՞նչ են անելու, եթե ինչ-որ կարեւոր բան մոռանան

11 սեպտեմբերի, 2022  12:23

Տիեզերական առաքելությանը նախապատրաստվելը շատ առումներով նման է արձակուրդին պատրաստվելուն, կարծում է աստղաֆիզիկոս Ջոել Փարքերը. երկու դեպքում էլ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ուր ես գնում, ինչ կարող ես սպասել այնտեղ, ինչ կարող ես գտնել այնտեղ, եւ այդ տեղեկատվության հիման վրա արդեն հավաքել «ճամպրուկը»:

Դոկտոր Ջոել Փարքերը շատ բան գիտի դեպի տիեզերք թռիչքների մասին: Նա «Ռոզետա» առաքելության մեջ «Ալիսա» ուլտրամանուշակագույն սպեկտրոգրաֆի գլխավոր հետազոտողի տեղակալն է եւ դեպի Պլուտոն «Նոր Հորիզոններ» առաքելության համահետազոտողը: Ավելի վաղ նա Lunar Reconnaissance Orbiter առաքելությունում ուղեծրի վրա համանման ուլտրամանուշակագույն սպեկտրոգրաֆի նախագծի ղեկավարն է եղել։

Դոկտոր Փարքերը նաեւ աշխատել է NASA-ին կից Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնում, որտեղ ուսումնասիրել է հարեւան գալակտիկաների տաք զանգվածային աստղերը՝ օգտագործելով ամբողջ աշխարհի ցամաքային աստղադիտարանների տվյալները, ինչպես նաեւ Hubble տիեզերական աստղադիտակը, International Ultraviolet Explorer տիեզերանավը եւ տիեզերական թռիչքի աստղադիտակը, որը գտնվում էր Space Shuttle տիեզերանավի վրա: Նա նաեւ զբաղվել է Արեգակնային համակարգի օբյեկտների՝ գիսաստղերի, լուսնի, աստերոիդների եւ Կոյպերի գոտու օբյեկտների ուսումնասիրությամբ։

Գլոբալ նպատակ եւ փոքր ենթախնդիրներ

NEWS.am Tech-ի հետ զրույցում դոկտոր Ջոել Փարքերը նշել է, որ երբ վիդեոխաղերից եւ ֆիլմերից տիեզերական թռիչքները մեր իրականություն տեղափոխվեն, եւ տիեզերագնացները թռնեն նոր մոլորակներ ուսումնասիրելու, նրանց «ճամպրուկների» պարունակությունը կախված կլինի առաքելության կոնկրետ նպատակներից:

«Նախ, մենք պետք է հասկանանք, թե կոնկրետ ինչ ենք ուզում պարզել: Արդյո՞ք մեզ հետաքրքրում է Արեգակնային համակարգի եւ մոլորակների ծագումը, թե՞ ուզում ենք հասկանալ, թե ինչպես են աստղերը գոյանում: Թե՞ հասկանալ, թե ինչ պայմաններում կարող է կյանքը զարգանալ։ Երբ գլոբալ նպատակը պարզ է, այն պետք է բաժանվի բազմաթիվ փոքր ենթախնդիրների: Մենք ուզում ենք նայել մոլորակի մակերեսին, որպեսզի հասկանանք, թե ինչից է այն կազմված: Կամ ուսումնասիրենք մթնոլորտը, տեսնենք՝ արդյո՞ք այնտեղ քիմիական նյութեր կան, որոնք կարող են հարմար լինել կյանքի համար: Երբ նպատակը բաժանվի բազմաթիվ ենթախնդիրների, մենք կհասկանանք, թե ինչ գործիքներ պետք է վերցնել», - պատմել է մասնագետը։

Նրա խոսքով՝ ցանկացած մարդ, ով երբեւէ իր կյանքում գոնե մեկ անգամ արձակուրդ է գնացել, արել է մոտավորապես նույն բանը, ինչ անում են գիտնականները տիեզերական առաքելության նախապատրաստվելիս։

«Եթե արձակուրդ եք գնում, պետք է հստակ պատկերացնեք, թե ինչ եք անելու այնտեղ։ Ձեր նպատակն է միայն հանգստանա՞լ, թե՞ նոր վայրեր այցելել: Եթե պլանավորում եք, օրինակ, պասիվ հանգստանալ, ի՞նչը կարող է ձեզ պետք գալ: Եթե պատրաստվում եք քնել, իսկ շրջակայքը աղմկոտ է, միգուցե անհրաժեշտ է ականջախցաններ բերել: Երբ մտածում եք ձեր արձակուրդի մանրամասների մասին, սկսում եք հասկանալ, թե ինչ պետք է դնել ճամպրուկի մեջ: Գիտնականները նույն բանն են անում, երբ «ճամպրուկ» են հավաքում դեպի տիեզերք ուղեւորության համար», - ասում է նա:

Ճիշտ է, ի տարբերություն արձակուրդի մեկնելու, տիեզերական առաքելության ժամանակ ավելորդ բաների տեղ չկա: Արձակուրդին դուք կարող եք ձեզ հետ այնպիսի բաներ վերցնել, որոնք դժվար թե կարելի է անհրաժեշտ անվանել՝ տեսախաղեր, գրքեր, քարտեզներ... Բայց տիեզերանավում ավելորդ քաշը նշանակում է հավելյալ ծախսեր եւ ավելորդ բարդություններ։

Ուստի, եթե հենց հետազոտվող մոլորակի վրա ինչ-որ բան գտնելու կամ անելու եւ այն ձեզ հետ չվերցնելու հնարավորություն կա, ապա այն պետք է օգտագործել:

Մասնագետը նշում է, որ այլ մոլորակ թռիչքի նախապատրաստելիս անհրաժեշտ կլինի հասկանալ՝ տեղում կա՞ արդյոք ինչ-որ բան, ինչը պետք կլինի տիեզերագնացներին։ Ինչպիսի՞ն է այնտեղ մթնոլորտը: Որքա՞ն թթվածին, ազոտ եւ այլ նյութեր է պարունակում այն: Հնարավո՞ր է արդյոք այնտեղ շնչել առանց սկաֆանդրի։ Կա՞ն արդյոք մոլորակի մակերեսին նյութեր, որոնցից հնարավոր կլինի թթվածին եւ ջուր ստանալ։

Այդ ամենը պարզելու եւ տեղանքի առաջնային ուսումնասիրության համար ռոբոտներն առաջինը կթռնեն ուսումնասիրվող մոլորակներ։ Եւ դրանցից ստացված տեղեկությունների հիման վրա էլ արդեն հնարավոր կլինի «ճամպրուկներ» հավաքել մարդ տիեզերագնացների համար։

Ի՞նչ են տիեզերագնացներն անելու, եթե մոռանան ինչ-որ կարեւոր բան

Եթե սովորական ուղեւորության ժամանակ, օրինակ՝ մեկ այլ քաղաք, ինչ-որ բան մոռանաք կամ հաշվի չառնեք, ապա ոչ մի վատ բան, ամենայն հավանականությամբ, չի պատահի։ Ձեզ խոստացել են լավ եղանակ, բայց անձրեւ է եկել, իսկ դուք համապատասխան հագուստ չունե՞ք։ Դուք կարող եք գնալ խանութ եւ անձրեւանոց գնել։

Մեկ այլ մոլորակ թռիչքի ժամանակ դժվար թե կարողանաք ապավինել նրան, որ կա խանութ՝ ձեզ անհրաժեշտ ամեն ինչով (եթե, իհարկե, մոլորակը չի գտնվում է Mass Effect Andromeda խաղի տիեզերքում, որտեղ հեռավոր Անդրոմեդա գալակտիկայի մոլորակների վրա կորած քարանձավներում կարելի է փամփուշտներով սնդուկներ գտնել, որոնք համատեղելի են Երկրի վրայի զենքերի հետ):

Իսկ ի՞նչ են անելու տիեզերագնացները, եթե հանկարծ պարզվի, որ նրանք ինչ-որ կարեւոր բան են մոռացել

Հավանականությունը, որ տիեզերագնացները կարող են իսկապես ինչ-որ կարեւոր բան «մոռանալ» տիեզերական առաքելության համար, այսպես ասենք, չափազանց փոքր է։ Ինչպես նշել է դոկտոր Փարքերը, ցանկացած առաքելության նախապատրաստման վրա մի խումբ մասնագետներ են աշխատում, որոնք կազմում են այն ամենի ցուցակները, ինչ անհրաժեշտ է տիեզերանավում լինելու համար: Նրանք երկար են աշխատում այդ ցուցակների վրա՝ փորձելով կանխատեսել այն ամենը, ինչ կարելի է նախապես կանխատեսել։ Եւ մեկ անգամ չէ, որ նրանք ստուգում են այդ ցուցակները եւ կրկնակի ստուգում ամեն ինչ՝ նախքան տիեզերանավի մեկնումը։

Սակայն, ինչպես նշեց Ջոել Փարքերը, տիեզերական առաքելության ժամանակ կարող է ինչ-որ անկանխատեսելի իրավիճակ առաջանալ , որը պահանջում է գործիքներ, որոնք ձեռքի տակ չեն: Այդպիսի իրավիճակում տիեզերագնացներին կարող է օգնել 3D տպիչը, որի օգնությամբ հնարավոր կլինի հենց տեղում տպել անհրաժեշտ գործիքը։

Տիեզերագնացները նաեւ պետք է կողմնորոշվեն ըստ իրավիճակի. միգուցե մոլորակի վրա կան ռեսուրսներ, որոնցից նրանք կարող են պատրաստել այն, ինչ անհրաժեշտ է: Միգուցե նրանք իրենց հետ բավարար ջուր չունեն, բայց մոլորակի վրա կան նյութեր, որոնցից կարելի է այն ստանալ: Կամ գուցե հենց տեղում կարող եք ռեսուրսներ գտնել, որոնցից կարող եք ճառագայթումից պաշտպանող ինչ-որ բան կառուցել։

Դոկտոր Փարքերի խոսքով՝ իրական տիեզերական առաքելությունների ժամանակ, իհարկե, եղել են իրավիճակներ, երբ տիեզերագնացներին անհրաժեշտ է եղել մի բան, որը նրանք չեն ունեցել: Հետո, ամենայն հավանականությամբ, նրանք կա՛մ առանց այդ գործիքի են լուծել խնդիրը, կա՛մ այլընտրանքային լուծում են գտել. ի վերջո, հնարամտությունը կարեւոր հատկանիշ է նրանց համար, ովքեր ուսումնասիրում  են տիեզերքը: Իսկ այլ մոլորակներ թռիչքների դարաշրջանում դա դժվար թե փոխվի:

Իսկ ե՞րբ դեպի այլ մոլորակներ թռիչքներն իրականություն կդառնան

Առաջին մոլորակը, որի վրա Երկրից մարդը ոտք կդնի, ամենայն հավանականությամբ, կլինի Մարսը։ Այն, ըստ շատ գիտնականների, առաջին այլմոլորակային գաղութի տունը կդառնա եւ գուցե մարդկության հույսը, երբ Երկրի վրա կյանքի պայմանները զգալիորեն վատթարանան։

NASA-ն նախատեսում է տիեզերագնացներ ուղարկել Մարս մինչեւ 2030-ականների վերջը կամ 2040-ականների սկզբին: Ամենայն հավանականությամբ, SpaceX-ը մարդկանց նույնիսկ ավելի շուտ կհասցնի կարմիր մոլորակ, իսկ կալիֆորնիական երկու ստարտափեր՝ Relativity Space-ը եւ Impulse Space-ը, սպառնացել են դրանից շուտ անել դա։

Ինչ վերաբերում է մյուս մոլորակներին, ապա ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Նիդեռլանդների մի խումբ գիտնականներ կարծում են, որ մարդկությունը կկարողանա աստերոիդների գոտի հասնել մինչեւ 2073 թ., Յուպիտերին՝ մինչեւ 2103 թ. եւ Սատուրնին՝ մինչեւ 2132 թ. ։ Սակայն պետք է հիշել, որ դրանք միայն տեսական հաշվարկներ են, որոնցում շատ փոփոխականներ կան, եւ դեռ դժվար է ասել՝ արդյո՞ք իրական կյանքում ամեն ինչ ըստ գիտնականների պլանի կգնա, թե ոչ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ