Վերջ մի ամբողջ դարաշրջանի. 2023 թ․ փետրվարի 14-ին Internet Explorer-ն ամբողջությամբ կանջատվի

19 դեկտեմբերի, 2022  12:59

Internet Explorer-ի «մահվան» ամսաթիվն արդեն հայտնի է՝ 2023 թ․ փետրվարի 14-ին Microsoft-ը Windows 10 օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչներում կանջատի այս բրաուզերի աջակցությունը, և այն արդեն հասանելի չի լինի։

Ինչպես տեղեկացնում է XDA պորտալը, Microsoft-ը նախկինում հայտարարել էր, որ Internet Explorer-ը կանջատվի Windows-ի թարմացման միջոցով, սակայն այժմ հայտնի է դարձել, որ հին բրաուզերը «կմահանա» Microsoft Edge-ի թարմացումից հետո, ինչը, ընկերության ներկայացուցիչների կարծիքով, կհեշտացնի անցումը նոր բրաուզերին:

Մարդկանց, որոնք դեռ օգտագործում են Internet Explorer-ը, խորհուրդ է տրվում անցնել Microsoft Edge բրաուզերին՝ իրենց համակարգիչներում հնարավոր խնդիրներից խուսափելու համար նախքան Internet Explorer-ի անջատվելը հեռացնել դրա բոլոր դյուրանցումները (shortcut) և այլ հղումները:

Արդյո՞ք հին համակարգիչներում կլինի Internet Explorer-ի աջակցություն

Internet Explorer 11-ը, հավանաբար, դեռ որոշ ժամանակ կշարունակի գործել որոշ կորպորատիվ հաճախորդների Windows 7 օպերացիոն համակարգերում, Windows 8.1-ում, Windows 10 LTSC-ի կորպորատիվ տարբերակներում, ինչպես նաև Windows 10 IoT-ում:

Այնուամենայնիվ, այս համակարգերում ևս բրաուզերը, ամենայն հավանականությամբ, երկար չի աշխատի, քանի որ Microsoft-ը նախատեսում է 2023 թ․ հունվարի 12-ին դադարեցնել Windows 7-ի և Windows 8/8.1-ի ընդլայնված աջակցությունը:

Internet Explorer․ 1995-2023

Աշխարհում առաջին բրաուզերը ստեղծել է սըր Թիմ Բերներս-Լին 1990 թ․․ այն կոչվում էր WorldWideWeb, իսկ ավելի ուշ վերանվանվել է Nexus: Գրաֆիկական ինտերֆեյսով և լայն տարածում ստացած առաջին բրաուզերը NCSA Mosaic-ն էր, որի մշակումն սկսվեց 1992 թ․: Քիչ անց հայտնվեց Netscape Navigator-ը և հասավ որոշակի հաջողության, ինչն էլ, ըստ երևույթին, Microsoft-ին դրդեց ստեղծել իր սեփական բրաուզերը:

Internet Explorer 1-ի առաջին տարբերակը թողարկվել է 1995 թ․ օգոստոսի 16-ին։ Եվ շուտով այն ներքաշվեց, այսպես կոչված, «Բրաուզերների պատերազմում»՝ շուկայում գերիշխանություն ձեռք բերելու համար բրաուզեր արտադրողների միջև ընթացող պայքարում:

Բրաուզերի առաջին պատերազմը տեղի ունեցավ 1995-2001 թվականներին, երբ Netscape Navigator-ը և Internet Explorer-ը պայքարում էին շուկայում իրենց մասնաբաժնի համար: Թեև 1995 թ․ Netscape Navigator-ին էր պատկանում շուկայի մոտ 80%-ը, իսկ Internet Explorer-ին՝ ընդամենը մոտ 5%-ը, պատերազմի ավարտին Internet Explorer-ն արդեն գրավել էր շուկայի մոտ 96%-ը:

Երկրորդ պատերազմում, որը տևեց 2005-ից մինչև 2015-ը, արդեն ներգրավված էին մի քանի բրաուզերներ, այդ թվում՝ Opera-ն, Firefox-ը և այլն։ Եվ այս պատերազմն ավարտվեց նրանով, որ Internet Explorer-ը զիջեց առաջատարի իր դիրքերը, իսկ այս շուկայում գերիշխող դիրք գրավեց Google Chrome-ը։

IE-memes1

Այդ ժամանակից ի վեր Internet Explorer-ի ժողովրդականությունը նկատելիորեն նվազել է, ավելին, շատ օգտատերերի կարծիքով՝ ո՛չ իր կատարողականով, ո՛չ էլ ֆունկցիոնալությամբ այն այլևս չէր կարող մրցել հայտնի այլ բրաուզերների հետ։ Համացանցում բազմաթիվ մեմեր հայտնվեցին, որոնք ծաղրում էին այս բրաուզերի «դանդաղությունը» և նշում, որ մարդիկ Windows-ում ներկառուցված Internet Explorer-ն օգտագործում են միմիայն այլ բրաուզերներ ներբեռնելու համար։

IE-memes2

Internet Explorer-ն աստիճանաբար անջատելու իր պլանների մասին Microsoft-ը հայտարարել է դեռևս 2020 թ․։ 2022 թ․ հունիսի 15-ից ընկերությունն արդեն սկսել է բրաուզերի փուլային հեռացման գործընթացը։ Ինչպես արդեն նշվել է, բրաուզերի վերջնական «մահը» տեղի կունենա 2023 թ․ փետրվարի 14-ին։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ