Կանադայում 2021-ին ընկած երկնաքարը կարող է փոխել Արեգակնային համակարգի մասին մարդկության պատկերացումները

15 դեկտեմբերի, 2022  14:19

Երկիր մոլորակի ուղղությամբ պարբերաբար երկնաքարեր են ընկնում, դրանց մի մասը օդի հետ շփման հետևանքով շիկանում, մաշվում և անհետանում է Երկրի մթնոլորտում, իսկ մի մասն էլ հասնում է Երկրի մակերևույթ՝ օրական առնվազն 15-20 երկնաքար։ Անցած տարի Կանադայում ընկած երկնաքարը, ինչպես պնդում են Nature Astronomy գիտական ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները, կարող է հիմնովին փոխել Արեգակնային համակարգի մասին մեր պատկերացումները՝ հաշվի առնելով այն, թե որտեղից է երկնաքարը հասել Երկիր։

Երկնաքարը Կանադայում ընկել է 2021 թ․ փետրվարի 22-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 6:23-ին։ Ընկնելու պահը նկարահանվել են աստղադիտարանները, անվտանգության համակարգերը և տեսանկարահանող բազմաթիվ այլ սարքեր, այդ թվում՝ Global Fireball Observatory (GFO) ցանցի մաս կազմող տեսախցիկներ, որոնք հատուկ նախագծված են այդպիսի ընկնող երկնաքարեր փնտրելու և նկարահանելու համար, ինչը գիտնականներին թույլ է տալիս հաշվարկել նրանց հետագիծն ու ծագման վայրը:

Երկնաքարը եկել է Օորտի ամպից

Երկնաքարը փոքր է, կշռում է ընդամենը մոտ 2 կգ և դատելով նրանից, թե ինչպես է այն օդի հետ շփման հետևանքով մասերի բաժանվել, այն ակնհայտորեն բաղկացած է եղել քարից։ Այս տեսակի երկնաքարերը սովորաբար գալիս են Մարսի և Յուպիտերի միջև գտնվող աստերոիդների գոտուց կամ Երկրին ավելի մոտ գտնվող ինչ-որ վայրից։ Սակայն այս դեպքում գիտնականները պարզել են, որ երկնաքարը շատ ավելի երկար ճանապարհ է անցել: Նրանց հաշվարկների համաձայն՝ այն եկել է Օորտի ամպից։ Այն սառցե օբյեկտների հսկայական կուտակում է, որոնք շրջապատում են Արեգակնային համակարգը։

Տարբեր համալսարաններ ներկայացնող 13 գիտնականների խումբն իր աշխատությունում բացատրում է, որ Օորտի ամպի ձևավորման ներկայիս մոդելները հուշում են, որ այս երկնաքարի նյութը սկսել է ձևավորվել Արեգակին շատ ավելի մոտ տարածքում և Արեգակնային համակարգի մոլորակների ստեղծման գործընթացի մնացորդներից։ Ժամանակի ընթացքում Յուպիտերի և այլ հսկա մոլորակների ձգողականության ուժը այդ ամենը տարել է դեպի այնտեղ, որտեղ ենթադրվում է, որ այն գոյացել է: Սակայն ըստ այս մոդելի՝ Օորտի ամպի օբյեկտները պետք է բաղկացած լինեն սառույցից, այլ ոչ թե քարից, ինչպես Կանադայում ընկած երկնաքարն է։

«Մեր հայտնագործությունը հաստատում է Արեգակնային համակարգի ձևավորման բոլորովին այլ մոդել, որը ենթադրում է, որ Օորտի ամպի ներսում սառցե բաղադրությամբ օբյեկտների հետ միաժամանակ գոյություն ունի քարե բաղադրություն ունեցող նյութի զգալի քանակություն։ Այս արդյունքը չի բացատրվում Արեգակնային համակարգի ձևավորման ներկայումս նախընտրելի մոդելներով: Դա լիովին փոխում է խաղի կանոնները»,- ասել է հետազոտության հեղինակ Դենիս Վիդան:

Երկնաքարի հետագծի մոդելը կարող եք տեսնել ստորև ներկայացված տեսանյութում։

Մոլորակասպան աստերոիդներ

Նշենք, որ գիտնականները ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում են Երկրի համար պոտենցիալ սպառնալիք ներկայացնող աստերոիդները, դրանց շարժման ուղեծիրը, որպեսզի վաղ փուլում հնարավոր լինի կանխատեսել (հետագայում նաև կանխել Երկրի հետ բախումը), թե արդյոք այս կամ այն աստերոիդը կարող է լուրջ վտանգ ներկայացնել Երկրի համար։  

Հենց նման նախաձեռնությունների շրջանակում վերջերս NASA-ի DART զոնդը հարվածել էր Դիմորֆ աստերոիդին, որը պտտվում է իրենից ավելի մեծ աստերոիդի՝ Դիդիմի շուրջ։ DART առաքելության նպատակն էր պարզել, թե արդյոք հնարավոր է արհեստական կերպով փոխել աստերոիդի շարժման ուղեծիրը՝ հետագայում Երկիրը մոլորակասպան աստերոիդներից պաշտպանելու նպատակով։ Նախքան բախումը Դիդիմը Դիմորֆի շուրջ մեկ ամբողջական պտույտ կատարում էր 11 ժամ 55 րոպեում։ Գիտնականներն ակնկալում էին, որ բախման արդյունքում հնարավոր կլինի փոխել աստերոիդի ուղեծիրը և դրա պտտման ժամանակը փոխել մոտ 73 վայրկյանով, սակայն գիտափորձը գերազանցեց սպասելիքները՝ Դիդիմի շուրջ Դիմորֆի մեկ պտույտի ժամանակը կրճատվեց 32 րոպեով, և այժմ մեկ լիարժեք պտույտը տևում է 11 ժամ 23 րոպե։

Այդուհանդերձ, դեռ կան որոշ աստերոիդներ, որոնց հայտնաբերել չի հաջողվում, քանի որ դրանք, այսպես ասած, թաքնվում են Արեգակի շողերի ներքո, և աստղադիտակների համար դժվար է դրանց հայտնաբերելը։ Օրինակ՝ տիեզերական ժամանակակից աստղադիտակները, ինչպիսիք են James Webb-ը և Hubble-ը, երբեք չեն ուղղվում դեպի Արևը, քանի որ աստղի պայծառությունը կայրի դրանց զգայուն օպտիկան: 2022 AP7 անունն ստացած այդպիսի մի մոլորակասպան աստերոիդ հայտնաբերվել է այս տարվա նոյեմբերին։

Չինացի հետազոտողները վերջերս առաջարկել են Վեներայի նման ուղեծրերում տեղակայել վեց տիեզերական ապարատից բաղկացած նոր համակարգ, որի նպատակը կլինի Երկրին պոտենցիալ սպառնացող աստերոիդներին հնարավորինս շուտ հայտնաբերելն ու այդ մասին նախազգուշացնելը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ