Պետությունը չի կարող միջամտել, եթե կա բիզնեսի ռիսկի բաղադրիչը, դա բացասաբար կազդի ոլորտի վրա․ նախարարը՝ ՏՏ ընկերությունների աջակցության մասին

9 դեկտեմբերի, 2022  18:16

ՏՏ ընկերություններից ստացած բողոքների մեջ կա նաեւ բիզնես ռիսկի բաղադրիչը, եւ այս պարագայում պետությունը չի կարող միջամտել, որովհետեւ դա ընդհանուր ոլորտի վրա կարող է բացասաբար ազդել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե դոլարի արժեզրկումն ինչ ազդեցություն է ունենում ՏՏ ընկերությունների վրա եւ ինչպես է արձագանքում դրան պետությունը:

«Մենք նման բողոքներ ստանում էինք ոլորտից եւ ուսումնասիրություններ էինք անում: Նման որոշումներ կայացնելը շատ դժվար է, որովհետեւ պետք է հետազոտություն արվի եւ հասկացվի, թե ոլորտն ինչ վիճակում է: Բողոքներ ստացել ենք մասնավոր ընկերություններից, բայց բողոքների մեջ կար նաեւ ընկերությունների բիզնես ռիսկի բաղադրիչը, եւ պետությունն այդ պարագայում չի կարող միջամտել այդ գործընթացներին, որովհետեւ դա ընդհանուր ոլորտի վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ: Մենք հետեւում ենք համաշխարհային փորձին, թե որքանով է պետությունը միջամտում նման դեպքերում, եւ փորձում ենք կշռադատված որոշումներ կայացնել: Քննարկումներ ենք անում մեր բոլոր գործընկերների հետ, որովհետեւ յուրաքանչյուրն իր ոլորտի պատասխանատուն է, եւ համակարգային լուծում է պետք»,- նշեց Խաչատրյանը:

Ռոբերտ Խաչատրյանը հիշեցրեց, որ իրենց նախաձեռնությամբ Կառավարությունը հաստատել է ՏՏ ոլորտին աջակցող ծրագրեր: «Դրանցից մեկը ՏՏ ոլորտի աջակցման օրենքն է, որը ստարտափ ընկերություններին հնարավորություն է տալիս որոշակի հարկային արտոնություններից օգտվել: Շահութահարկը զրոյական է, եկամտային հարկը՝ 10 % դրույքաչափով: Ծրագրերից մեկը եկամտային հարկի 50 %-ի վերադարձն է այն դեպքում, եթե ընկերությունը տասը եւ ավելի աշխատակիցների է ներգրավում, որոնք Հայաստանում երբեւէ հարկատու չեն եղել: Ծրագիր կա նաեւ այն ընկերությունների համար, որոնք առնվազն 80 %-ով պահպանել են իրենց աշխատանքային ֆոնդը եւ իրենց աշխատանքի ծավալի 70 %-ն թվային տեսքով արտահանում է»,- ասաց նա:

Հարցին, թե ընկերություններն ահազանգե՞լ են արդյոք այն մասին, որ սանկցիաների հետեւանքով խնդիրների են բախվում, նախարարն ասաց, որ արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության խնդիրների մասին ահազանգեր չեն եղել: Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս տարվա դեկտեմբերի տվյալով՝ հավաստագրվել է 1400 ընկերություն, որոնցից 200-ի հիմնադիրները օտարերկրյա քաղաքացիներ են։

Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո դոլարի արժեզրկման հետևանքով Հայաստանում մի շարք ՏՏ ընկերություններ լուրջ խնդիրների առաջ են կանգնել, քանի որ դրանց մեծ մասի արտադրանքն արտահանվում է։ Ոլորտի ներկայացուցիչներն այս ամիսներին ահազանգում էին, որ ՏՏ ոլորտը լուրջ հարվածներ է ստանում դոլարի արժեզրկման հետևանքով։ Հայաստանում հոկտեմբերի դրությամբ լուծարվել է ՏՏ չորս ընկերություն, սնանկացել է չորսը, ևս 17-ի լուծարումն ընթացքի մեջ է, հաշվառումից հանվել է 342 անհատ ձեռնարկատեր։

Ի պատասխան ոլորտի ներկայացուցիչների ահազանգերի կառավարությունը խոստացել էր աջակցել ոլորտին այս փուլում, թեև ՏՏ համայնքի ներկայացուցիչները նշում էին, որ պետք է գործել անհապաղ՝ շեշտելով, որ նույնիսկ հիմա ցուցաբերվելիք աջակցությունն արդեն ուշացած կլինի։ Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած նիստի ժամանակ կառավարությունը որոշում ընդունեց 10 մլրդ դրամ հատկացնել ՏՏ ոլորտի աջակցության նպատակով՝ հունիս–հոկտեմբերի ամիսների համար եկամտահարկի վերադարձի տեսքով։ Ընդորում՝ աջակցության այս ծրագրից կարող են օգտվել այն ՏՏ ընկերությունները, որոնք այս ընթացքում չեն կրճատել իրենց աշխատողների 20 %-ից ավելին և որոնց արտահանվող արտադրանքը կազմում է ընդհանուր արտադրանքի 70 %-ը։

Կառավարությունն իրականացնում է ՏՏ ոլորտի աջակցության մեկ այլ ծրագիր ևս, որի շրջանակում աջակցությունը տրամադրվում է նոր ընդունված աշխատողների համար պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով: Պետական աջակցությունը շահառուներին կարող է հաշվարկվել և տրամադրվել 2022 թ․ մարտ ամսվա և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար։ Դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ նոր ընդունված աշխատողների եկամտահարկի 50 տոկոսի չափով պետական աջակցություն տրամադրելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է դիմել 21 կազմակերպություն։ 2022թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ փոխանցվել է 2,3 մլրդ ՀՀ դրամի չափով պետական աջակցության, իսկ 151,6 մլն ՀՀ դրամի չափով պետական աջակցության գումարը դեռևս ենթակա է վճարման։

Մեկ այլ ծրագրով կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին, մասնավորապես, շահութահարկի 0 % դրույքաչափի և եկամտային հարկի 10 % դրույքաչափի կիրառմամբ: Նոյեմբերի 24-ին այս ծրագիրը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ը: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ