ՏՏ ոլորտն այս տարի 50% աճ կունենա․ Վահան Քերոբյան

9 դեկտեմբերի, 2022  17:46

ՏՏ ոլորտը, Էնոմոիկայի նախարարության գնահատականներով, այս տարի կունենա 50% աճ, այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Պետք է հասկանանք, թե ինչպես է աճել ՏՏ ոլորտն այս տարի: Եթե նախորդ տարիներին այն աճում էր իր ընկերությունների աճի հաշվին, ապա այս տարի քանակային աճ է եղել, այսպես ասած, պայթյունային, որովհետեւ մոտ 2000 նոր փոքր եւ միջին ՏՏ ընկերություններ են Հայաստանում գրանցվել»,- ասաց նախարարը:

Վահան Քերոբյանը նշեց, որ այդ ընկերությունների եւ Հայաստան տեղափոխված մասնագետների շնորհիվ է այս տարի ոլորտը նման աճ արձանագրելու։ Նախարարի խոսքով՝ եթե տարվա սկզբում ՏՏ ոլորտում գրանցված էր 16,000 աշխատակից, այժմ այդ թիվը մոտ 25,000 է:

«Մեր գնահատմամբ՝ ոլորտի աճը կազմելու է մոտ 50%, բայց դա չի նշանակում, որ ընկերությունները խնդիրներ չունեն: ՏՏ ընկերություններն ասում էին, որ դրամի կտրուկ արժեւորման հետեւանքով իրենց արտարժութային հասույթը արժեզրկվել է, եւ իրենք հայտնվել են վնասաբերության տիրույթում: Կառավարությունն էլ անցած շաբաթ աջակցության գործիք ընդունեց, որով ընկերություններին որոշակի վազքուղի կամ թթվածին ենք տրամադրում, որպեսզի կարողանան վերադասավորվել արդեն նոր պայմաններում»,- ասաց նախարարը:

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո արտարժույթի արժեզրկման հետևանքով Հայաստանում բազմաթիվ ՏՏ ընկերություններ լուրջ խնդիրների են բախվել, քանի որ դրանց մեծ մասի արտադրանքն արտահանվում է։ Հայաստանում հոկտեմբերի դրությամբ լուծարվել է ՏՏ չորս ընկերություն, սնանկացել է չորսը, ևս 17-ի լուծարումն ընթացքի մեջ է, հաշվառումից հանվել է 342 անհատ ձեռնարկատեր։

Vahan Kerobyan.JPG (4.96 MB)
Թեև մի շարք ընկերություններ այս տարի նման խնդիրներ են ունեցել, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է ՏՏ ոլորտի 67 ընկերություն, որոնք 90 մլն դոլարից ավելի հարկ են վճարել։ Համեմատության համար նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված էր ՏՏ ոլորտի ընդամենը 39 ընկերություն: Այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ խոշոր հարկատուների ցանկում ՏՏ ոլորտի ընկերություններից առաջին տեղում է «Սինոփսիս Արմենիան», որը վճարել է 3,3 մլրդ դրամի հարկ (խոշոր հարկատուների ցանկում 55-րդ հորիզոնականում է):

Կառավարությունը ՏՏ ոլորտի աջակցության առնվազն երեք ծրագիր է իրականացնում։ Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած նիստի ժամանակ գործադիրը որոշեց 10 մլրդ դրամ հատկացնել ՏՏ ոլորտի աջակցության նպատակով՝ հունիս–հոկտեմբերի ամիսների համար եկամտահարկի վերադարձի տեսքով։ Այս ծրագրից կարող են օգտվել այն ընկերությունները, որոնք այս ընթացքում չեն կրճատել իրենց աշխատողների 20%-ից ավելին և որոնց արտահանվող արտադրանքը կազմում է ընդհանուր արտադրանքի 70%-ը։

ՏՏ ոլորտի աջակցության մյուս ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է նոր ընդունված աշխատողների համար պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով: Պետական աջակցությունը շահառուներին կարող է հաշվարկվել և տրամադրվել 2022 թ․ մարտ ամսվա և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար։ Դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ նոր ընդունված աշխատողների եկամտահարկի 50%-ի չափով պետական աջակցություն տրամադրելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է դիմել 21 կազմակերպություն։ 2022թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ փոխանցվել է 2,3 մլրդ ՀՀ դրամի չափով պետական աջակցության, իսկ 151,6 մլն ՀՀ դրամի չափով պետական աջակցության գումարը դեռևս ենթակա է վճարման։

Մեկ այլ ծրագրով կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ: Նոյեմբերի 24-ին այս ծրագիրը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ