«Երեւանը դարձնենք տեխնոլոգիական հաբ». ընթանում է SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը

9 դեկտեմբերի, 2022  12:30

Երևանում ընթանում է SILICON MOUNTAINS 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը նվիրված է թվային լուծումների կիրառմանը տնտեսության տարբեր ճյուղերում: 

Թվով 4-րդ այս գագաթնաժողովը բաղկացած է չորս պանելային քննարկումներից՝ Խելացի կառավարում, Խելացի տնտեսություն, Խելացի բանկային համակարգ և Խելացի ենթակառուցվածքներ։ Միջոցառման կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է։

Գագաթնաժողովը գաղափարախոսության շրջանակում շարունակում է մեկ հարթակում միավորել տեխնոլոգիական ոլորտի տեղական եւ միջազգային փորձագետներին,  պետական, մասնավոր, հասարակական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու 4-րդ ինդուստրիալ հեղափոխության մարտահրավերները, տեխնոլոգիական անխուսափելի ապագան եւ դրանից բխող բոլոր հնարավորություններն ու ռիսկերը: 

IMG_4888.JPG (988 KB)

Գագաթնաժողովի սկզբում ցուցադրվեց տեսահոլովակ, որը պատմում է նախկին երեք գագաթնաժողովների մասին:

Իր ողջույնի խոսքում Տեղեկատվության եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը նշեց, որ այս տարիների ընթացքում իրենք մեկ հարթակում հավաքել են ավելի քան 40 բանախոսների մոտ 10 երկրներից։

«Մենք փորձել ենք այստեղ հավաքել հայտնի գործարարների, որոնք ՏՀՏ ոլորտը չեն ներկայացնում, բայց լայնորեն  կիրառում են ոլորտի լուծումներն իրենց բիզնեսի զարգացման համար, իրենց բերած օրինակը շատ հետաքրքիր կլինի այլ բիզնեսների համար»,-ասաց նա:

IMG_4853.JPG (969 KB)

Իր հերթին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշեց, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը շարունակում է վստահորեն պահպանել ու զարգացնել տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղը լինելու իր դիրքերը։

«Դրա մասին է վկայում այն, որ տարածաշրջանային ճգնաժամերի դեպքում տաղանդի ներհոսքը  հիմնականում տեղի ունեցավ հենց Հայաստան: Գիտենք, որ տաղանդը գնում է ավելի զարգացած, ավելի հայտնի տեղեր, որտեղ կարող է ստեղծագործել: Լինել կենտրոն այնքան էլ հեշտ չէ, տարբեր երկրներ մրցակցության մեջ են մտնում եւ անհրաժեշտ է դա որպես մարտահրավեր ընդունել եւ մեծ ջանքեր գործադրել այս ուղղությամբ: Կապը գիտության, կրթության, արդյունաբերության եւ տնտեսության միջեւ պետք է բերել ֆունդամենտալ նոր մակարդակի: Սա պետք է լինի մեր ապագայի մասին խոսակցությունը  Հայաստանի գիտատեխնոլոգիական  նոր թռիչք ապահովելու վերաբերյալ»,-ասաց Արշակյանը:

Ողջույնի խոսքով  ելույթ ունեցավ նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը նշեց, որ այս տարի ՀՀ տնտեսությունն ունի համարյա ռեկորդային աճ, ինչն ուրախալի է։

«Այդ աճի մեջ ՏՏ ոլորտի ներդրումը ամենամեծն է, թե՛ ուղղակի, ըստ որի ոլորտը 50 տոկոս աճ է արձանագրել, թե՛ անուղղակի, որովհետեւ տարածաշրջանային ճգնաժամի  արդյունքում Հայաստան եկան բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, որոնք իրենց ներդրումն ունեցան ոչ միայն ՏՏ ոլորտում, այլ նաեւ հարակից ոլորտներում:

IMG_4838.JPG (960 KB)

Մենք դեռ որոշ ժամանակ առաջ մեր առջեւ պլան էինք դրել, թե ինչպես Երեւանը դարձնենք տեխնոլոգիական հաբ, որտեղ կարող ենք ներգրավել նորարարություններին միտված  մարդկանց, որովհետեւ այսօր ամենաթեժ մրցակցությունը գնում է հենց այդ մարդկանց համար»,-ասաց նախարարը՝ ներկայացնելով, թե ինչ ծրագրեր է իրականացնում կառավարությունն այդ ուղղությամբ:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին նշեց, որ թվային տեխնոլոգիաների հիմնական կրողը, առաջամարտիկը բիզնեսն է։ «Մենք այսօր պետք է մտածենք խելացի համակարգերի ստեղծման, նորարարական լուծումների մասին, որովհետեւ հապաղելու ժամանակ չկա: Մենք կառավարության գործընկերների հետ նախորդ տարի որոշեցինք, որ անցնում ենք թվային հասարակության կոնցեպտին: Դրա երեք ուղենիշներն են՝ ազգային էլեկտրոնային նույնականացման համակարգի ստեղծում, համակարգերի միջեւ փոխգործելիություն, կիբերանվտանգություն: Ազգային էլեկտրոնային նույնականացման համակարգի ստեղծումը էականորեն կարագացնի խելացի լուծումների տարածումը Հայաստանում: Մեր նպատակներից մեկն է նաեւ անկանխիկ տնտեսության զարգացմանը»,-ընդգծեց նա:

Նշենք, որ SILICON MOUNTAINS-2022 տեխնոլոգիական նախորդ՝ երրորդ գագաթաժողովը կայացել է Երեւանում այս տարվա հունիսի 17-ին: Այն անցկացել է թվային փոխակերպում, կիբեռանվտանգություն եւ ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաներ թեմաների շուրջ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ