Պենտագոնը խզել է Microsoft-ի հետ $10 մլրդ-ի պայմանագիրը․ ամպային նոր նախագիծը կիրականացնի 4 ընկերություն

9 դեկտեմբերի, 2022  11:15

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը ամերիկյան չորս ՏՏ ընկերություն է վարձել է իր ամպային ենթակառուցվածքի զարգացման նախագիծն իրականացնելու համար: Դրանք են Amazon-ը, Google-ը, Microsoft-ը և Oracle-ը: Նախորդ նման նախագիծը Microsoft-ն իրականացրել է միայնակ, և այս մեկի համար այն պետք է կազմեր 10 միլիարդ դոլար, սակայն զինվորականներն արագ փակել են այն: Այժմ Microsoft-ը լավագույն դեպքում կստանա 2,25 միլիարդ դոլար։

Microsoft-ին չեն խաբել

Microsoft կորպորացիան ներառվել է նոր նախագծում, որի նպատակն է զարգացնել Պենտագոնի Joint Warfighter Cloud Capability (JWCC) ամպային ենթակառուցվածքը: Մեկուկես տարի առաջ Պենտագոնը կտրուկ որոշում էր կայացրել և փակել նման մեկ այլ նախագիծ՝ Joint Enterprise Defense Infrastructure-ը (JEDI)։ Այդ նախագիծն ուներ նույն նպատակը, և դրա միակ կապալառուն Microsoft-ն էր:

Ինչպես գրում է Fortune-ը, այս անգամ Պենտագոնը որոշել է չսահմանափակվել միայն մեկ կապալառուով։ JWCC-ի պայմանագրի մասն են կազմում ԱՄՆ խոշորագույն ՏՏ ընկերություններ Amazon-ը, Google-ը, Microsoft-ը և Oracle-ը։

Բայց եթե JEDI-ի սկզբնական պայմանագիրը Microsoft-ին խոստանում էր 10 միլիարդ դոլարի հասույթ, ապա JWCC-ի դեպքում նման գումարի մասին այլևս խոսք չկա։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 մլրդ դոլար, և այն կբաժանվի բոլոր կապալառուների միջև։ Հայտնի չէ, թե ընկերություններից որին ինչքան գումար կհասնի, սակայն նույնիսկ եթե 9 մլրդ դոլարը հավասարապես բաժանվի բոլորի միջև, ապա Microsoft-ը կստանա 2,25 միլիարդ դոլար, ինչը 4,5 անգամ ավելի քիչ է, քան ընկերությունը կարող էր ստանալ JEDI-ի համար։

Բացի դրանից, իր մասնաբաժինը Microsoft-ն անմիջապես չի ստանա, քանի որ JWCC նախագծով նախատեսվող բոլոր առաջադրանքները պետք է ավարտվեն ոչ ուշ, քան 2028 թ․ հունիսը:

Մեկը բոլորի դեմ

JWCC նախագիծը նախատեսված է հինգուկես տարվա համար, մինչդեռ Microsoft-ը պետք է JEDI-ն իրականացներ 10 տարվա ընթացքում։ Ընկերությունը JEDI պայմանագիրն ստացել է 2019 թ․  հոկտեմբերին, չնայած Amazon-ը, IBM-ը և Oracle-ը նույնպես հայտ են ներկայացրել դրա համար: Տենդերը պարտված ընկերություններն անմիջապես դիմել էին դատարան, սակայն նրանց բողոքը սկզբում ոչ մի արդյունք չտվեց։   

Այնուամենայնիվ, արդեն 2021 թ․ հուլիսին JEDI նախագիծը փակվեց։ Պենտագոնը պարզաբանում էր, որ չի ցանկանում իր ամպային ենթակառուցվածքի զարգացումը վստահել միայն մեկ մատակարարի, այս դեպքում՝ Microsoft-ին:

JEDI նախագծի շրջանակում Microsoft-ը պետք է մշակեր, գործարկեր և հետագայում սպասարկեր և զարգացներ ամպային հարթակը ԱՄՆ բանակի և պաշտպանական ոլորտի գաղտնի տվյալները պահելու և կառավարելու համար:

Ի՞նչ սկզբունքով են ընտրվել մասնակիցները

Հայտնի չէ, թե արդյոք ամերիկյան ընկերությունների դատարան դիմելը ազդել է JWCC նախագծի կապալառուների ցուցակի վերաբերյալ Պենտագոնի վերջնական որոշման վրա։ Ըստ մասնագետների՝ չի բացառվում, որ Պենտագոնը պարզապես որոշել է, որ իր ամպային նախագիծը պետք է մշակեն բացառապես այս շուկայի խոշորագույն խաղացողները։

Ըստ Statista.com-ի 2022թ. երրորդ եռամսյակի տվյալների՝ Amazon-ը, օրինակ, զբաղեցնում է ամպային գլոբալ շուկայի 34%-ը: Microsoft-ը երկրորդն է՝ 21%, իսկ Google-ը եզրափակում է լավագույն եռյակը՝ 11%: Այսինքն՝ չորս կապալառուներից երեքն իսկապես խոշորագույն խաղացողներն են ամպային գլոբալ շուկայում, որոնց ընդհանուր մասնաբաժինը կազմում է 66%: Բայց այս առումով պարզ չէ, թե ինչպես է Oracle-ը հայտնվել JWCC կապալառուների քառյակում:

Statista-ի վարկանիշում Oracle-ը ​​զբաղեցնում է միայն ութերորդ հորիզոնականը՝ 2% գլոբալ մասնաբաժնով։ IBM-ը, որը նույնպես հավակնում էր մասնակցել JEDI նախագծին, ունի շուկայի 3% մասնաբաժինը, ինչպես SalesForce-ը: Այս ցուցակում Oracle-ից առաջ են Tencent-ը և Alibaba-ն, սակայն Պենտագոնը երբեք նրանց չի վստահի իր ամպի կառուցումը, քանի որ դրանք չինական ընկերություններ են։

Amazon cloud.jpg (79 KB)

Հնարավոր է, որ Պենտագոնն իր ընտրությունը կատարել է՝ հիմնվելով այն փաստի վրա, որ ԱՄՆ տարբեր պետական ​​կառույցներ արդեն օգտագործում են այս չորս կապալառուների ամպային ծառայությունները: Օրինակ՝ Amazon-ն իր սերվերները տրամադրում է մոտ 5000 նման կազմակերպությունների, այդ թվում՝ Կենտրոնական հետախուզական վարչությանը։

Ի՞նչ կապ ունի Թրամփն այս ամենի հետ

Պետական գերատեսչությունների հետ կնքվող պայմանագրերից մեկ մյուսով փոխարինելու ողջ պատմության ընթացքում բազմիցս է հնչել հայտնի գործարար, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անունը։ JEDI նախագծի դեմ իր բողոքում Amazon-ը պնդում էր, որ Microsoft-ը անարդարացիորեն է ճանաչվել այդ տենդերի հաղթող։

Amazon-ը հայտարարել էր, թե վստահ են, որ դա չէր կարող տեղի ունենալ առանց Թրամփի միջամտության։ Թրամփը նախկինում պարբերաբար բացահայտ քննադատել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։ Այդ ժամանակ լուրեր էին պտտվում, թե Թրամփը նույնիսկ պատրաստ էր չեղարկել JEDI նախագծի տենդերը միայն թե Amazon-ը չճանաչվի հաղթող։

Microsoft-ն այդ ժամանակ անմիջապես արձագանքել էր՝ նշելով, որ Amazon-ի պնդումները անհիմն են: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարել էր, որ Թրամփը չի միջամտել JEDI նախագծի կապալառուի ընտրության գործընթացին։ Այնուամենայնիվ, 2021 թ․ ապրիլին Amazon-ի հայցը քննող դատարանն ընդգծել էր, որ չի կարող բացառել Դոնալդ Թրամփի միջամտության հնարավորությունը JEDI նախագծի հաղթողի ընտրության գործընթացին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ