Apple-ն ընդլայնում է iCloud-ում ծայրից ծայր կոդավորման համակարգը, իսկ Apple Music-ը կարաոկեի գործառույթ կստանա

8 դեկտեմբերի, 2022  14:55

Apple-ը միանգամից երկու նորություն է հայտնել իր սպառողներին։ Ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է ընդլայնել iCloud-ի տվյալների ծայրից ծայր կոդավորման համակարգը։ Բացի դրանից, երաժշտական հավելված Apple Music-ում նոր թարմացում կլինի, որի շնորհիվ հավելվածը կարաոկեի գործառույթ կստանա։

iCloud-ում ծայրից ծայր կոդավորման ընդլայնում

Ընկերությունը հայտարարել է, որ կընդլայնի iCloud ծառայության տվյալների ծայրից ծայր կոդավորման համակարգը, որում կներառվեն տվյալների պատճենումերը (backups), լուսանկարները, նշումները, չատերի արխիվը և այլ ծառայություններ։

Ըստ մասնագետների՝ այս նախաձեռնությունը կարող է հետագայում էլ ավելի պաշտպանել օգտատերերի տվյալները, բայց նաև կարող է լարվածություն առաջացնել իրավապահ մարմինների հետ ողջ աշխարհում:

Անվտանգության մի քանի նոր գործիքների թվում է մի գործառույթ, որը կոչվում է «Տվյալների ընդլայնված պաշտպանություն» (Advanced Data Protection)։ Այն թույլ կտա օգտատերերին որոշակի տվյալներ ավելի ապահով պահել հաքերներից, կառավարություններից և լրտեսներից, նույնիսկ այն դեպքում, եթե Apple-ի տվյալների արտահոսք տեղի ունենա:

Խնդիրներ իրավապահների հետ

Այս փոփոխությունից հետո իրավապահ մարմինները չեն կարողանա այդ տվյալներին հասանելիություն ստանալ նույնիսկ դատարանից թույլտվություն ունենալու դեպքում: Ծայրից ծայր կոդավորման պարագայում նույնիսկ Apple-ը չի կարող մուտք գործել այդ տվյալներ․ դա կարող են անել միայն այդ տվյալներն ուղարկողն ու ստացողը: Արդյունքում, Apple-ը չի կարողանա կատարել իրավապահների պահանջները, եթե վերջիններս որևէ հետաքննության շրջանակում ընկերությունից պահանջեն իրենց տրամադրել ամպում պահվող այս տվյալները։

Apple-ը նախկինում կոնֆլիկտներ ունեցել է իրավապահ մարմինների հետ, որոնք փորձել են հասանելիություն ստանալ որոշ օգտատերերի սարքերի տվյալներին։ Նման դեպք գրանցվել է 2015-ին, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոն փորձել էր կոտրել Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքում տեղի ունեցած հարձակման մասնակիցներից մեկի մեկի iPhone-ը։

Ինչպես նշում է CNN-ը, վերջին տարիներին Apple-ն ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձնում օգտատերերի տվյալների գաղտնիությանը։ Ընկերությունը գործարկել է հատուկ ֆունկցիա, որը նախատեսված է լրագրողներին և իրավապաշտպաններին լրտեսող ծրագրերից պաշտպանելու համար:

Ընկերությունը նշել է, որ այս վերջին թարմացումն արվում է չարագործների կողմից օգտատերերի տվյալներին սպառնացող «ավելի բարդ և համալիր» վտանգների դեմ պայքարելու շրջանակում, ինչպես նաև հաշվի առնելով տվյալների արտահոսքերի աճը վերջին շրջանում։

Apple Music-ը կարաոկեի գործառույթ կստանա

Apple-ը նաև հայտարարել է իր Apple Music երաժշտական ​​ծառայության թարմացման մասին. նոր Sing գործառույթը թույլ կտա սթրիմինգային հարթակը որպես կարաոկեի գործի օգտագործել:

«Apple Music-ում բառերի որոնումը մշտապես եղել է մեր ծառայության ամենահայտնի գործառույթներից մեկը, ուստի մենք ցանկանում էինք հետագայում զարգացնել այս առաջարկը՝ երգելու միջոցով երաժշտության մեջ էլ ավելի ներգրավվածություն ապահովելու համար»,- ասել է Apple-ի Apple Music և Beats ծառայությունների հարցերով փոխնախագահ Օլիվեր Շուսերը:

Apple Music Sing-ը թույլ կտա օգտատերերին ընտրել երգի բնօրինակ աուդիոթրեքի ձայնի մակարդակը, խառնել աուդիոթրեքները միմյանց հետ և միևնույն երգը երգել մի քանի ձայնով: Հատուկ ալգորիթմը թույլ կտա դասավորել երաժշտության հետ սինխրոնիզացված տեքստը՝ հաշվի առնելով կատարողների քանակը և առանձին աուդիոթրեք հատկացնել բեքվոկալի համար:

Apple Music Sing գործառույթը հասանելի կլինի դեկտեմբերի վերջին Apple Music-ի բաժանորդների համար ողջ աշխարհում: Նոր գործառույթի աջակցություն ունեն iPhone-ների, iPad-ների և նոր Apple TV 4K-ի հավելվածները։ 


 
 
 
 
  • Արխիվ