Ինչպե՞ս կազդի կառավարության աջակցության ծրագիրը ՏՏ ոլորտի վրա. տնտեսագետը համակարգային լուծում է առաջարկում

7 դեկտեմբերի, 2022  18:43

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 1-ի նիստում 10 մլրդ դրամ (մոտ 25 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել ՏՏ ոլորտին աջակցության ծրագրի համար. ծրագրի շրջանակում որոշ ընկերությունների այդ գումարը կտրամադրվի եկամտային հարկի հետ վերադարձի տեսքով։ DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանը կարծում է, որ այս որոշման հիմքում ընկած չափորոշիչները կարելի էր մեղմել։

Ընդունված որոշման համաձայն՝ աջակցություն կարող են ստանալ ՏՏ ոլորտի այն ընկերությունները և անհատ ձեռներեցները, որոնք 2022 թ․ հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխատակիցներին վճարվող իրենց աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել ավելի քան 20%-ով, իսկ արտահանվող ծառայությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է շրջանառության առնվազն 70%-ը: Սա նշանակում է, որ ոչ բոլոր ՏՏ ընկերությունները կարող են հույս դնել պետական ​​աջակցության վրա, ինչպես նախկինում առաջարկում էր էկոնոմիկայի նախարարության նախագծով։ Եվ շատերը դժգոհ են այս որոշումից։

«Ցավոք սրտի, որոշման նախագիծն անընդհատ փոփոխվում էր, և վերջին պահին որոշում կայացվեց, որը չներկայացվեց հանրային քննարկման։ Ժամանակը քիչ էր, և պետք էր արագ արձագանքել։ Սակայն այդ պատճառով կայացվեց որոշում, որը վերաբերում է այն ընկերություններին, որոնք արտահանում են իրենց արտադրանքի 70%-ը։ Սա հասկանալի է, քանի որ խնդիրը փոխարժեքի տատանման մեջ է և վերաբերում է արտահանողներին»,- NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Որոշման մեջ, սակայն, հաշվի չի առնվում այն ​​հանգամանքը, որ կան ստարտափներ, որոնք ներդրումներ են ստացել արտարժույթով և դեռ չեն արտադրում արտահանվող արտադրանք։ Նման ստարտափները նույնպես լրջորեն տուժել են դրամի արժեւորումից, սակայն պարզվում է, որ նրանք չեն կարող ընդգրկվել ծրագրի շահառուների ցանկում, քանի որ չեն համապատասխանում վերը նշված չափանիշներին։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում փոխարժեքի հետ կապված խնդիրների պատճառով տուժել է ողջ ոլորտը, քանի որ ՏՏ ոլորտի ընկերությունների 90%-ի գործունեությունը կապված է արտարժույթի և արտահանման հետ։

«Ես առաջիններից մեկն էի, ով պաշտպանեց այս որոշումը, ուստի գնահատում եմ այն ​​փաստը, որ այն վերջապես ընդունվեց: Բայց վատն այն է, որ այս ամենը շատ երկար ձգվեց։ Ես ասում էի, որ հարցի լուծումը ձգձգելը միայն կխորացնի խնդիրը։ Ամեն դեպքում, սա լուրջ աջակցություն կլինի փոքր ընկերություններին, որոնք կկարողանան վերախմբավորել իրենց բիզնեսը և գումարն օգտագործել գործունեության գրագետ պլանավորման համար՝ հաշվի առնելով դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ։ Խոշոր ընկերությունների համար այս որոշումն այդքան լուրջ ազդեցություն չի ունենա, բայց կարող է ցույց տալ, որ ՀՀ կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում ՏՏ ոլորտին և լուծումներ է տալիս բարձրացված խնդիրներին»,- հավելեց DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։

Esterox ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Ադամյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում ողջունեց ՏՏ ոլորտին աջակցության ծրագրի ընդունումը, սակայն, ինչպես շատ փորձագետներ, նա ևս այն ուշացած է համարում:

«Եթե կառավարությունն ավելի վաղ նման որոշում ընդուներ, շատ ընկերություններ այլ ռազմավարություն կընտրեին։ Մեր ընկերության օրինակով կարող եմ ասել, որ մենք ավելի ազատ կգործեինք, բացի դրանից՝ կկարողանայինք խուսափել կրճատումներից»,- ընդգծեց նա՝ կառավարությանը հորդորելով հետագայում ավելի արագ որոշումներ կայացնել։

Տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը NEWS.am Tech-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց, որ ՏՏ ոլորտում առկա խնդիրները կապված են արժույթի փոխարժեքի տատանումների հետ։ Փորձագետը կարծում է, որ փոխարժեքի հետ կապված խնդիրը համարժեք լուծելու համար բոլորովին այլ քայլեր և այլ լուծումներ են պահանջվում։

«Ի վերջո, վաղը կարող են տուժել նաև այլ ոլորտներ, ասենք, ռուբլու փոխարժեքի տատանումներից։ Եվ ի՞նչ, սկսելու ենք այնտե՞ղ էլ աջակցության համար գումար հատկացնել: Աջակցության ծրագիրն ինքնին լավ նախաձեռնություն է, բայց ընկերությունները վնասներ են կրում իրենց վարած քաղաքականության հետևանքով, իսկ փոխարժեքը կարելի էր գրագետ կառավարվել կառուցվածքային գործիքներով։ Բայց դա չի արվում»,- կարծում է Ադոնցը։

Այսօր փոխարժեքի հետ կապված խնդիրների պատճառով տուժում են արտահանողները, տրանսպորտային ընկերությունները, գյուղատնտեսության ոլորտի ընկերությունները և շատ ուրիշներ։ Եվ դժվար թե կառավարությունը պատրաստ է փոխհատուցել նրանց բոլոր կորուստները։

«Այո, կարելի է փոխհատուցել, բայց կարելի է նաև գրագետ քաղաքականություն վարել։ Հենց այս քաղաքականությունն է այսօր բացակայում»,- նկատեց տնտեսագետը։

Ադոնցը բացատրեց, որ կառուցվածքային փոփոխությունները ենթադրում են այլ ոլորտների զարգացման հստակ ծրագիր։

«Հայաստանում հինգ ուղղություններով աճ կա, բայց դրանք շատ խոցելի են և ապագայում զարգացման մեծ ներուժ չունեն։ Խոսքն այնպիսի ոլորտների մասին է, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, շինարարությունը, վերամշակող արդյունաբերությունը։ Այս ոլորտներում շուկայում գերհագեցվածություն է նկատվում։

Ուստի անհրաժեշտ է կենտրոնանալ նոր ոլորտների զարգացման վրա՝ մեքենաշինություն, էլեկտրոնիկա, օպտիկա և այլ ոլորտներ:

Դրա համար պետք է պայմաններ ստեղծել դրանց զարգացման համար, ստեղծել ներդրումների պահանջարկ այս ոլորտներում, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն այդտեղ գումարներ ներդնել։ Սա մարդկանց կխրախուսի արտարժույթի շուկայում դոլար և եվրո գնել, այդ գումարով սարքավորումներ գնել, ներդրումներ կատարել՝ դրանով իսկ հավասարակշռելով փոխարժեքը։ Սրանք այն կառուցվածքային գործիքներն են, որոնք կարող են բերել թե՛ այս ոլորտների զարգացմանը, թե՛ փոխարժեքի կարգավորմանը»,- ասաց տնտեսագետը։ 


 
 
 
 
  • Արխիվ