400 մլրդ դոլար․ եվրոպական տեխնոլոգիական արդյունաբերությունը կորցրել է շուկայական արժեքի 18%-ը

8 դեկտեմբերի, 2022  10:31

Եվրոպական տեխնոլոգիական արդյունաբերությունն այս տարի կորցրել է իր շուկայական արժեքի 18%-ը, ինչը կազմում է 400 միլիարդ դոլար, այս մասին ասվում է Atomico վենչուրային ընկերության հրապարակած զեկույցում:

Եվրոպայում պետական և մասնավոր տեխնոլոգիական ընկերությունների ընդհանուր արժեքը 3,1 տրիլիոն դոլարից (2021 թ․ վերջին) նվազել է մինչև 2,7 տրիլիոն դոլար: Մասնագետները նման անկման մի քանի պատճառներ են նշում՝ ռեկորդային բարձր տոկոսադրույքներ, աշխարհաքաղաքական անկայունություն, Ուկրաինայում պատերազմ, տաղանդավոր մասնագետների պակաս և այլն։

«Սա ամենադժվար մակրոտնտեսական իրավիճակն է համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո»,- CNBC-ին ասել է Atomico-ի գործընկերներից Թոմ Ուեմեյերը:

Քիչ գումար են կարողանում ներգրավել

Շուկայում առկա իրավիճակի պատճառով եվրոպական մի շարք հայտնի ընկերություններ կարողացել են էապես քիչ միջոցներ հայթայթել, քան կանեին, երբ իրենց շուկայական արժեքը շատ ավելի բարձր էր գնահատվում։ Օրինակ` շվեդական Klarna Bank AB վճարային ընկերությունը կարողացել է 800 միլիոն դոլար հայթայթել, քանի որ ընկերությունն այժմ գնահատվում է 6,7 միլիարդ դոլար (85% պակաս), այն դեպքում երբ անցած տարի ընկերությունը գնահատվում էր 46 մլրդ դոլար։

Վենչուրային կապիտալի ֆինանսավորումը Եվրոպայում տարեկան կրճատվել է մինչև 85 միլիարդ դոլար, ինչը 18%-ով անկում է 2021 թ․ հավաքված 100 միլիարդ դոլարի համեմատ։ Այս ցուցանիշը հիմնված է 41 երկրից հավաքված տվյալների վրա:

Atomico-ի զեկույցում ասվում է, որ Եվրոպայում 74-ով պակասել է (2021 թ․ 105-ից հասել է 21-ի) նաև «միաեղջյուր» ընկերությունների թիվը։ Սրանք այն ընկերություններն են, որոնց արժեքը կազմում է 1 միլիարդ դոլար կամ ավելի։

Ոլորտը լավատես է

Չնայած այս մարտահրավերներին, պարզվում է՝ ոլորտի ներկայացուցիչները եվրոպական տարածաշրջանում չեն կորցնում լավատեսությունը: Եվրոպայում ՏՏ ընկերությունների հիմնադիրների և ներդրողների շրջանում անցկացված հարցման ժամանակ հարցվածների 77%-ն ասել է, որ իրենք կա՛մ նույնքան խանդավառ են, կա՛մ ավելի շատ են ոգևորված եվրոպական տեխնոլոգիական արդյունաբերության ապագայով, քան 2021 թ․:

«Սա նոր իրականություն է։ Ֆինանսական շուկաները փոխվել են, և դրա հետ մեկտեղ պետք է փոխվի բոլոր նրանց ակնկալիքները, որոնք աշխատում են եվրոպական տեխնոլոգիական ոլորտում»,- Reuters-ի հետ զրույցում ասել է Թոմ Ուեմեյերը։

Իրավիճակը Հայաստանում

Հայաստանի ՏՏ ոլորտում նույնպես խնդիրներ են ծագել։ Երբ ռուս–ուկրաինական պատերազմից հետո Հայաստանում արտարժույթը զգալիորեն արժեզրկվեց, ՏՏ մի շարք ընկերություններ լրջագույն բարդությունների առաջ կանգնեցին, քանի որ դրանց մեծ մասի արտադրանքը հիմնականում վաճառվում է դրսում՝ արտարժույթով։ Այս տարվա հոկտեմբերի դրությամբ Հայաստանում լուծարվել է ՏՏ չորս ընկերություն, ևս 17-ի լուծարումն ընթացքի մեջ է, սնանկացել է չորս ընկերություն հաշվառումից հանվել է 342 անհատ ձեռնարկատեր։

Դեկտեմբերի 1-ի նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 10 մլրդ դրամ հատկացնել ՏՏ ոլորտի աջակցության համար։ Աջակցությունը, որը կտրամադրվի եկամտահարկի վերադարձի տեսքով և հունիս-հոկտեմբեր ժամանակահատվածի համար, կստանան ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերը, որոնք 2022 թ․ հունիս-հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի, ինչպես նաև իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալն աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը։





 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ