Դեկտեմբերի 9-ին Երեւանում կկայանա SILICON MOUNTAINS 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը

7 դեկտեմբերի, 2022  16:02

Դեկտեմբերի 9-ին, ժամը 09։30 Մատենադարանում Մաշտոցի պողոտա 53, նոր մասնաշենք) կկայանա SILICON MOUNTAINS 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը նվիրված է թվային լուծումների կիրառմանը տնտեսության տարբեր ճյուղերում:

Արդեն չորրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։

Գագաթնաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրենը, ՀՀ ԱԺ փոխնախագահը, ՀՀ ԲՏԱ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարները, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը։

Այս անգամ գագաթնաժողովը բաղկացած է չորս պանելային քննարկումներից՝ Խելացի կառավարում, Խելացի տնտեսություն, Խելացի բանկային համակարգ և Խելացի ենթակառուցվածքներ։

Խելացի կառավարումը ժամանակակից տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է, որը համադրում է տեխնոլոգիայի և նորարարության օգտագործումը՝ կառավարման մարմիններում որոշումների կայացումը ու պլանավորումը հեշտացնելու և աջակցելու նպատակով:

Այս պանելի բանախոսներն են՝ Համաշխարհային և HSBC բանկերի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր կառույցների ղեկավարները։

Խելացի տնտեսությունը տեխնոլոգիական նորարարությունների վրա հիմնված տնտեսությունն է, որն ապահովում է արդյունավետություն, կայունություն և բարձր սոցիալական բարեկեցություն և ծառայում է որպես հաջողության շարժիչ: Նորարարությունների և ձեռնարկատիրական նոր նախաձեռնությունների ընդունումը բարձրացնում է արտադրողականությունը և մրցունակությունը՝ նպատակ ունենալով բարելավել բոլոր քաղաքացիների կյանքի որակը:

Այս պանելը մեկ տեղում է միավորել պետական պաշտոնյաներին, տարբեր ոլորտների բիզնեսների ղեկավարներին, որոնք իրենց բիզնեսում կիրառում են խելացի լուծումներ։

Խելացի բանկային համակարգը անմասն չէր կարող մնալ, երբ խոսքը վերաբերում է թվային լուծումներին, քանի որ բանկն այսօր յուրաքանչյուրի գրպանում է։

Խելացի բանկային համակագի մասին կխոսեն, ինչպես թվային լուծումներ կիրառած ու բազմամյա փորձ ունեցող բանկերի ղեկավարները, այնպես էլ նորաստեղծ ստարտափի հիմնադիրները։

Խելացի ենթակառուցվածքները էական նշանակություն ունեն խելացի երկիր ստեղծելու գործում, իսկ հեռահաղորդակցության ընկերությունները՝ կենսական դեր են խաղում ենթակառուցվածքների անխափան կապի ապահովման համար։

Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերությունների տնօրենները կքննարկեն խելացի ենթակառուցվածքներ ստեղծելու տեսլականը։

Միջոցառման գլխավոր գործընկերն է «Յունիքոմփ» ընկերությունը։ Այն առաջարկում է կիբեռանվտանգության, ամպային, ցանցային և հաղորդակցության լուծումներ, ինչպես նաև՝ տեխնիկական աջակցություն, ՏՏ աուդիտ և խորհրդատվություն։

Միջոցառման գործընկերն է «Ամերիաբանկ»-ը, որը Հայաստանի ֆինանսական-տեխնոլոգիական առաջատար ընկերություններից է: Այն շարունակաբար ներդրումներ է կատարում նոր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ:

«Ամերիաբանկ»-ն առաջինն է գործարկել թվային էկոհամակարգ, որը գործում է մեկ պատուհանի սկզբունքով` առաջարկելով ֆինանսական և ոչ ֆինանսական մի շարք ծառայություններ:

Միջոցառման գործընկերներն են նաև ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություները, RECONOMY` Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրը, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercorporation-ի կողմից՝ Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում:


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ