Looky․ ՌԴ-ում գործարկվել է Instagram-ի ռուսական տարբերակը․ ի՞նչ նոր հնարավորություններ ունի այն

6 դեկտեմբերի, 2022  20:11

Ռուսաստանում գործարկվել է նոր սոցիալական ցանց՝ Looky-ին։ Նախագծի շնորհանդեսի ժամանակ դրա ղեկավար Եգոր Յակովլևն ասել է, որ այն նախատեսված է փոխարինելու Instagram-ին և նրա բոլոր հիմնական գործառույթներին։

Ռուսական նոր սոցցանցում արված ներդրումները կազմել են 160 միլիոն ռուբլի։ Սոցցանցի ստեղծողներն ակնկալում են մինչև 2024 թ․ Instagram-ից իրենց հարթակ բերել ռուսաստանցի օգտատերերի առնվազն 10 տոկոսին:

Նոր գործառույթներ

Եգոր Յակովլևն ասել է, որ Looky-ն պահպանել է Instagram-ի բոլոր հիմնական գործառույթները, ինչպիսիք են գրառումները, Story-ն, անձնական հաղորդագրությունները, ֆիլտրերը, հեշթեգերը և այլն։ Սակայն ավելացրել են նաև նոր հնարավորություններ, որոնք օգտատերերը կցանկանային ունենալ: Օրինակ, Looky-ը թույլ է տալիս անմիջապես գրառումներում հրապարակել արտաքին հղումներ (Instagram-ում դրանք թույլատրվում էին միայն պրոֆիլի վերնագրում և Story-ում), ներկառուցված է լոյալության ծրագիր, որն օգտագործում է բլոկչեյն և NFT տեխնոլոգիաները։ Նոր սոցցանցում հնարավոր է նաև գրառումները դասակարգել թեմատիկ թղթապանակներում։

Սակայն սրանք նոր սոցցանցի միակ նորությունները չեն։ Յակովլևը նշել է, որ Instagram-ի բոլոր տվյալները կարող են փոխանցվել Looky-ին «մեկ սեղմումով»։ Ավելին, Instagram-ից կփոխանցվի ոչ միայն բուն բովանդակությունը, այլև օգտատիրոջ մականունը, ինչպես նաև այլ պրոֆիլներին բաժանորդագրությունները և հենց օգտատիրոջ բաժանորդները (եթե նրանք արդեն գրանցվել են են Looky-ում): Սինքրոնացումից հետո գրառումները, որոնք օգտատերը տեղադրում է Instagram-ում, կհրապարակվեն նաև Looky-ում, բայց ոչ հակառակը։

Հավատարմության սեփական ծրագիր

Ռուսական նոր սոցցանցն ունի նաև հավատարմության իր սեփական ծրագիրը. գրառումներ անելու, Story-ներ տեղադրելու և նոր բաժանորդներ ներգրավելու դիմաց օգտատերերը կխրախուսվեն՝ ստանալով այսպես կոչված Looks-եր։ Դրանք կարելի է փոխանակել Looky-ի նվերներով կամ լրացուցիչ հնարավորություններով՝ ավելի հայտնի դառնալու համար։ Ընդորում՝  պարգևները պահվում են բլոկչեյնում:

Բացի դրանից, հաջորդ տարի նոր սոցիալական ցանցը նախատեսում է ներդնել թիրախավորման համակարգ և գովազդային գործիքներ։

Looky հավելվածը հասանելի է ներբեռնման համար Google Play-ում, App Store-ում և AppGallery-ում:

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանն արգելել է իր տարածքում Facebook և Instagram սոցցանցերի գործունեությունը, որոնք երկուսն էլ պատկանում են Meta ընկերությանը։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ