NASA-ն Լուսնի վրա քարանձավ է գտել, որտեղ կարող են ապրել տիեզերագնացները

6 դեկտեմբերի, 2022  21:36

Ամերիկացի գիտնականները Լուսնի վրա քարանձավ են հայտնաբերել, որը հարմար կլինի հետազոտական ​​բազա ստեղծելու համար։ Գիտնականները հաշվարկել են, որ այնտեղ ջերմաստիճանը մշտապես պահպանվում է +17° C-ի սահմաններում, ինչը լուսնային ծանր պայմաններում մարդկանց համար ապրելու հիանալի տարբերակ է։

NASA-ն ցանկանում է մշտական ​​բազա կառուցել Լուսնի վրա, բայց դա հեշտ չէ: Օրվա և գիշերվա լուսնային ցիկլը տևում է 30 երկրային օր, ինչը նշանակում է, որ այստեղ ապրող մարդիկ պետք է պատրաստվեն 15 մութ և 15 պայծառ երկրային օրերի, իսկ ջերմաստիճանը տատանվում է համապատասխանաբար -170 ° C-ից մինչև +120 ° C: Մագնիսական դաշտի բացակայության պայմաններում Լուսնի վրա ճառագայթումը 200 անգամ գերազանցում է Երկրի բնական ֆոնին, իսկ մթնոլորտի բացակայության պատճառով երկնաքարերն ավելի մեծ արագություն և հարվածի մեծ ուժ ունեն։

Որպես բնական ապաստան կարող են ծառայել լավայից գոյացած խողովակները։ Դրանք փակ անցումներ են, որոնք ձևավորվել են այն ժամանակ, երբ Լուսնի վրա դեռևս հրաբխային ակտիվություն կար։ Մինչ օրս ամերիկացի գիտնականները վստահ են, որ հայտնաբերվել են 16 խոռոչներ, որոնք ձևավորվել են լավայի խողովակների վերին մակերեսի փլուզման արդյունքում, և դրանք կարող են ծառայել որպես ապաստարանի մուտք։

Moon cave 2.JPG (97 KB)

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները, մոդելավորելով և մշակելով Լուսնի արհեստական արբանյակ LRO-ի (Lunar Reconnaissance Orbiter) վրա տեղադրված Diviner Lunar Radiometer Experiment սարքի տվյալները, պարզել են, որ Հանգստության ծովում (հենց այստեղ է 1969 թ․ հուլիսի 20-ին ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգն առաջին անգամ ոտք դրել Լուսնի վրա) գտնվող այս խողովակներից մեկում պայմանները համեմատաբար բարենպաստ են: Փոսի ստվերային հատվածում ջերմաստիճանը պահպանվում է մոտ +17 °C-ի սահմաններում, այսինքն՝ այս խոռոչը չի հասցնում ցերեկային ժամերին գերտաքանալ կամ գերսառել գիշերվա ընթացքում։

Միակ դժվարությունն այն է, որ այս խոռոչի հատակը գտնվում է Լուսնի մակերեւույթից 100 մ խորության վրա։ Եվ եթե հնարավոր լինի գտնել այնտեղ մտնելու և դուրս գալու ճանապարհ, ապա մշտական ​​բազայի համար կլիմայի կառավարման այդքան թանկ համակարգի նախագծման և կառուցման կարիք չի լինի։

Հիշեցնենք, որ NASA-ն ներկայումս իրականացնում է Artemis 1 անօդաչու առաքելությունը, որը հաջողությամբ մեկնարկել է նոյեմբերի 16-ին։ Orion տիեզերանավը հնարավորինս (մոտ 130 կմ) մոտեցել է Լուսնին։ Orion-ն իր հետ տիեզերք է տարել երեք մանեկեն, որոնք հագեցած են 5600 սենսորներով, որպեսզի չափեն ճառագայթման մակարդակը։ Դա գիտնականներին կօգնի հասկանալ, թե որքան վտանգավոր են նման թռիչքները տիեզերագնացների համար: Եթե ​​Artemis 1 առաքելությունը հաջողությամբ ավարտվի, ապա դրան կհաջորդի Artemis 2 առաքելությունը, որը տիեզերագնացներին 2024 թ․ կտանի Լուսնի ուղեծիր: Իսկ արդեն 2025 թ․, Artemis 3 առաքելության շրջանակում, տիեզերագնացները կկարողանան նաև վայրէջք կատարել Լուսնի մակերեսին։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ